Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է երեկ մեկնարկած Ռիգայի գագաթաժողովին և ներկայացրել իր դիտարկումները: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«ԵԺԿ երեկվա հռչակագիրը Ուկրաինայի հարցում բավանին կոշտ շեշտադրումներ ունի Ռուսաստանի հասցեին: Հայաստանը վերապահումներով է միացել այդ հռչակագրին: Դատելով Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից, վերապահումները թերևս հենց հակառուսական դրույթներին են վերաբերում: Եվրոպամետ մեսիջների բազմազանության մեջ տեսանելի է ելույթի Ուկրաինական խնդրին վերաբերող հատվածի վերջում տեղ գտած բավականին կոշտ ձևակերպումը.
«Ուկրաինայի իրավիճակի լիարժեք կարգավորումը առանցքային նշանակություն ունի թե՛ երկրի հետագայի համար, թե՛ միջազգային առկա լարվածության լիցքաթափման համար: Ես հույս ունեմ, որ այստեղ ևս կհաղթանակի հեռուն նայելու և ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու և միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը: Ցավոք, նման նշաններ ես տեսնում եմ նաև ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ»:
Կարճ ասած, Սերժ Սարգսյանը ԵԺԿ-ում ստանձնել է ռուսների փաստաբանի դերը և հայտարարում է, որ Ռուսաստանին փնովել չի կարելի: Իմ կարծիքով, դժվար է գնահատել, թե որքանով արդյունավետ մարտավարություն է սա»: