ՆՐԱՆՑ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին կայծակնային արագությամբ տարածվեց լուրն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը քաշքշել է Աբովյանի շուկայի առեւտրականներին, նրանց լցրել ավտոմեքենաները եւ տարել Առինջ՝ հընթացս խոչընդոտելով լրագրողների աշխատանքը: Լուրի միակ հիմնավորումն «Աբովյան» հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանի կողմից ոստիկանությանը տված հաղորդում էր, որ իրենց լրագրողի աշխատանքը խոչընդոտվել է: Միջադեպն ապացուցող ո՛չ մի լուսանկար, ո՛չ մի տուժած անձ չկա, որ հաստատի իրեն քաշքշելու, ծեծելու հանգամանքը: Բայց որեւէ մեկի մոտ կասկած չառաջացավ, որ Ծառուկյանի թիկնազորն ընդունակ է մարդ ծեծել. ի վերջո, նա վերադարձել է իր նախկին՝ նաեւ ծեծողի ու լրագրողների աշխատանքը խոչընդոտողի կարգավիճակին: Բայց մյուս կողմից էլ չի բացառվում, որ լուրը խայծ էր՝ հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ: Ինչպես հայտնի է՝ հիմնական պայքարող կողմերից մեկը Գագիկ Ծառուկյանի հովանավորությունը վայելող Վահագն Գեւորգյանն է, իսկ մյուսը՝ «Աբովյան» հեռուստաընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ նույն ինքը՝ «Պալաչը»: Նա եւս ինտրիգների մեծ սիրահար է: Ու այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ լուրը՝ փաստարկված չլինելով հանդերձ, ի սկզբանե կասկած չհարուցեց: Ոչ մեկին չէր զարմացրել, որ Գագիկ Ծառուկյանը կարող է հրահանգել կանանց քաշքշելով եւ ուժով լցնել ավտոմեքենաները եւ տանել Առինջ, չէր զարմացրել, որ նրա թիկնազորը կարող է լրագրողներին խոչընդոտել, կամ Պալաչը կարող է որեւէ մեկի վրա «շառ անել»: Այս իրավիճակը, թերեւս, նրանց ապրած կյանքի գնահատականն է:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ակտիվացնել իր գրասենյակը, եւ այնտեղ աշխատելու հրավեր է ստացել նաեւ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Վերջինս թեեւ այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ է, սակայն առաջվա պես ակտիվ չէ: «Ժողովուրդ»-ը փորձեց Վահե Հովհաննիսյանից ճշտել, թե ի՞նչ նոր աշխատանքի առաջարկ է ստացել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, սակայն մեզ չհաջողվեց պարզել: Նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Հավելենք, որ ԲՀԿ-ի խայտառակ տապալումից հետո Ռոբերտ Քոչարյանի բոլոր կադրերը մի տեսակ մեկուսացել են. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հեռացել է երկրից՝ դեպի ԱՄՆ, Ստեփան Մարգարյանն ու Վահե Հովհաննիսյանը «թայմ աութ» են վերցրել: Ըստ ամենայնի, Քոչարյանը նոր զարգացումների է պատրաստվում եւ առայժմ սկսել է կադրեր հավաքագրել:

 

 

 
Վերջին շրջանում բավականին լարվել են Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի փոխհարաբերությունները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը տարբեր շրջանակներում արդեն սկսել է բարձրաձայնել, որ պաշտպանության նախարարի կնոջ ակտիվությունն իրեն դուր չի գալիս: Բանն այն է, որ Ռուզաննա Խաչատրյանը վերջին ամիսներին բոլոր պաշտոնական միջոցառումների ամենասպասված հյուրն է, լուսանկարվում է ծաղիկներին համապատասխան գույնի վերնազգեստներով, հարցազրույցներ է տալիս, սոցցանցում գրառումներ անում: Իսկ նախկինում նման միջոցառումների «աստղը» Ռիտա Սարգսյանն էր, որը հասցրել էր սիրվել: Մեզ հայտնի դարձավ, որ Ռիտա Սարգսյանն իր դժգոհությունը այսպես է փաստարկել՝ ժամանակին ինքն էլ է նույն կարգավիճակում եղել, բայց իրադարձություններից առաջ չի ընկել եւ երբեք չի փորձել Բելլա Քոչարյանին «ձեռնոց նետել»՝ համբերատար սպասելով իր «հերթին»:

 

 

 
ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը մինչ օրս չի հրապարակել այս տարվա առաջին եռամսյակի արտաքին առեւտրի մանրամասն վիճակագրությունը: Սովորաբար եռամսյակի մանրամասն վիճակագրությունը հրապարակվում էր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը: Դրանցում ներկայացվում էին, թե որքան եւ կոնկրետ ինչ ապրանք է արտահանվել կամ ներմուծվել, որ երկրից, ինչ մաքսային արժեքով եւ այսպես շարունակ, ինչպես նաեւ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատականը: Այդ տվյալները հստակ ցույց են տալիս արտաքին առեւտրի բնագավառում տեղի ունեցած փոփոխությունները, ըստ այդմ, կարելի է պատկերացում ունենալ, թե տնտեսությունում ինչ զարգացումներ են եղել: Եւ այն փաստը, որ մաքսային ծառայությունը համառորեն «լռում» է, ամենեւին էլ պատահական չէ: Հետաքրքիր է, թե ինչ են թաքցնում պետական կառույցները:

 

 

 

 
ԱՆՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Ռիգայում կայանալիք գագաթնաժողովից երկու օր առաջ հրապարակված տեղեկատվությունը` Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվելիք բավականին ծավալուն փաստաթղթի եւ այդպիսով` Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն հարաբերությունների շարունակության եւ խորացման մասին, զուգահեռաբար նախանշեց նաեւ մեկ այլ գործընթացի մոտալուտ ավարտը: Խոսքը սահմանադրական բարեփոխումների մասին է, որը, ինչքան էլ ներկայացվի որպես բացառապես սեփական վերարտադրության նպատակով Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված գործընթաց, իրականում ունի շատ խորը արմատներ, որոնք տանում են դեպի Եվրամիություն:
2013թ. սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարության հաջորդ իսկ օրը, ստեղծելով սահմանադրական բարեփոխությունների մասնագիտական հանձնաժողովը, Սերժ Սարգսյանը այդպիսով փորձեց գոնե այս մասով իրագործել Եվրոպայի առջեւ ստանձնած իր պարտավորությունը, որը, բացի Հայաստանի Հանրապետության սահմանադրության բարեփոխումից եւ գուցե` առավել ժողովրդավար համակարգի ներդրումից, իր խորքում ուներ այլ` աշխարհաքաղաքական դրդապատճառ: Այն ուղղակիորեն կապակցված է Հայաստանում իրական իշխանությունը կրողների շրջանակի ընդլայնմանը: Մի բան, որը Արեւմուտքին հնարավորություն կտա առավել ճկուն վերահսկողություն եւ ազդեցություն հաստատել Հայաստանում` փորձելով հակակշռել Ռուսաստանի բացարձակ գերիշխանությանը:
Եվ, ահա, մասնագիտական հանձնաժողովը հայտարարում է, որ տասնչորս կուսակցություններ առաջարկություններ են ներկայացրել, եւ, բնականաբար, դա ասվում է նաեւ Վենետիկի հանձնաժողովին, որն իբրեւ նախապայման առաջադրել էր լայն կոնսոլիդացիան: Թե այդ տասնչորս կուսակցություններից քանիսն են մարդ կուսակցություններ, առնվազն Հայաստանում բոլորին է հայտնի: Ինչպես եւ դեռ մեկ տարի առաջ կանխատեսել էինք, եկել է ՀՀԿ-ի խորհրդարանական ցուցակում հանգրվանած մարդ-կուսակցությունների «գլխաքանակը» օգտագործելու ժամանակը, եւ նրանք հերթով` մեկը մյուսի հետեւից, ծավալուն առաջարկություններ են ներկայացնում` ստեղծելով քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի իմիտացիա:
Բնականաբար դա գաղտնիք չի կարող լինել նաեւ Վենետիկի հանձնաժողովի համար, որը, սակայն, այս իրավիճակում դժվար թե շարունակի պնդել իր առաջադրած պայմանը: Դե, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանություններն էլ, համայնքներում փորձարկելով հանրաքվեի անցկացման` վաղուց չկիրառված մեխանիզմը, զուգահեռաբար Ազգային ժողովում ընդունվելիք նախագծով շտկելով դրանում առկա բացերը` մինչեւ աշուն կազմ-պատրաստ կլինեն` սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելու համար:




Լրահոս