«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի պետ Նելլիկ Հարությունյանը, անդրադառնալով դատախազությանը խայտառակելու համար իրեն աշխատանքից հեռացնելու մասին տարածված լուրերին, ասաց, որ տարածված տեղեկությունները փոքրոգության դրսեւորում են եւ ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ:
Հիշեցնենք, որ 2014թ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի պետ Նելլիկ Հարությունյանը մասնակցել էր ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ տեղը, սակայն կարճ ժամանակ անց ԵԽԽՎ խորհրդատվական մարմինը մերժել էր ներկայացված դատավորների ցուցակը: Ըստ տեղեկությունների` ԵԽԽՎ-ի այս որոշման պատճառը մրցույթի հաղթած մասնակիցներից մեկի ոչ բավարար իրավական գիտելիքներ ունենալու փաստն էր: Ըստ տարածված տեղեկությունների` այդ անձանցից մեկն էլ հենց Նելլիկ Հարությունյանն էր: Սակայն նա երկրորդ անգամ մասնակցեց ՄԻԵԴ-ի հայաստանյան մրցույթին, սակայն այս անգամ չընդգրկվեց ցուցակում:
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Գեւորգ Կոստանյանը Նելլիկ Հարությունյանի ձախողումները չհանդուրժեց եւ դատախազության պատիվը բարձր պահելու համար նրան ազատեց աշխատանքից: Չնայած դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ վստահեցրին, թե Նելլիկ Հարությունյանն այս պահին արձակուրդում է, սակայն ինչպես փորձն է ցույց տվել, գրեթե բոլոր դեպքերում կառույցների ղեկավարները նախ իրենց աշխատակցին են արձակուրդ ուղարկում, ապա հայտարարում, որ նա սեփական դիմումի համաձայն է աշխատանքից ազատվել:
Արդյո՞ք Նելլիկ Հարությունյանը արձակուրդից հետո չի վերադառնա աշխատանքի եւ, առհասարակ, նրա ոչ բավարար գիտելիքնե՞րն էին պատճառը, որ հեռացրին աշխատանքից: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք Նելլիկ Հարությունյանի հետ:
-Տիկի՛ն Հարությունյան, դատախազությունը հաստատում է, որ արձակուրդում եք, սակայն տեղեկություններ կան, որ արձակուրդից հետո չեք վերադառնալու Ձեր աշխատանքին: Պատճառը ՄԻԵԴ-ում դատավորի մրցույթի արդյունքում գրանցված Ձեր ձախողումնե՞րն էին:
-Յուրաքանչյուր մարդ հանգստի գնալու իրավունք ունի, եւ դա արգելված գործողություն չէ, իսկ ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի մրցույթին մասնակցելուն, դա պատիվ է, այլ ոչ թե անպատվություն: Մրցույթը հայտարարվում է, որպեսզի ընտրվի լավագույնը: Այս դեպքում, երբ լավագույնը ընտրվել է, մյուսներին վարկաբեկելու գործընթացում ես կանխակալ, սուբյեկտիվ մոտեցում եմ տեսնում: Գտնում եմ, որ այդ թեմայով շահարկումները շատ անձնավորված են: Եթե խոսում ենք ճանաչված իրազեկ իրավաբանի մասին, ես ինձ չեմ գերագնահատում, բայց չեմ էլ պատրաստվում թերագնահատել: Նշեմ, որ 2006թ եղել եմ Եվրոպական դատարանի դատավորի թեկնածուներից մեկը, այն ժամանակ ընթացակարգերը տարբեր էին, եւ ես այդ ժամանակ էլ երկրորդ տեղն էի զբաղեցրել: Այսինքն՝ այդ օրվանից մինչ օրս ես ռեգրեսի չեմ ենթարկվել, դրա մասին վկայում է իմ ամենօրյա աշխատանքը: Ամբողջ աշխարհի դատախազների կողմից մեդալներ ու շնորհակալագրեր եմ ստացել: Ուստի խոսել մարդու 20-ամյա գործունեության մասին եւ այդպիսի ծիծաղելի հետեւություններ անել, լավ հասկանում եմ ենթատեքստը, բայց շատ փոքրոգություն եմ համարում, այլ ոչ թե պրոֆեսիոնալ գնահատական:
-Իսկ ի՞նչ կասեք Գեւորգ Կոստանյանի՝ Ձեզ աշխատանքից հեռացնելով՝ դատախազության համբավը փրկելու ձգտման մասին:
-Գեւորգ Կոստանյանը իրավասու է ձեւավորել իր անձնակազմը: Երեւի թե առիթ չեմ ունեցել շատ ինձ ներկայացնելու, քանի որ զբաղված եմ եղել իմ ամենօյա աշխատանքով եւ կարիք չեմ ունեցել գովազդելու այդ աշխատանքը: Ինձանից գոհ են եղել այն միջազգային կառույցները, որոնց հետ ես աշխատել եմ: Իմ աշխատանքի որակի հետ կապված ո՛չ արտասահմանյան, ո՛չ տեղական գործընկերներից դժգոհություն չեմ ստացել, այլ բան, եթե այդ պահին այդպես են հասարակությանը ցանկանում ներկայացնել, իսկ դրա պատճառներն ինձ հայտնի չեն:
-Ի՞նչ է սպասվում Ձեզ:
-Ներկա պահին իմ արձակուրդը չի ավարտվել, եւ մինչեւ ամսի 20-ը ներառյալ գտնվում եմ արձակուրդի մեջ, որից հետո կվերադառնամ աշխատանքի:
-Եվ կլսենք արդեն Ձեր ազատման մասին, կամ սեփական դիմումի համաձայն հրաժարվեք աշխատանքից, եթե, իհարկե, չեք գրել մինչ օրս դիմումը:
-Չեմ կարող կանխատեսել ապագան: Ես բոլորովին չեմ երդվել՝ ցմահ աշխատել գլխավոր դատախազությունում, եւ ՄԻԵԴ դիմելու իմ պատճառներից մեկն այն է, որ ես իմ պրակտիկ փորձով կարիք ունեի աշխատանքի փոփոխության, եւ ինձ տեսնում էին այնտեղ: Եվ հետո միշտ չէ, որ փոփոխությունները տհաճ են, շատ լավատես եմ եւ այնքան էլ ծեր չեմ փոփոխությունների համար:
-Իսկ Դուք Գեւորգ Կոստանյանի հետ ինչ-որ տարաձայնություն ունեցե՞լ եք:
-Ի պաշտոնե գլխավոր դատախազի հետ մշտապես չեմ աշխատում: Մեզ մոտ գործունեությունը բաժանված է: Ավելի շատ աշխատել եմ դատախազի տեղակալի՝ էմիլ Բաբայանի հետ: Համենայնդեպս, որեւէ տարաձայնություն կամ աշխատանքի մասով դժգոհություն չի եղել, եւ այդ մասին չի էլ բարձրաձայնվել:
-Փորձը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնց Գեւորգ Կոստանյանը չի հանդուրժում, հայտնվում են ՀՀ քննչական կոմիտեում: Կարո՞ղ է Ձեզ էլ հետագայում այնտեղ տեսնենք:
-Այն անձանավորություններից եմ, որ միշտ գերադասում եմ պետական կառույցները, քանի որ հոգով ձուլվել եմ պետական ծառայությանը: Իսկ նոր նշանակման մասին խոսում եմ այն ժամանակ, երբ լինում է հրամանը: Ուստի, երբ կլինի գլխավոր դատախազի հրամանը, եւ կլինեն մարդիկ, որոնք կգտնեն, որ դատախազությունը խայտառակում եմ, բայց այլ կառույցը չեմ խայտառակի, եւ համապատասխան առաջարկներ կան, իհարկե, կմտածեմ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԷԴՈՆ
Մայիսի 18-ին Առաջին լրատվականը լուր հրապարակեց այն մասին, որ Աբովյան քաղաքի շուկայի մի շարք առեւտրականներ դուրս են եկել փողոց՝ բողոքելով, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնում առեւտուր չկա: Բողոքի ակցիայի ժամանակ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը՝ հայտնի Էդոյի գլխավորությամբ, հավաքել էր բողոքի ակցիայի հիմնական մասնակիցներին, բռնի ուժով, հարվածելով, լցրել մեքենաներն ու տարել դեպի Առինջ գյուղ՝ հավանաբար Ծառուկյանի մոտ: Միջադեպից հետո ՀՀ ոստիկանություն դիմեց Աբովյան քաղաքի հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել, թե ի՞նչ է տեղի ունեցել այդ օրը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն ասաց. «Ես կին քաշքշող չեմ, դուք մի հատ մտեք Աբովյանի շուկան ու հարցրեք՝ էդոն մի հատ թթու խոսք ասե՞լ է: Իրանք խնդրանքով եկել են մոտս, ավտոներ եմ տվել, գնացել են Ծառուկյանի մոտ, իրենց հարցերը դրական լուծել են ու նորից գնացել են իրենց աշխատանքին: Էդոն նման բան չի արել ու չի անի, ի՞նչ են արել այդ մարդիկ, որ ես քաշքշեմ: Ես կին քաշքշո՞ղ եմ»:
Ըստ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի` սուտ տեղեկությունները կոնկրետ նպատակ ունեն. «Նման բաներ են տարածում, քանի որ գիտեն՝ քաղաքում չհարգված են, կրվելու են, նման բան անում են, որ երեւան, թե գործ են անում: Կարող եք ինքներդ գաք, ժողովրդին հարցնեք, տեսնեք, թե ինչ են ասում: Ինչ կպատմեն, այն էլ գրեք: Կասեն՝ քաշքշել է, այդպես էլ գրեք»:
Իսկ ինչ վերաբերում է լրագրողներին քաշքշելու եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մասին հաղորդմանը, ապա Էդուարդ Բաբայանն ասաց. «Դա էլ են սուտ ասում, մենք այդքան բան չենք, որ լրագրողին նեղացնենք, նամանավանդ գիտենք՝ քաղաքապետի ընտրություն է, մենք ինչո՞ւ նման բան պետք է անենք»:
Իսկ, ահա, հեռուստաընկերության տնօրենը՝ Ազնիվ Չիզմեչյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում թեեւ վստահեցրեց, որ բռնություն գործադրվել է իր աշխատակիցների նկատմամբ, բայց միաժամանակ որեւէ փաստ չունեն իրենք: «Հենց ցանկացել են հենակի վրա տեսախցիկը ձգել, եկել ու հրել են՝ սպառնալով, թե չփորձես նկարել, դու ինձանից թույլտվություն վերցրե՞լ ես, որ նկարում ես: Այսինքն՝ հեռուստաընկերությունը ամեն մի սափրագլուխից պետք է թույլտվությո՞ւն ունենա, որ նկարահանում անի: Գիտեք՝ քաղաքապետի ընտրություններ են, հնարավոր այսպիսի միջադեպերը կանխելու համար՝ ես դիմել եմ ոստիկանություն»,- հայտնեց Չիզմեչյանը:
Հիշեցնեք, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 6 անձինք: Բայց հիմնական պայքարը գնում է Գագիկ Ծառուկյանի նախընտրելի թեկնածուի՝ Վահագն Գեւորգյանի եւ նրա սանիկի՝ Արթուր Հարությունյանի` Պալաչի միջեւ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՎԵԼԻ ԼԱՅՆԱԽՈՀ ԵՆ ԴԱՐՁԵԼ
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները, մինչեւ իրենց ձերբակալությունն ու կալանավորումը, փորձել են բոլոր այն ուժերի հետ, որոնց նպատակը ռեժիմի հեռացումն է, համագործակցել: Այս մասին armlur.am-ին ասել է Ժիրայր Սէֆիլյանը` ընդգծելով. «Մենք այժմ խնդիր ենք դրել նորովի մոտենալ այս հարցին եւ փորձել բոլոր այն կազմակերպությունների, քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակը ռեժիմի հեռացումն է, ընդհանուր հայտարարի գալ»: Սէֆիլյանի խոսքով` ժամանակներն են ստիպում, որ ավելի լայնախոհ լինեն:
ԲՀԿ-ԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ
Armlur.am-ի փոխանցմամբ` մայիսի 21-ին Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է ԲՀԿ-ին 5 տարի ժամկետով Երեւանի կենտրոնում գտնվող տարածքը վարձակալությամբ տրամադրելու հարցը: Որոշման մեջ նշված է.«Երեւան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող 755.633 հազ. դրամ գնահատված 843.83 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքից 628.83 քառ. մետրը` նկուղային, 1-ին եւ 2-րդ հարկերը, 5 տարի ժամկետով, ուղղակի ձեւով վարձակալությամբ տրամադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»:
ԱՐՋՆ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ
Մայիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Մարմնի եւ աջ ձեռքի մասում վնասվածքներով Քարագլուխ գյուղի սարից Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել այդ գյուղի բնակիչ, 66-ամյա Էդիկ Սաֆարյանը, ում վրա սարում արջն է հարձակվել: