Քարվաճառի տարածքում նոյեմբերի 1-ին հերթափոխի ժամանակ “Ուրալ” մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով վիրավոր զինծառայողներն ապաքինվում են, սակայն կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյանը և շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյանը դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ըստ Պաշտպանության նախարարությունը մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին “Ուրալ-375/236” մակնիշի ավտոմեքենան անձնակազմը տեղափոխելիս` թվով 19 պայմանագրային զինծառայող, Քարվաճառի “Հարուրի ձոր” կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով մահացել էր 4 զինծառայող։ Մնացած 15-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 15 զինծառայողներ ժամը 23.45-ին հասցվել էին Վարդենիսի ԿԶՀ: Նրանցից 6-ն ավելի ուշ տեղափոխվել էին Երևան։