«Բարոյական հանցագործություն են կատարել». Շանթ Ոսկերչյանը Երևան էր գալու՝ սատարելու ՀԽ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին Երևան Զվարթնոց օդանավակայանից թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ:

Նշվածի վերաբերյալ «Հիմնադիր խորհրդարանում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀԽ պատգամավոր Վարուժան Ավետիսյանը նշեց՝ Շանթ Ոսկերչյանը իրենց փոխանցել է, որ ավելի մեծ ուժով է պայքարելու այս «ապազգային ռեժիմի դեմ»:

Ավետիսյանի խոսքով՝ Ոսկերչյանի նկատմամբ ապօրինի գործողություններ են կատարվել: «Նրա նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, նա զրկվել է ՀՀ-ում գտնվող իր սեփականության օգտագործման իրավունքից: Շ. Ոսկերչյանը Հայաստանում մասնակցելու էր մայիսի 30-ի հանրահավաքին: Այս երևույթը նույնպես ի հակադրություն է «արի տուն ծրագրի»: Եթե մենք ուզում ենք, պետություն ունենալ, արևի տակ մեր տեղը ունենալ, պետք է ցեղասպանություն իրականացնող այս ռեժիմից օր առաջ ազատվենք»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Armlur.am-ի հարցին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը դիմե՞լ են, քանի որ Ոսկերչյանը Ֆրանսիայի քաղաքացի է, Վ. Ավետիսյանը նշեց. «Մենք դիմեցինք, այնտեղ մեզ խոստացան միջոցներ ձեռնարկել, սակայն ինչպես տեսնում եք, միջոցները գործուն չեն եղել և հատուկ ծառայությունները չեն թողել պարոն Ոսկերչյանին մտնել Հայաստան: Մենք կոչ ենք անում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը ավելի գործուն քայլեր կատարել և պաշտպանել իր քաղաքացիների շահերը: Նրանք Հայաստանից վտարել են, դա բարոյական հանցագործություն է նաև: Այս ռեժիմի պատճառով է, որ Շանթ Ոսկերչյանը և իր նման մարդիկ այսօր ՀՀ-ում չեն և ՀՀ քաղաքացի չեն: Շանթ Ոսկերչյանը պնդել է, որ համապատասխան քայլերի կդիմի, մենք էլ մեր ուժերի չափով կօգնենք»,- ընդգծեց Վարուժան Ավետիսյանը:

Նա հավելեց, որ Շանթ Ոսկերչյանն ավելի վաղ երբ եկել էր Հայաստան, նրան զննել են և փորձել են ինչ-որ ձևով խոչընդոտել. «Այդ ժամանակ պարոն Ոսկերչյանը ասում էր, որ մայիսի 30-ի հետ կապված իր Երևան գալը կխոչընդոտեն, բայց որ չեն թողի մտնել հայրենիք, դա չէր կարող պատկերացնել»:

ՀԽ անդամն ասաց, որ ԱԱԾ-ին չեն դիմել, քանի որ չեն սպասում այնտեղից որևէ նորմալ պատասխան կտրվի: Այլ մանրամասների այս պահին ՀԽ-ն չի տիրապետում. «Երբ Շանթ Ոսկերչյանի հետ խոսենք, այդ ժամանակ բոլոր ճշգրտումները կանենք»:




Լրահոս