Այն ժամանակ ես այսպես չէի պատկերացնում այսօրվա Հայաստանը. Կոմանդոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի ծննդյան օրն է: Կոմանդոսը խորհրդային այն սպաներից մեկն է, որոնք Արցախյան պատերազմի սկզբից ևեթ գլխավորել են հայկական ջոկատների պայքարը։ Ազատամարտի ընթացքում նրա ամենավառ հաղթանակը Շուշիի ազատագրումն է, որն ունեցավ մեծ հոգեբանական և ռազմավարական ազդեցություն պայքարի հետագա ընթացքի վրա։ Տեր-Թադևոսյանն իր ռազմական, ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։

Armlur.am-ի հետ զրույցում գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը հակասական զգացմունքներ արտահայտեց իր ապրած կյանքի և ներկայի վերաբերյալ:

-Պարոն գեներալ-մայոր, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ի՞նչ հետաքրքիր դրվագ կվերհիշեք Ձեր ծննդյան տարեդարձից:

-Շնորհակալություն: Ես այն քիչ մարդկանցից մեկն եմ, ով սիրում է իր ծննդյան օրը (խմբ. ծիծաղում է): Հիշում եմ՝ երկար տարիներ առաջ Շուշիի ազատագրական պայքարի ժամանակներն էին, մայիսի 22-ն էր: Որոշել էի՝ ոչ մեկին չասեի, որ ծնունդս է, լուռ օրն անց էինք կացնում: Եթե ասեի, պիտի բոլոր փամփուշտները օդում կրակեին, մի բան անեին, իսկ մեզ դա պետք էր օդ ու ջրի պես: Ու այդպես լուռ մնացի, բայց դե օրվա վերջում իմացան:

-Կցանկանայի՞ք ինչ-որ բան փոխել Ձեր կյանքում:

-Երևի հիմա մարդիկ մտածում են` կերազեի ինչ-որ ուրիշ մասնագիտություն ունենայի, ուրիշ ձև կյանքս դասավորվեր: Բայց ես չեմ փոշմանում: Իհարկե, ընկերներիս հետ էլ Շուշի ենք ազատագրել, դա փոքր բան չէ: Շատ կուզենայի, որ հիմա շատերի կյանքն ուրիշ ձև դասավորվեր, կարիքավորները քիչ լինեին, բայց… Նրանք տարիներ հետո կասեն, որ շատ բան պետք է փոխվեր իրենց կյանքում:

-Ի՞նչ է պետք, որպեսզի մարդիկ նման մտքեր տարիներ անց չունենան:

-Հիմա դե մարդիկ ասում են՝ իշխանություններն են մեղավոր, նրանք էլ ասում են` ժողովուրդն է մեղավոր: Չէի ցանկանա, որ մեր այսօրվա օրն այսպիսին լիներ, այն ժամանակ ես այսպես չէի պատկերացնում այսօրվա Հայաստանը: Ամեն մեկս էլ մի բան պետք է անենք, որ լավ լինի, մարդիկ էլ կարիքներ չունենան:

-Այսօր նաև ֆրանսահայ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Ի՞նչ կմաղթեք նրան:

-Շնորհավորում եմ Շառլ Ազնավուրին: Մաղթում եմ, որ նրա ձայնը միշտ անսպառ լինի, միշտ ուրախացնի մեզ, միշտ լսենք նրան: Այսօր ընկերներս որ զանգում են ինձ, ասում են Շառլին էլ ենք զանգել, քեզ փոխանցենք նրան ուղղված մաղթանքները: Իհարկե, կատակում են: Նա բոլոր հայերի համար հպարտություն է: Մենք պետք է ուրախ լինենք, որ Շառլ Ազնավուրի պես հայ կա աշխարհում:

-Իսկ ի՞նչ կմաղթեք ինքներդ Ձեզ:

-(Ծիծաղում է) Դժվարանում եմ ինչ-որ բան մաղթել: Թող որ մեր երկրում անհոգ ժպիտները շատանան: Դա բավական է:

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս