Իմունիտետը մարդու ներքին պաշտպանական ուժն է, որը նրան զերծ է պահում թե՛ վարակիչ հիվանդություններից, թե՛ տրամադրության անկումներից: Որքան ամուր է մեր իմունիտետը, այնքան մեզ վստահ ենք զգում, այնքան քչանում է մշտական հիվանդություններ ձեռք բերելու վտանգը, այնքան բարձր է լինում մեր տրամադրությունը:
Արևի լույսի, վիտամինների և հանքանյութերի պակաս, սխալ սնունդ և շրջակա միջավայրի աղտոտվածություն` սրանք են իմունիտետի անկման հիմնական պատճառները: Իսկ ցածր իմունիտետն իր հերթին դառնում է մշտական հոգնածության, հաճախակի գլխացավերի, զանազան հիվանդությունների պատճառ:
Իմունային համակարգի ճիշտ գործունեության համար անհրաժեշտ են հակաօքսիդիչներ: Դրանք են C, A և E վիտամինները, որոնցով հարուստ են ցիտրուսային մրգերը, գազարը, բուսական յուղերը: Օգտակար է սննդի մեջ ներառել ոլոռազգիներ, հունական ընկույզ, լոլիկ: Հանքանյութերի պակասը նույնպես լրացվում է ճիշտ սննդակարգով: Ուշադրություն դարձրեք կանաչ մրգերին ու բանջարեղենին: Օրինակ` անհրաժեշտ հանքանյութեր կարելի է ստանալ, եթե սննդակարգի մեջ ներառեք հազարաթերթիկի տերևներ, կաղամբ, ծնեբեկ: