Հունիսի 7-ին ՀՀ մի շարք գյուղերում եւ քաղաքներում տեղի կունենան համայնքապետի ընտրություններ, եւ արդեն իսկ ակնհայտ է, որ որոշ համայնքներում սպասվում է անզիջում ընտրապայքար: Մասնավորապես` Արտաշատում, Աբովյանում եւ Ալավերդիում կրքերը գնալով թեժանում են: Այս վերջին համայնքում առաջադրված թեկնածուները երկուսն են՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ Կարեն Փարեմուզյանը, ով նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մտերիմն է, եւ Արթուր Աբգարյանը՝ Լալվարի քարհանքի սեփականատեր Տարոն Աբգարյանի եղբայրը:
Արտաշատի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, եւ Հովհաննես Ղազարյանը` Գազի Հովոն, ով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի մասնաճյուղի տնօրենն է: Նշենք, որ տարիների պատմություն ունեցող հակամարտության պատճառով Գազի Հովոն համարվում է Աբրահամյանների թշնամին: Եւ եթե արտաշատցիների մի մասը վստահ է, որ Հովհաննես Ղազարյանը մինչեւ վերջ կգնա իր թշնամու` Հովիկ Աբրահամյանի որդու դեմ ընտրություններում, ապա մյուս մասն էլ պնդում է, որ մինչեւ ինքնաբացարկների դիմումների համար սահմանված վերջնաժամկետը՝ մայիսի 28-ը, Գազի Հովոն կներկայացնի ինքնաբացարկի դիմում:
Աբովյանի քաղաքապետի ընտրությունների գործընթացը նույնպես հետաքրքիր զարգացում է խոստանում: Այս պահի դրությամբ առաջադրված թեկնածուները վեցն են: Սակայն այստեղ հիմնական պայքարն ընթանում է Արթուր Հարությունյանի՝ Պալաչի եւ Ծառուկյանի ընտրյալի` Վահագն Գեւորգյանի միջեւ: Հիշեցնենք, որ Վահագն Գեւորգյանին սատարում է նաեւ ՀՀԿ-ն, որն իր շարքերից հեռացրեց ինքնաառաջադրված Արթուր Հարությունյանին: Եվ հիմա ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀՀԿ-ն Աբովյանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում սատարելու են նույն թեկնածուին՝ Վահագն Գեւորգյանին: Սակայն ուշագրավ էր, որ առաջադրման վերջին օրը թեկնածուների ցանկում հայտնվեց Պալաչի «նմանակը»՝ Արթուր Հարությունյան անուն-ազգանվամբ:
Թեժ ընտրություններ են սպասվում ոչ միայն Արտաշատում եւ Աբովյանում, այլեւ Ալավերդիում: Այստեղ առաջադրված թեկնածուները երկուսն են՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ Կարեն Փարեմուզյանն ու Արթուր Աբգարյանը: Ալավերդցիները վստահ են, որ այս ընտրությունները տարբերվելու են նախորդներից, քանի որ երկու թեկնածուների միջեւ լուրջ պայքար է ընթանում: Բանն այն է, որ առաջադրված թեկնածուներից մեկը՝ Կարեն Փարեմուզյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մտերիմներից է: Նրան առաջադրել է հենց Հանրապետական կուսակցությունը: Իսկ քաղաքապետի մյուս թեկնածուն` Արթուր Աբգարյանը, ով «Սրթոնգ սթոուն գրուպ» ընկերության տնօրենն է, այնքան էլ հայտնի չէ ալավերդցիների մոտ: Բայց նա Ալավերդիում հայտնի գործարար, Լալվարի քարհանքի սեփականատեր Տարոն Աբգարյանի եղբայրն է: «Սթրոնգ Սթոուն Գրուպ»-ը Արթուր Աբգարյանը հիմնադրել է եղբոր՝ Տարոնի հետ: Այս ընկերությունը Լոռու մարզում քարհանք է շահագործում:
Նկատենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում նշված է, որ ե՛ւ Կարեն Փարեմուզյանը, ե՛ւ Արթուր Աբգարյանը անկուսակցականներ են: Իսկ թե ինչու է ՀՀԿ-ն առաջադրել կոնկրետ Փարեմուզյանի թեկնածությունը, հայտնի չէ: Հավանաբար դա կապված է Փարեմուզյանի եւ մարզպետ Նալբանդյանի միջեւ եղած մտերիմ հարաբերությունների հետ:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Ալավերդու քաղաքապետի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուների հետ եւ հետաքրքրվեց՝ լարվածություն կա՞ իրենց միջեւ, թե՞ ոչ: Կարեն Փարեմուզյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ոչ մի տեսակի լարվածություն չի զգացել: Նա նաեւ խոսեց իր եւ մարզպետի մտերիմ հարաբերությունների մասին. «Որպես քաղաքի բնակիչ մտերիմ եմ իրեն հետ: Նորմալ մարդկային հարաբերություններ են»:
Իսկ Արթուր Աբգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Փարեմուզյանին լուրջ մրցակից չի համարում: «Վստահ եմ, որ ընտրվելու եմ: Գիտեք՝ ես լարվածության մասին ոչինչ չեմ կարող ասել, ես չեմ նկատել նման բան»,- նշեց Աբգարյանը:
«Ժողովուրդ»-ը անկուսակցական թեկնածուից հետաքրքրվեց, թե ով է սատարելու իր թեկնածությունը. «Ոչ ոք, միայն ժողովուրդը: Ես անկուսակցական եմ»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ կուսակցությունը նախօրեին քաղաքական խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է հունիսի 7-ին Աբովյանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների հարցը: «Քաղաքական խորհուրդը որոշել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել անկուսակցական Վահագն Գեւորգյանի թեկնածությունը: Իսկ ինչ վերաբերում է Արտաշատի ընտրություններին քաղխորհրդի նիստում նման հարց չի քննարկվել: Բայց ընտրական հանձնաժողովի մեր անդամներին տրված է մեկ հանձնարարական, այն է՝ իրենց իրավասությունների շրջանակում Արտաշատում ապահովել ազատ եւ արդար ընտրություններ»- հայտնեց Զոհրաբյանը:
Իսկ, ահա, «Օրինաց երկիր» կուսակցությունը դեռ չի որոշել, թե ում է սատարելու ՏԻՄ ընտրություններում: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց. «Դեռ չենք որոշել: Որպես քաղաքական ուժ՝ յուրաքանչյուրն իր կուսակցականներին պետք է ասի, թե ինչպես վարվեն: Բնականաբար, կքննարկենք եւ կհայտնենք մեր դիրքորոշումը»:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ՀԱԿ-ին, ապա այն չի պատրաստվում որեւէ թեկնածուի սատարել: «Որեւէ մեկի թեկնածությունը ՀԱԿ-ը չի սատարելու: Մենք ամեն տեղ մեր ֆունկցիան տեսնում ենք օրենքի պահպանության մեջ եւ խիստ հրահանգներ ենք տվել ընտրական հանձնաժողովի մեր անդամներին այն մասին, որ նրանք պահպանեն օրենքի պահանջները: Ավելին՝ անել չենք կարող, որովհետեւ համատարած ընտրակեղծարարության պայմաններում անիմաստ է մասնակցել ընտրություններին»,- պարզաբանեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Իսկ թե ինչ ընթացք կունենան ՏԻՄ ընտրությունները, «Ժողովուրդ»-ը կներկայացնի առաջիկայում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