Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովում.
Լատվիայի հարգարժա՛ն վարչապետ Ստրաույումա,
Եվրոպական խորհրդի հարգարժա՛ն նախագահ Տուսկ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Շնորհակալություն եմ հայտնում Լատվիայի իշխանություններին ու ԵՄ մեր գործընկերներին` Արևելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Արևելյան գործընկերության մեկնարկից սկսած մենք այն դիտարկել ենք որպես ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու, մեր հասարակությունների միջև շփումները խրախուսելու, տարբեր ոլորտային ուղղություններով թիրախային համագործակցություն ծավալելու ձևաչափ: Այս ընթացքում ԵՄ հետ փոխգործակցության ամրապնդումը նոր թափ հաղորդեց ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության արդիականացմանն ուղղված ջանքերին, խթանեց լայնածավալ բարեփոխումների մեր օրակարգը, նշանակալիորեն նպաստեց քաղաքացիական հասարակության ամրապնդմանը:
Հարգելի՛ գործընկերներ,
Բաժանարար գծերից զերծ Եվրոպայի կերտման ճանապարհին կարևոր է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն արտահայտված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացում բանակցող կողմերը Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Հայտնի է նաև, որ Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանզի երբեք չի հանդիսացել անկախ Ադրբեջանի մաս, մինչդեռ այդ երկրի իշխանությունը, տարածքային ամբողջականությունը համարելով միակ սկզբունք և այն դրոշ դարձրած, հետևողականորեն վիժեցնում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ մերժելով կարգավորման մյուս՝ համահավասար ու կարևոր սկզբունքները: Այո՛, տարածքային ամբողջականությունը 21-րդ դարում պետք է հարգվի պետությունների կողմից, սակայն երբ այդ ամբողջականությունը դառնում է տվյալ հասարակության մի մասի ճակատագրի խեղման, նրա համար զարգացման ցանկացած հեռանկարի վախճան, որևէ մեկը չի կարող ստորադասել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Վերջին հաշվով, եթե խաղի միակ կանոնը լիներ տարածքային ամբողջականության սկզբունքը, ապա այսօր այս սեղանի շուրջ այսքան երկրների ներկայացուցիչներ չէին լինի, որովհետև պարզապես այդքան երկիր չէր լինի:
Հարգելի՛ գործընկերներ,
Այս տարի մենք ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Եվրոպական բազմաթիվ երկրներ միացան մեզ՝ հարգանքի տուրք մատուցելով մեկուկես միլիոն զոհերի հիշատակին, ովքեր նահատակվեցին միայն հայ և քրիստոնյա լինելու համար:
Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր քաղաքական նպատակահարմարությանը տուրք չտալով, իրենց ավանդն են բերում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին: 2015թ. ապրիլի 15-ին ԵՄ ամենաներկայացուցչական կառույցն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը՝ ցեղասպանությունը ճանաչելու ուղերձ հղելով միացյալ Եվրոպայի երկրներին, նաև՝ Թուրքիային:
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հայաստանը հանձնառու է ԵՄ գործընկերների հետ քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու մեր հարաբերությունների իրավական նոր հիմքը, որը մի կողմից կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ բանակցությունների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի այլ ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից բխող հանձնառությունների հետ: Միաժամանակ, Հայաստանը կարևորում է յուրաքանչյուր երկրի նկատմամբ, ընդհանուր արժեքների առանցքի շուրջ իրականացվող բարեփոխումներում արձանագրած առաջընթացի հիման վրա, տարբերակված մոտեցման կիրառումը և «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի վերահաստատումը: Մենք առավել քան համոզված ենք, որ պետք է լինի բոլոր գործընկերների հավատարմությունն ընդհանուր արժեքներին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Հայաստանի Հանրապետությունը հենց այդ ճանապարհով է շարունակելու աշխատել:
Շնորհակալություն: