Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մայիսի 21-ին ստորագրել են համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակցեն նախարարության համակարգում փաստաբանական դպրոցի ունկնդիրների կամ շրջանավարտների համապատասխան պրակտիկայի կազմակերպման, փաստաբանական գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի կազմման, համաժողովների, սեմինարների համատեղ կազմակերպման ուղղություններով:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին համագործակցության հուշագիրը ստորագրելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դրա արդյունքում կողմերի ջանքերը կբազմապատկվեն և յուրաքանչյուր կառույցի առջև դրված խնդիրներն էլ ավելի արդյունավետ կիրականացվեն:
«Փաստաբանական համայնքը ոչ միայն մեր երկրի իրավական համակարգում առանցքային դերակատարություն ունեցող ինստիտուտներից է, այլև մեր ամենօրյա գործունեության կարևորագույն գործընկները, քանի որ փաստաբանները նպաստում են անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Նախարարի խոսքով՝ Փաստաբանների պալատի հետ համագործակցությունն արդեն առարկայական է. մասնավորապես՝ դատական ոլորտում եղել են մի շարք կարգավորումներ և նախադեպեր, որոնք ծնվել են նաև փաստաբան գործընկերների առաջարկությունների հիման վրա:
«Վստահաբար կարող եմ ասել, որ այն առաջարկությունները, մտքերը, որոնք մեր գործընկերները տրամադրում են մեզ՝ կարևոր են և, իրապես, հետաքրության արժանի: Այդ իսկ պատճառով մեր պարտքն ենք համարում ուշադիր և ականջալուր լինել փաստաբանների կարծիքներին»,- ընդգծել է Հովհաննես Մանուկյանը:
Նախարարը նշել է, որ համագործակցության շրջանակում Փաստաբանների պալատից ակնկալում է ստանալ Արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող քաղաքացիների ահազանգերի վերաբերյալ տեղեկատվություն՝ իրավիճակը հասկանալու և նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակն էլ ավելի բարձրացնելու նպատակով:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ նախկինում ունեցած համագործակցությունը և նշել, որ այս հուշագրով այն կմտնի որակապես նոր փուլ:
Նրա խոսքով՝ հուշագրի շահառուն լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, քանի որ փաստաթղթի հիմքում դրվել են մարդն ու մարդու իրավունքների պաշտպանությունը:
«Արդարադատության նախարարության կարևոր առաքելություններից մեկը իրավական ակտերի փորձաքննությունն է, այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը, իրոք, շահագրգռված է այդ ակտերի վերաբերյալ իր կարծիքը հայտնելու առումով»,- ասել է ՓՊ նախագահը և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարությանը այդ հնարավարությունն ընձեռելու համար:
Հուշագրի շրջանակում երկու կառույցները կնշանակեն մեկական պատասխանատու ներկայացուցիչ, ովքեր կհամակարգեն աշխատանքները և ահազանգեր լինելու դեպքում անհապաղ իրենց ղեկավարին կներկայացնեն տեղեկատվությունը՝ համապատասխան առաջարկություններով:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն