Նոյեմբերի 4-ին Մատենադարանի նորակառույց մասնաշենքի դահլիճում տեղի ունեցան “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ հրավերով ՀՀ-ում գտնվող Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթի (Մեծ Բրիտանիա) և Մարտին Չալֆիի (ԱՄՆ) հանրային դասախոսությունները “Քաղցկեղի հիմնախնդիրը” և “Կանաչ ֆլոուրեսցենտային սպիտակուց` լուսավորելով կյանքը” թեմաներով: Աշխարհահռչակ գիտնականները ներկայացրեցին գիտության վերջին նվաճումները կենսաբանության բնագավառում: Դասախոսություններին ներկա էին գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների շուրջ 200 գիտաշխատողներ, երիտասարդ գիտնականներ և ուսանողներ: Դասախոսությունների ավարտին մասնակիցները հնարավորություն ստացան քննարկել իրենց հուզող հարցերը Նոբելյան մրցանակակիրների հետ: Միջոցառմանը աջակցում էին ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, “Թուֆենկյան” հյուրանոցների ցանցը և Մատենադարանը:
Նույն օրը երեկոյան, ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի աջակցությամբ, տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում Նոբելյան մրցանակակիրների հետ “Ինչպես դառնալ հաջողակ գիտնական” թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին երիտասարդ գիտնականներ և ուսանողներ տարբեր գիտական հիմնարկներից: Նոբելյան մրցանակակիրները իրենց օգտակար խորհուրդներ տվեցին երիտասարդ գիտնականներին, թե ինչպես դիմել միջազգային դրամաշնորհների և ուսումնական ծրագրերի: Կիսվեցին փորձով և ներկայացրեցին գիտահետազոտական գործունեության ընթացքում առաջ եկած խոչնդոտների հաղթահարման իրենց բանաձևը: