ՀԱՆՈՒՆ ԳՐԱՆՏԻ՝ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՏԻՊՈՂԱԲԱՐ ՄԻԱՎՈՐԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս կիրակի Սյունիքի, Տավուշի եւ Լոռու մարզերի թվով 22 համայնքներում տեղի ունեցան տեղական հանրաքվեներ համայնքների խոշորացման համար: Իրավական տեսանկյունից բոլոր երեք մարզերում էլ հանրաքվեները կայացել են, եւ հանրաքվեի դրված հարցն էլ ընդունվել է: Սակայն խոշորացման ծրագրում ներառված համայնքներում քվեարկության առանձին արդյունքները հաշվի առնելով՝ տեսնում ենք, որ մարզերից առնվազն երկուսում խնդիրներ կան, որի մասին «Ժողովուրդ»-ը վաղուց էր կանխատեսել: Մասնավորապես, Լոռու մարզում քվեարկությանը մասնակցած ընտրողների մեծամասնությունը կողմ է արտահայտվել յոթ գյուղերի միավորմանը, որի շրջկենտրոնը պետք է լինի Թումանյան համայնքը: Բայց մյուս կողմից Աթան, Ահնիձոր եւ Շամուտ համայնքները առանձին-առանձին միավորմանը դեմ են եղել: Ստացվում է՝ երեք գյուղեր միավորվեցին Թումանյան համայնքին՝ հակառակ իրենց ցանկության: Նույն իրավիճակն է նաեւ Տավուշում, այստեղ էլ քվեարկածների մեծամասնությունը կողմ է միավորմանը, սակայն Հաղարծին, Թեղուտ եւ Գոշ համայնքները դեմ են եղել: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ արեւմտյան պահանջներից մեկն էլ կատարվեց, եւ ՀՀ Կառավարությունը գյուղերին ստիպողաբար միավորեց՝ հանուն մի քանի միլիոն դոլարանոց գրանտային ծրագրի: Հաշվի չառնվեց փաստը, որ այդ միավորումը մոտ ապագայում ուղղակի կբերի շատ գյուղերի վերացմանը. կտարրալուծվեն խոշորների հետ եւ կկորչեն: Ու այս իրավիճակում մի հարց է առաջանում՝ արդյո՞ք մյուս մարզերի դեպքում էլ պետք է տրվել գրանտային հաճույքներին, թե, այնուամենայնիվ, կթողնեն հանգիստ ապրել, քանի որ մյուս մարզերում աղմուկն անհամեմատ մեծ է լինելու:

 

 

 

 

Չարենցավանի մի մասը շաբաթ օրը հոսանքազրկված է եղել: Ընդ որում, էլեկտրաէներգիան անջատել են առանց նախազգուշացման: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անբարեխիղճ գործունեության հետեւանքով քաղաքի թիվ 2 դպրոցում նախատեսված միջոցառումը դպրոցի տնօրենը ստիպված հետաձգել է: Նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն, իհարկե, ոչինչ չի արել՝ հավանաբար մխիթարվելով իրողությամբ, որ մարզերում առանց զգուշացման հոսանքազրկումները բավական տարածված երեւույթ են: Բայց երբ իրավիճակը դիտարկում ենք ՀԷՑ-ի ախորժակի ֆոնին, տխուր պատկեր է ստացվում: Պատկերացնո՞ւմ եք՝ ՀԵՑ-ը տարեկան միլիոնավոր եւ միլիարդավոր դրամներ է վատնում թանկարժեք ավտոմեքենաների, ինչ-որ տներ վարձակալելու վրա, իսկ բաշխիչ ցանցի համակարգի բարելավման եւ անխափան աշխատանքն ապահովելու համար գումար չունի: Իսկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը պարտավոր է հետեւել իր կողմից լիցենզավորված ընկերության գործունեությանը, դարձել է միայն սակագին բարձրացնող կառույց: Իսկ ՀԷՑ-ը շարունակում է լկտիանալ:

 

 

 

 

Հայաստանի քաղաքական լրահոսի անբաժանելի մաս են կազմում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տարաբնույթ խնջույքների մասին լուրերը: Օրինակ՝ շաբաթ օրը նա մասնակցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանի ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված կերուխումին, որը տեղի է ունեցել «Բելաջիո» ռեստորանային համալիրում: Ըստ լուրերի, Սերժ Սարգսյանը մոտ երեք ժամ մի լավ «քեֆ» է արել եւ գնացել տուն: Այնպիսի տպավորություն է, որ թե Սարգսյանը հարսանիքի, կնունքի, ծնունդի եւ «բանակի քեֆի» մասնակցելու ոչ մի առիթ բաց չի թողնում: Նույնիսկ անեկդոտ է շրջում, թե Սարգսյանն առավոտյան արթնանում է եւ տիկնոջից՝ Ռիտա Սարգսյանից հետաքրքրվում՝ այսօր հարսանիք ունե՞նք գնալու, տիկինը պատասխանում է՝ ոչ, իսկ կնո՞ւնք, դարձյալ՝ ոչ: «Լավ, բա ատամհատիկ էլ չկա»,- կատակում է Սարգսյանն ու գնում ՀՀ նախագահի նստավայր՝ աշխատելու:

