Նոյեմբերի 17-ին կանցկացվի աշնանային ծառատունկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 17-ը հայտարարվել է աշնանային ծառատունկի օր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծառատունկին ապահովել ոչ միայն քաղաքապետարանի ենթակայության կառույցների, այլեւ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությունը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է չորացած եւ վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտումն ու ձեւավորումը:  Առաջարկվել է էտման աշխատանքներ կազմակերպել նաեւ մայրաքաղաքի ճանապարհային երթեւեկության այն հատվածներում, որտեղ ծառերի ճյուղերը խոչընդոտում են լուսացույցերի բնականոն աշխատանքին:
Մանկապարտեզներում շարունակում են ստուգայցերը  մատակարարվող սննդի որակի ապահովման ուղղությամբ: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 65 մանկապարտեզներում իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված թերություններով եւ խախտումներով պայմանավորված 3 տնօրեն ազատվել է աշխատանքից, եւս 4-ը ենթարկվել են կարգապահական տույժի: Զեկուցվել է նաեւ, որ հետեւողական աշխատանքի շնորհիվ վերջին մեկ տարում դրական տեղաշարժ է արձանագրվել սննդի պատշաճ որակի ապահովման, սանիտարական նորմերի պահպանման, ինչպես նաեւ ընդհանուր սպասարկման մասով:
Մայրաքաղաքի չջեռուցվող եւ մասնակի ջեռուցվող դպրոցներում ջեռուցում ապահովելու նպատակով տարվող աշխատանքներին զուգընթաց Տարոն Մարգարյանը հանձնարարել է ավարտին հասցնել փաստաթղթային ձեւակերպումները, որպեսզի ջեռուցման սեզոնին դպրոցները լիարժեք պատրաստ լինեն համակարգերի շահագործմանը:
Երեւան քաղաքի տարածքում գտնվող կառուցապատման ենթակա տարածքների կառուցապատողների կողմից դադարեցված շինաշխատանքները շարունակելու նպատակով ձեռնարկված միջոցների հետ կապված` իրաբավանական վարչության պետը զեկուցել է, որ համապատասխան կազմակերպություններին ծանուցումներ են ուղարկվելու` առավելագույնը մեկամսյա ժամկետում քաղաքաշինական նոր հայտ ներկայացնելու համար, հակառակ դեպքում դատական կարգով կդադարեցվեն դրանց հողի նկատմամբ իրավունքները:
Մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման, փոսանորոգման եւ ճաքալցման աշխատանքները: Շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա հսկողությունն ու Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ  միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
Գույքագրվում, թարմացվում եւ փոխվում են մայրաքաղաքում առկա ճանապարհային երթեւեկության վնասված նշանները: Հանձնարարվել է գույքագրել կահավորման կարիք ունեցող կանգառասրահները` այդ աշխատանքները հաջորդ  տարվա ծրագրերում նախատեսելու համար:
Երեւանի ավագանու նիստում բարձրացված հարցի հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի առանձին փողոցների ճանապարհային նշանների համապատասխանությունը տվյալ փողոցներում տեղադրված արձանագրման տեսախցիկների եւ  արագաչափերի աշխատանքների հետ:
“Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն” ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ էլեկտրոնային չվացուցակների համակարգի փորձարկման նպատակով ավտոբուսային 2 երթուղիներ  կահավորվում են GPS համակարգով: Շարունակվում են աշխատանքները մայրաքաղաքի գրադարանները WiFi համակարգերով ապահովելու ուղղությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել Երեւանի առավել մարդաշատ վայրերը եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ WiFi  ծածկույթի ընդլայնման նպատակով:
Անդրադառնալով ավտոկայանատեղերի համար ապօրինի գումարների գանձման դեպքերի բացառմանը` հանձնարարվել է առավել հետեւողական լինել եւ շարունակել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել գործընթացը:
Ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ կարգաբերվում են մեքենամեխանիզմները, աշխատանքներ են տարվում նաեւ աղի եւ ավազի քանակի պահեստավորման ուղղությամբ: Հանձնարարվել է զուգահեռ ուսումնասիրություն իրականացնել բազմաբնակարան շենքերի կոմունալ պայմանների, ինչպես նաեւ ենթակառուցվածքների հետ կապված:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաեւ մայրաքաղաքի ամանորյա տոնական տեսքի ձեւավորման ուղղությամբ: Կսահմանվեն անվանակարգեր լավագույն ձեւավորում իրականացրած կառույցների եւ հասարակական օբյեկտների համար:
Անդրադառնալով թափառող կենդանիների վնասազերծման ընթացիկ աշխատանքներին` հանձնարարվել է առաջիկայում այդ աշխատանքների իրականացման համար հայտարարվող մրցույթում ներգրավել  նաեւ հասարակական կազմակերպություններին:




Լրահոս