Կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որևէ բովանդակային քննարկում չի կազմակերպել: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, թե կարևոր է այնպիսի խորհրդարանական կառավարման համակարգի մոդել ներկայացնել, որը կլինի կայունության և՛ ներքին, և՛ արտաքին անվտանգության երաշխավոր:
ՍԴ նախագահը հավելեց, որ քննարկումների արդյունքում ՀՀ նախագահին կներկայացվեն խորհրդարանական համակարգի երաշխիքները և եթե քաղաքական որոշում կայացվի ընտրել այդ տարբերակը, դա կներկայացվի, եթե ոչ` դա կարող է դառնալ քննարկման առարկա:
«Կառավարման մոդելի տարբերակի ընտրությունը քաղաքական խնդիր է կամ լուրջ քաղաքական տարր է պարունակում: Տրամաբանական չի լինի, որպեսզի նախաձեռնող սուբյեկտը ներկայացնի երկու տարբերակ, ասի` Ազգային ժողով, որն ուզում եք ընտրեք», – նշեց նա՝ հավելելով, թե այդ դեպքում պետք է նախաձեռնող դառնա Ազգային ժողովը, բայց նախաձեռնող սուբյեկտ հանդիսանում է ՀՀ նախագահը: