Հանրային խորհուրդը ներկայացրել Է հեռուստաեթերի բարեփոխման իր առաջարկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 3-ին հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ովքեր պարզաբանումներ են ներկայացրել զեկուցված հարցերի եւ դրանք ներառող ոլորտներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ օրակարգի շրջանակներում ներկայացվել են հայկական հեռուստաեթերի բարեփոխման վերաբերյալ ՀՀ Հանրային խորհրդի առաջարկությունները, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի նախագիծը, ինչպես նաեւ Արարատյան հարթավայրում ավանդական հոսքային ձկնաբուծական համակարգերից կիսափակ ջրօգտագործման համակարգերի անցման վերաբերյալ հարցը:
Քննարկված հարցերի թվում առաջարկ է ներկայացվել նաեւ ,ՀՀ հանրային խորհրդի մասինե օրենք ունենալու վերաբերյալ: ՀՀ նախագահի կարգադրությամբ, օրենքի նախագիծը մշակելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ կընդգրկվեն ՀՀ ազգային ժողովի եւ կառավարության ներկայացուցիչներ եւս:
Հայկական հեռուստաեթերի բարեփոխման ուղղությամբ Հանրապետության նախագահին ներկայացվել են Հանրային խորհրդի առաջարկները՝ կապված Հանրային հեռուստատեսության եթերային քաղաքականության, Հանրային հեռուստատեսությունում առեւտրային գովազդը սոցիալական գովազդով փոխարինելու, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի լիազորություններն ընդլայնելու, հեռուստաընկերություններին ներկայացվելիք պահանջները հստակ ձեւակերպելու եւ ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք այլ ուղղությունների հետ: Հանրապետության նախագահն ընդունել է Հանրային խորհրդի առաջարկը՝ ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն հեռուստատեսության, գիտության, մշակույթի, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր միասին կաշխատեն բարեփոխումների ծրագիր ներկայացնելու ուղղությամբ:




Լրահոս