 

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, թե իբր իր եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի միջեւ հակասություն չկա, այլ ընդամենը աշխատանքային տարաձայնություններ են, որոնք միշտ էլ եղել են: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ մի կողմից Աղվան Հովսեփյանը «ներքին կարգով» ամեն ինչ անում է Գեւորգ Կոստանյանի պաշտոնավարումը «հարամելու» համար, մյուս կողմից էլ Կոստանյանն է անվերջ «կսմիթում» նրան: ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելու օրվանից ակնարկում է, թե Հովսեփյանի ղեկավարած տարիներին դատախազությունը եղել է ամենակոռումպացված կառույցը, եւ ինքն անողոք պայքար է սկսել դրա դեմ: Ա. Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ այս հարցի շուրջ զրուցելիս հայտնեց. «Ես որեւէ խնդիր չեմ տեսնում: ԶԼՄ-ներում առաջ քաշված այդ հարցը ամբողջությամբ արհեստածին է»:

 

 

 

 

 

ՄԱՍՇՏԱԲՆԵՐՈՎ ԵՆ ՏԱՐԲԵՐ

Ադրբեջանում կարծես թե սկսել են հասկանալ, որ հայր եւ որդի Ալիեւների պաշտամունքը քաղաքակիրթ աշխարհում լավ չի ընկալվում, եւ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի նախաշեմին փորձում են ձերբազատվել սուլթանական ատրիբուտիկայից: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այս օրերին քաղաքային իշխանությունները համատարած կերպով Բաքվի փողոցներից հանում են հայր եւ որդի Ալիեւների նկարները, ապամոնտաժվում են նաեւ ստորգետնյա անցումներում ոսկյա եւ բրոնզե տառերով գրված ալիեւական «իմաստություններից» մեջբերումները։
Դժվար է ասել՝ սպորտային այս միջոցառումից հետո, երբ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հարյուրավոր լրագրողներն ու պատվիրակությունները կհեռանան, արդյոք ալիեւների կիսադեմերն ու մտքի «գոհարները» դարձյալ կհեղեղեն Բաքվի փողոցները, սակայն արդեն իսկ այն փաստը, որ քաղաքային իշխանությունների «դուխը» հերիքել է, թեկուզ ժամանակավոր, դիպչել ազերիների սրբության սրբոցին` Հեյդար «բաբային», աննախադեպ է: Հիշեցնենք, որ նախկինում Ադրբեջանը բողոքի նոտաներ էր շաղ տալիս կամ անգամ իր դեսպանին կանչում ետ` միայն այն բանի համար, որ այս կամ այն երկրում, օրինակ՝ Արգենտինայում կամ Կանադայում, Հեյդարի արձանը ապամոնտաժվում էր կամ էլ նախատեսված վայրում չէր կանգնեցվում:
Հայաստանում, փառք Աստծո, առայժմ անձի պաշտամունքի նման անհեթեթ դրսեւորումներ չկան, որեւէ մեկի նկարները կամ արձանները կանգնեցված չեն, եւ, առհասարակ, այս հարցում դժվար է զուգահեռներ տանել: Սակայն դա դեռ չի նշանակում, թե մեր իշխանությունները չունեն նման ցանկություն: Իրականում լավ էլ ունեն, պարզապես իրավիճակներն ու իշխանության գալու ճանապարհներն են տարբեր: Եւ ամենակարեւորը` ժողովրդի մտածողությունն է ուրիշ, մենք թագավոր չսիրող ազգ ենք. 600 տարի պետություն չունեցած, տեղական իշխանիկների ու բդեշխների տիրապետության տակ ապրած ժողովուրդ ենք: Դրա համար էլ մեր իշխանությունները ֆեոդալապետության կառուցումը սկսում են լոկալ` քաղաքային եւ մարզային մակարդակներից` տեղական իշխանիկների եւ բդեշխների` մեր ժողովրդի մտածողությանն ավելի մոտ ֆեոդալական ինստիտուտների ամրապնդումից: Եվ դատելով Սյունիքի մարզի, Աբովյանի, Արտաշատի եւ Էջմիածնի փորձից` դա բավականին հաջող ստացվում է, համենայն դեպս, հանրությունն ու քաղաքական ուժերը գրեթե զրոյական հակազդեցություն են ցուցաբերում:
Եվ եթե հարցին մոտենանք ըստ էության, ապա դժվար է ասել, թե որն է տարբերությունը տեղական իշխանիկների` արդեն հորից որդուն, կամ աներոջից փեսային փոխանցվող այս համակարգի եւ հորից որդուն փոխանցվող հսկայական սուլթանատի միջեւ: Բովանդակային առումով նույն բանն է, ընդամենը մասշտաբներն են տարբեր:




Լրահոս