Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին 2013 թ. պետական բյուջեում հատկացված գումաները բավարար չեն: Այդ մասին այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ինքը բյուջեից լրացուցիչ 14.4 մլն դրամ է խնդրել, որից 11.8 մլն դրամը չի բավարարվել: Նրա տեղեկացմամբ՝ լրացուցիչ գումարները հարկավոր են բժիշկի, սոցիոլոգի, սոցիալական աշխատողի, աուդիտի հաստիքներ ավելացնելու համար, ինչպես նաեւ՝ ներքին գործուղումների համար:
Ըստ Կ. Անդրեասյանի՝ այդ լրացուցիչ հատկացումները բխում են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, մասնավորապես՝ “Խոշտանգումների դեմ միջազգային կոնվենցիայի” անդամ ենք, որը նախատեսում է ազգային կանխարգելման մեխանիզմի ներդրում: Կ. Անդրեասյանն ասաց նաեւ, որ ունի կենտրոնական գրասենյակում 45 հաստիք, 4 հնամաշ ավտոմեքենա ու 48 համակարգիչ, որոնց մեծ մասը նույնպես մաշված են:
Ինչ վերաբերում է արագ արձագանքման ծառայությանն ու մարզային 6 գրասենյակներին, ապա՝ Անդրեասյանի ներկայացմամբ, դրանք գոյատևում են կամավորների ու Եվրամիության դրամաշնորհի հաշվին: Սակայն դրամաշնորհի ժամկետը ավարտվում է 2014 թ., իսկ կամավորներին հնարավոր չէ տարիներ շարունակ զուտ էնտուզիազմի հիման վրա ուղարկել կալանավայրեր, զորամասեր ու ոստիկանական բաժանմունքներ:
Անդրեասյանի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպաններին վարձատրելու համար անհրաժեշտ է 5 մլն դրամ, քանի որ նրանք արդեն հրաժարվում են կամավոր սկզբունքով մասնակցել պետական մարմնի գործունեությանը: “Չի կարող 5-6 մարդ 350 այցելություն կատարի ՔԿՀ-ներ և օրապահիկ չունենա, ՄԻՊ աշխատակազմը ֆինանսավորվում է մինիմալ պահանջների 50 տոկոսով միայն: Դա նաև ազդում է իմ և իմ գործունեության անկախության և ազատության վրա”,- ընդգծեց օմբուդսմենը՝ հավելելով, որ ՄԻՊ աշխատակազմը հավելյալ 3 մլն դրամի փոխարեն գործադիրից խնդրում է 11 մլն 817 հազար դրամ:
ՄԻՊ-ը պաշտոնապես հայտարարեց, որ պետության կողմից այդ գումարը չստանալու դեպքում 2013-ից իրենք դադարեցնելու են իրենց խնդիրները լուծել միջազգային դրամաշնորհներ խնդրելու միջոցով՝ միջազգային բոլոր կազմակերպություններին խորհուրդ տալով այդ դրամաշնորհներն ուղղել հասարակական կազմակերպություններին: Եվ, հետևաբար, ըստ նրա, 2014-ին, հաշվի առնելով նաև այդ դրամաշնորհների բացակայությունը ինքն ավելի լուրջ հավելումներ է խնդրելու պետությունից: