ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԿԱԴՐԵՐ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդությամբ ոչ իշխանական քառյակի խոստացած թեժ աշնան կանխատեսումները, ինչպես հայտնի է, ի դերեւ ելան: Ու հիմա ԲՀԿ-ի իրական «տանիքները» չեն կարող ձեռքերը ծալած նստել. նրանք ինչ-որ ծրագրեր են մտմտում:

Նախ նկատենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում հարմարավետ տեղավորված շատ գործիչներ փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո անհետացել են: Երբ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին նախ՝ իր մոտ կանչեց Գագիկ Ծառուկյանին, ապա՝ նաեւ հավաքվեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատանը, ԲՀԿ-ի եւ դրա շուրջ հավաքված քոչարյանական ու իրենց ընդդիմադիր պատկերացնող մասսան շոկ ապրեց: Ինչպես հայտնի է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի շարք անհատների ներդրել էր ԲՀԿ-ի ներսում կամ համախմբել նրա շուրջը, որպեսզի ամեն ինչ վերահսկելի լինի, եւ Ծառուկյանը չփորձի շեղվել հիմնական «գծից»:
Բայց քանի որ Ծառուկյանը չկարողացավ դիմանալ իշխանական ճնշումներին եւ մեկ գիշերում հանձնվեց՝ հրաժարվելով քաղաքական գործունեությունից, քոչարյանական թիմի ներկայացուցիչներից Վարդան Օսկանյանը որոշեց լքել երկիրը՝ հանգրվանելով հարազատ ԱՄՆ-ում, իսկ, ահա, ԱԺ պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը եւ էլի մի քանիսը փաստացի դադարեցրին իրենց համագործակցությունը ԲՀԿ-ի փշրանքների վրա նոր-նոր ձեւավորվող ԲՀԿ-ի հետ: Նրանք առաջվա պես ակտիվ չեն: Անորոշ ու անհասկանալի վիճակում են գտնվում նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Գարիկ Իսագուլյանը, ՀՀ նախագահի մշտական թեկնածու Արամ Հարությունյանը եւ էլի պրոքոչարյանական մարդ-կուսակցությունները: Եւ հիմա անհրաժեշտ է ինչ-որ միավոր ստեղծել, որպեսզի բոլորը կրկին հավաքվեն մի տեղում եւ պայքարեն կործանարար ռեժիմի դեմ:
Իհարկե, այդ ուժը չի կարող լինել ԲՀԿ նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանի նորաբաց «Ալյանսը», քանի որ Ուրիխանյանը չունի քաղաքական ու մարդկային այն կշիռը, որ կարողանա կոնսոլիդացիա ապահովել: Ու թերեւս դրա համար է, որ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը առաջարկ է ստացել աշխատանքի անցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ըստ ամենայնի, նա հրապարակավ բացատրությամբ կզբաղվի PR հարցերով, բայց իրականում բոլորին է հայտնի, որ Գագիկ Ծառուկյանի ելույթների տեքստերը, քաղաքական ուղեգիծը նախանշում էր հենց Հովհաննիսյանը, իսկ ԲՀԿ նախկին նախագահն ընդամենը կարդում էր գրվածը:
Եւ այս «գորշ կարդինալին» երկրորդ նախագահի գրասենյակ տանելը ամենեւին էլ պատահական եւ չմտածված քայլ չէ:
«Ժողովուրդ»-ը փորձեց, իհարկե, կողմերի հետ զրուցել՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումներ են սպասվում, արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահը պատրաստվում է աշնանը ակտիվանալ եւ ե՞րբ է նա հանդիպել ԲՀԿ-ից «քաշվածների» հետ:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխատանու Վիկտոր Սողոմոնյանն ու ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Իսկ, ահա, Ստեփան Մարգարյանը անպատասխան թողեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման, հնարավոր քաղաքական ակտիվության եւ նոր զարգացումների մասին հնչեցրած «Ժողովուրդ»-ի հարցերին:
Մեզ մնում է սպասել զարգացումներին՝ հասկանալու համար, թե քաղաքական դաշտում ինչ անակնկալներ են սպասվում նոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «տեսքով ու նմանությամբ»:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 
«ԲՐԻԼԻԱՆՏԻ ԱՐՇԱԿԻ» ՓԲԸ-Ի ԴԵՄ
Մի խումբ քաղաքացիներ դատական հայց են ներկայացրել Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանին՝ Բրիլիանտի Արշակին պատկանող «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ի դեմ: 2014թ սեպտեմբերի 18-ին Հովհաննես Գրիգորյանը, Անահիտ Հարությունյանը, Աշոտ Գրիգորյանը ու Գոռ Գրիգորյանը դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել նշված ՓԲԸ-ին պարտավորեցնել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները պատշաճ չկատարելու համար տույժ վճարել: Նշված ընկերության տնօրեն Իգոր Անիսիմովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս վեճը հետեւյալ կերպ ներկայացրեց. «Կազմակերպությունը շենքեր է կառուցում եւ վաճառում: Պայմանագիր ենք կնքել այն մարդկանց հետ, որոնք նշված վայրում տներ են ունեցել, եւ ըստ պատշաճի հատուցել ենք նրանց բնակարանների դիմաց: Սակայն նրանք ցանկանում են գերշահույթ ունենալ: Ամեն տեղ բողոքել են, եկել ստուգել են, նախագահականից նույնպես եկել, ստուգել են, եթե ցանկանում եք, մենք բոլոր փաստաթղթերը կարող ենք ներկայացնել: Իսկ մնացածը տեսնեք, թե ինչ կորոշի դատարանը»:

 

ԴԻՄԱԴՐՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին, երբ Սերժ Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզ, այդ ընթացքում անդրադարձել է նաեւ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի առաջադրմանը: Ըստ նույն լուրերի՝ Սերժ Սարգսյանը «մեսիջ» է ուղարկել Հարությունյանին՝ հորդորելով իր թեկնածությունը «հանել» Աբովյանի քաղաքապետի ընտրություններից: Սակայն Արթուր Հարությունյանն իր շրջապատում հայտարարում է, որ ինքը գնալու է մինչեւ վերջ, ու իրեն որեւէ մեկը չի կարող «կանգնեցնել»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել Աբովյանի քաղաքապետի թեկնածու, «Կինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանից, սակայն նա կտրականապես հրաժարվեց մեր հարցին պատասխանել:

 

ԴԵՄ ԵՆ
Երեկ ԱԺ-ն սկսեց քննարկել գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ կնքված վարկային համաձայնագիրը: Այդ պայմանագրով նախատեսվում է 53 մլն դոլար վարկի ձեռքբերում՝ գյուղատնտեսության զարգացման համար, մասնավորապես, նշվում է, որ այն ծախսվելու է ոռոգման համակարգի բարելավման համար: Ի դեպ, այս համաձայնագրի՝ Սահմանադրությանը չհակասելու մասին որոշման մեջ ՀՀ ՍԴ-ն գրել է, որ փաստաթղթի հետ կապված խնդիրներ չեն առաջանա, եթե միայն դրանով ամրագրված պարտավորությունները բարեխիղճ կատարվեն, այլ կերպ ասած, եթե վարկային գումարները չփոշիացվեն եւ չգրպանվեն: Ուստի ամենեւին էլ պատահական չէր, որ ոչ իշխանական խմբակցությունները մեկը մյուսի ետեւից հայտարարում էին, որ դեմ են այդ համաձայնագրին: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն, ի դեմս փոխնախարար Արմեն Հարությունյանի, խորհրդարանականների առջեւ «երդվեց» վարկային միջոցները բարեխիղճ ծախսել: Թե ով հավատաց նրա հավաստիացումներին, պարզ կդառնա այսօր, երբ համաձայնագիրը դրվի քվեարկության:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԴԻՄԵԼ ԵՆ ՄԱՆԴԱՏԻ ՀԱՄԱՐ
«Ազատության» փոխանցմամբ` Եվրահանձնաժողովը երեկ դիմել է Եվրամիության խորհրդին՝ Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու մանդատի համար: Անանուն աղբյուրից փոխանցված տեղեկատվության համաձայն` Եվրամիության ու Հայաստանի միջեւ նոր շրջանակային համաձայնագիրը ներառելու է ոչ միայն քաղաքական, այլեւ առեւտրին ու ներդրումներին վերաբերող ծավալուն բաժին:

 

ԼՍՈՒՄՆԵՐ ԿՀՐԱՎԻՐԵՆ
Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարել է, որ մայիսի վերջին տեղի կունենան խորհրդարանական լսումներ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման հարցով, որոնց կմասնակցեն նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: «Այդ թանկացումը ոչ միայն մեր ազգաբնակչության գրպանին է խփում, այլ նման դրույքաչափով բարձրացումը, կարծում եմ, մեծ վնասներ կհասցնի նաեւ մեր տնտեսությանը»,- ասել է Սահակյանը:

 

ՄԻԱԿ ՁԵՎԸ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը էլէներգիայի սակագնի թանկացումը որակում է որպես թալան, որի խոչընդոտումը հնարավոր է համարում միայն ժողովրդի ընդվզման դեպքում՝ եթե իշխանությունը, ռեժիմը զգա, որ ժողովուրդը սա չի մարսում, չի ընդունում, որ ժողովուրդը ակտիվորեն բողոքում է:

 

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Երեկ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը:

 

ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ
Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ 2015 թվականի մայիս-հունիս ամիսներին կանցկացվի Հայաստանի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաեւ՝ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Նույն որոշմամբ՝ հունիս-հուլիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում ընթացող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 125-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում անդրադարձել է մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրություններին եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ նշելով, որ ընտրությունները Ղարաբաղի ժողովրդի՝ ժողովրդավարական զարգացման եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքի հավատարմության հերթական վկայությունն են:

 

ՆՇԱՆԱԿՈՒՄ
Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Սմբատյանը նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը՝ Բեռլին: Նշենք, որ Սմբատյանը Գերմանիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն էր։




Լրահոս