Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների ընթացքում սահմանադրության առաջին երկու գլուխները ներկայացվել են երեք գլուխներով: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ բացի առաջին երեք բաժիններից, հանձնաժողովը մյուս բաժինների վերաբերյալ քննարկում չի կազմակերպել և միասնական կարծիք դեռևս չունի: Գ. Հարությունյանի խոսքով, հայեցակարգի մշակման հարցում կարևոր է եղել մարդու իրավունքների հարցը և պետք էր գտնել այնպիսի լուծումներ, որ մարդու ազատություններն ու իրավունքները լինեն առաջնային:
«Մայիսի 18-19-ը Վենետիկի հանձնաժողովի յոթ փորձագետներ իրենց գրավոր կարծիքներն էին ներկայացրել մեր նախագծի վերաբերյալ, կազմակերպվեց հանդիպում: Առաջիկա օրերին հանձնաժողովով կհավաքվենք, կքննարկենք Վենետիկի հանձնաժողովի գնահատականները», – նշեց նա՝ հավելելով, որ այդ երեք գլուխներն այնուհետև կներկայացվեն հանրությանը:
ՍԴ նախագահը ընդգծեց, թե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի երեկվա նիստում հանձնարարել է մինչև մայիսի 26-ը հանձնաժողովին ներկայացնել մյուս գլուխների վերաբերյալ իրենց տարբերակները: «Առայժմ առկա են 4 և 6 բաժինների վերաբերյալ տեղեկություններ: Մայիսի 28-29-ին ամբողջական աշխատանք է տարվելու հանձնաժողովի անդամների հետ», – հավելեց նա:
Անդրադառնալով քաղաքական ուժերի հետ հանդիպումներին՝ նա նշեց, որ մինչ այժմ իրենք հանդիպել են ՀՅԴ-ի և Ազգային ինքնորոշում միավորման հետ, որի ժամանակ մանրամասնորեն քննարկվել են նրանց կողմից ներկայացված առաջարկները: ՍԴ նախագահի խոսքով, իրենք հանդիպում են ունեցել նաև ԲՀԿ-ի հետ, ովքեր վերապահումով են մոտեցել աշխատանքներին և պատրաստակամություն են հայտնել բովանդակային քննարկում կատարել միայն այն բաժինների դեպքում, որոնք չեն վերաբերում կառավարման համակարգի փոփոխությանը:
«Եթե նրանք և ցանկացած այլ կուսակցություն ցանկություն հայտնի բովանդակային քննարկման, հանձնաժողովը պատրաստ է», – եզրափակեց նա: