ՀՅԴ-ն էլէկտրաէներգիայի թանկացման դեմ ամսի 27-ի բողոքի մեծ ցույցին մասնակցելու վերաբերյալ որևէ քննարկում չի անցկացրել: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Սակայն, մենք ունենք ակտիվ երիտասարդներ, համակիրներ, ովքեր ևս իրենց դժգոհությունն են արտահայտում: Բայց կուսակցությունում այդ հարցը չի քննարկվել»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ կքննարկվի անպայման:
Հարցին՝ հնարավոր է այս հարցի հետ կապված քառյակ կամ եռյակ նորից ձևավորվի, Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք չեն բացառում որևէ ուժի հետ համագործակցությունը, բայց դա պետք է լինի որոշակի հարցի շուրջ: «Մենք երբեք չենք բացառում համագործակցությունը: Սակայն յուրաքանչյուր համագործակցութուն պետք լինի որոշակի հարցի շուրջ: Մեր համար տաբու չկա դրված»,- ասաց Մինասյանը: