ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՆՊԱՏԱԿԸ ԳՈՂԱՆԱԼՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օրենսդիրներին ներկայացրեց քառօրյայում քննարկվելիք հարցերը, խորհրդարանում իսկական խառնաշփոթ սկսվեց: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վարման կարգի հետ կապված ձայն խնդրեց եւ հայտարարեց, թե ոչ իշխանական խմբակցությունները որոշել են խորհրդարանական լսումներ անցկացնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ: Պատգամավորի հայտարարությունից հետո ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները ձայն խնդրեցին՝ նույն հարցի հետ կապված իրենց տեսակետը բարձրաձայնելու համար, ինչից Գ. Սահակյանը վրդովվեց ու հերթով անջատեց պատգամավորների խոսափողները: Բանը հասավ նրան, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը բարկացավ ու լքեց նիստերի դահլիճը:

Նախ` ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «ԲՀԿ դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ օր առաջ կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ դրանց հրավիրելով Էներգետիկայի նախարարին ու հայտ ներկայացնողներին, որոնք, ըստ իրենց, վնասներով են աշխատել, սակայն մազոխիստաբար շարունակում են չհրաժարվել այդ ծառայությունից: Հորդորում ենք՝ այս հարցը դարձնել ԱԺ նախաձեռնություն ու բոլոր շահագրգիռ կողմերով քննարկումներ անել՝ պարզելու համար, թե ինչ հաշվարկների հիման վրա են պնդում, որ սակագնի թանկացումը պետք է»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով պատգամավորի հայտարարությանը, նշեց, թե երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստ լինի, այդ ժամանակ իրենք լսումներ կկազմակերպեն: Այնուհետեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք հիմա պետք է նախապես քննարկումներ իրականացնեինք, թե ինչու են ՀՀ էներգետիկ ցանցերը 300 մլն-ի պարտք կուտակել: ՀԷՑ-ի ղեկավարության պարզաբանումներից պարզ է դառնում, որ իրենց լեքսուսների ու աստղաբաշխական թվերով ձեռք բերված հողատարածքների համար սպառողները պետք է վճարեն»: Նույն հարցի հետ կապված խոսեցին նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ու ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ինչից հետո Գ. Սահակյանը հորդորեց անջատել բոլոր այն պատգամավորների խոսափողները, որոնք կխոսեն էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Իրավիճակն այնքան թեժացավ, որ Հեղինե Բիշարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց` միմյանց հասկանալու համար:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու իշխող Հանրապետական կուսակցությունը չի ցանկանում օրակարգային հարց դարձնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդիրը:
-Պարո՛ն Արսենյան, Դուք եւս հորդորեցիք ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին չանջատել պատգամավորների խոսափողները, երբ վերջիններս բարձրաձայնում էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, սակայն ապարդյուն: Իշխող Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ հարցը չքննարկվի ու ԱԺ օրակարգ «չբերվի»: Ինչո՞ւ, ըստ Ձեզ՝ ի՞նչն է նրանց մտահոգում, չե՞ն կարողանալու հիմնավորել այդ թանկացումը:
-Իշխանությունը ցանկանում է հարցը քննարկել, բայց ասում է՝ ոչ հիմա: Դե, Գալուստ Սահակյանը միայն իշխանություն չի ներկայացնում, պառլամենտի նիստ էր, ինքն էլ փորձում էր այն բերել իր համար հասկանալի ֆորմատի: Իսկ մտավախությունն էլ այն է, որ սպասվում է կյանքի էական թանկացում ու, բնականաբար, իշխանությունն էլ դրա համար մտահոգություն ունի: Ընդդիմությունը չի դրա պատասխանատուն, պատասխանատուն իշխանությունն է, դրա համար էլ իրենք անհանգիստ են:
-Իսկ ի՞նչ է փոխվելու, եթե այդ հարցը օրենսդիրները քննարկեն, արդյո՞ք դա կասեցնելու է էլեկտրաէներգիայի թանկացումը:
-Ոչ մի բան էլ չի փոխվելու: Ուղղակի այդ քննարկման ֆորմուլան ու ֆորմատը պետք է ուրիշ ձեւ ու ուրիշ տեղ լինի ու պատկան մարմինների միջոցով, որովհետեւ այնտեղ համատարած կողոպուտ է, համատարած գողություն է, ու այնտեղ գործում է կազմակերպված հանցագործ խմբավորում: Դա իմ կողմից տասնյակ անգամ հնչեցրած թեզ է: Գողանում են, իրենց տները լավ պահում են, իրենց կապիտալները ավելացնում են, հիմնարկը հասցնում են սննակության եզրին, որպեսզի հետո էլ գան` ասեն, ժողովո՛ւրդ, եկե՛ք, այս պարտքերը փակե՛ք, սենց չի լինում: Քանի որ բնական մենաշնորհի մասին է խոսքը, որ մեկին անես, մյուսին ասես… շատ պարզ սխեմա է, ու հիմա պետք չէ ինչ-որ բաներ փնտրել այդտեղ՝ տնտեսվարման փայլուն կամ վատ դրսեւորումներ, պարզ սխեմա է, իսկ դրա շուրջ ամեն ինչ պլանավորվում ու իրագործվում է:
-Դուք ի՞նչ ակնկալիքներ ուենք այդ քննարկումներից ու պատկան մարմինների հիմնավորումներից:
-Քանի որ այդ հարցի հետ կապված պատասխանները ես գիտեմ, դրա համար չեմ պատկերացնում, որ իրենք պետք է գան այստեղ եւ մեզ բացատրեն ինչ-որ բաներ, որոնք մեզ համար նորություն կամ շոկ կլինեն: Պարզապես գողանում են, այդ մարդիկ ֆունկցիոնալ նպատակ ունեն` գողոնալ, որովհետեւ վերահսկողությունը շատ կասկածելի մակարդակում է գտնվում, ու այդ մարդիկ հանգիստ նստած գողանում են ու տարիներով պարտքեր են կուտակում: Իսկ ՀՀ-ում ձեւավորված ավանդույթ կա՝ այդ գողացողներից ոչ ոք չի հայտնվում բանտում կամ չի վերադարձնում իր գողացածը:
-Այսինքն՝ ըստ Ձեզ` անկախ որեւէ քննարկումից կամ բարձրաձայնումից, միեւնույն է` սակագնի թանկացումն անխուսափելի՞ է:
-Այլ ճանապարհ չունենք. կա՛մ իրենք իրենց տանից իրենց գողացածը պետք է բերեն, կա՛մ էլ ժողովրդին պետք է ասեն՝ եկե՛ք, մեր գողացածը փակե՛ք: Բնականաբար, երկրորդն իրենց համար շատ ավելի նախընտրելի է: Մենք բարձրաձայնում ենք դրա մասին, որովհետեւ մենք ժողովրդի կողմից լիազորություն ստացած մարդ ենք: Մենք, ի վերջո, պետք է ասենք` մենք տեսնում ենք, որ դուք գողանում եք, այնպես չէ, որ դուք գողանում եք, մենք էլ էշ ենք, չէ, մենք տեսնում ենք, որ դուք գողանում եք, եւ դրա մասին ասում ենք:

 

 

 

 

 
«ԿԲ-Ն ԷԼ ՈՒԶՈՒՄ Է ԻՆՁ ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ՎԱՌԵԼ»

Երեկ խորհրդարանում քվեարկության դրվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Եւ չնայած հօգուտ նախագծի Հ. Բագրատյանի ներկայացրած փաստարկներին` այն այդպես էլ օրակարգ չմտավ, քանզի օրենսդիրները դեմ քվեարկեցին:

Նախքան քվեարկությունը, ընդդիմադիր պատգամավորը հանդես եկավ հայտարարությամբ: «Սրանից 1.5 տարի առաջ մերժեցիք երաշխիքները որպես պետական պարտք քննարկելու օրենսդրական նախաձեռնությունը, այսօր ստացանք 450 մլն դոլար պարտք «Նաիրիտ»-ում: Կարող էր 100 մլն դոլար պակաս լինել: Այս քննարկումները ցույց տվեցին, որ ԿԲ-ն ընդհանրապես իրավիճակին չի տիրապետում: Բացատրություններն ինձ համար առնվազն տարօրինակ են թվացել: Ուզում եք՝ կողմ քվեարկեք, ուզում եք՝ դեմ քվեարկեք,-հայտարարեց Բագրատյանը, ապա հավելեց,- այս մոլորակի վրա գոյություն չունի մի բանական արարած, որն ասի, թե ինչու պետք է դեմ քվեարկել այս նախագծին: Հնարավոր չի որեւէ փաստարկ բերել: Այնուամենայնիվ, Հայաստանում փաստարկներ բերեցին, կարծես ես Գալիլեյն եմ, կամ Կոպեռնիկոսը, ԿԲ-ն էլ ուզում է ինձ խարույկի վրա վառի: Պետք չի այդպիսի բան անել: Նորմալ բան է առաջարկվում»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է Հրանտ Բագրատյանի նախագծին: ԲՀԿ-ական պատգամավորն այնքան բարձ տոնով էր խոսում, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ստիպված եղավ միջամտել` Մ. Մելքումյանին հորդորելով «ցածր» խոսել, քանի որ իրենք շատ լավ են լսում: Այնուհետեւ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ելույթ ունեցավ ու նշեց, թե նախագծում վիճահարույց հարցեր կան. «Բայց խնդիրն օրակարգային է, այնպես որ, հորդորում եմ կողմ քվեարկել, այն ընդգրկել օրակարգում, այնուհետեւ կքննարկենք մանրամասները»:
Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության եւ 55 դեմ, 44 կողմ ձայներով չընդգրկվեց օրակարգ: Նշենք, որ նախորդ շաբաթ էլ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նույն նախագծին բացասական եզրակացություն էր տվել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

ԱՎՏՈԿԱՅԱՆԸ՝ «ԴՈՒՔՅԱՆ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սահակյանի որդին` Կարեն Սահակյանը, գնել է քաղաքի ավտոկայանի շենքը եւ պատրաստվում է այն վերածել հարսանյաց սրահի: Երբ փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Սահակյանից, նա հարցը լսելուն պես անմիջապես անջատեց հեռախոսը: Տպավորություն էր, թե վախենում է խոսել հարազատ տղայի կամ ընտանեկան ծրագրերի մասին:
Իսկ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ավտոկայանն արդեն 20-30 տարի է՝ չի շահագործվում, եւ այնտեղ ոչ մի տեսակի շինաշխատանքներ չեն իրականացվում: Նրա խոսքերով՝ ավտոկայանը գտնվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության տակ, եւ իրենք հարսանյաց սրահ կառուցելու մասին ոչ մի փաստաթուղթ չեն ստացել եւ չեն մակագրել: Իսկ հրազդանցիների շրջանում վաղուց արդեն այդ մասին լուրեր են շրջանառվում:
Այսպիսով, ՀՀ քաղաքացիների համար քաղաքակիրթ պայմաններ ապահովելու խոստումները հօդս են ցնդում, եւ յուրաքանչյուր ոք կարող է վերցնել պետական նշանակության օբյեկտները եւ դարձնել իր «դուքյանը»: Ոչինչ, որ հրազդանցիները ավտոկայանից չեն երթեւեկի այլ քաղաքներ. փողոցում էլ կարելի է դա կազմակերպել, կարեւորը փողն է ու հնարավորինս շատ:

 

ՎԵՐԱՀՍԿՈՂԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը 2014 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ունի 1 մլն դրամ, 5 հազար դոլար եւ 80 հազար եվրո դրամական միջոց: Բայց միայն անցյալ տարվա ընթացքում նա պաշտոնապես ստացել է 4 մլն 353 հազար դրամ աշխատավարձ: Թե ինչպես է այդքան գումար կուտակել, թերեւս դժվար չէ կռահել: Գրիգորյանի կինը` Արմինե Քոչարյանը, անցած տարի 68 մլն դրամով գնել է բնակարան, իսկ 60 մլն 200 հազար դրամով ինչ-որ բնակարան է օտարել: Հրապարակված տվյալներից պարզ չէ՝ նույն բնակարանի մասի՞ն է խոսքը, թե՞ ոչ: Բայց դժվար թե Կառավարության վերահսկողականի ղեկավարի կինը նման բիզնես անի` թանկով բնակարան գնի, էժանով վաճառի:
Ինչեւէ, տեղեկացնենք նաեւ, որ Գրիգորյանի կինն անցած տարի 100 հազար եվրոյով ինչ-որ նկարներ է գնել: Բայց այսքանից հետո անցած տարվա դրությամբ 45 մլն դրամ ունի, 100 հազար եվրո էլ եկամուտ:




Լրահոս