Ինչո՞ւ պետք է մարզպետը կրակեր իր մեքենային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով տարբեր վարկածներ են շրջում: Սկսած անհասկացվածությունից, թե ում էր ձեռնտու սպանել Սուրիկ Խաչատրյանին, կամ ինչու պետք է Խաչատրյանն իր մեքենայի կրակոցների բեմադրություն կազմակերպեր:

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ տեղի ունեցած միջադեպից հետո մի շարք անձինք են հարցաքննվել: Եւ ինչպես սովորաբար արվում է նման քրեական գործերը քննելու ժամանակ, այս դեպքում եւս նախ քննիչները մահափորձ կազմակերպելու կասկածանքով առաջնային թիրախ են դարձրել մարզպետի անձնական թշնամիներին:

1

Եվ այսպես, երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանից փորձանմուշներ են վերցվել՝ պարզելու համար՝ դեպքի օրը նա զենք գործածե՞լ է, թե՝ ոչ: Հիշեցնենք, որ 2013 հունիսի 1-ին Բուդաղյան եղբայրները զինված գնացել էին մարզպետի տուն, որտեղ ինքնապաշտպանության անվան տակ սպանվեց Ավետիք Բուդաղյանը: Այս երկու ընտանիքների միջեւ առկա հակամարտությունը դեռ չի ավարտվել, դրա համար էլ հենց առաջիններից մեկի՝ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր, ՀՀ ՊՆ N զորամասերի հրամանատար Արտակ Բուդաղյանի նկատմամբ են փորձաքննություն նշանակել՝ կասկածելով, որ միգուցե Արտակ Բուդաղյանը եղբոր վրեժն է փորձել լուծել՝ Խաչատրյանին սպանելով: Բայց այստեղ հարց է առաջանում, թե ինչու է նա այսքան ուշ լուծում այդ վրեժը. չէ՞ որ դեպքից անցել է գրեթե երկու տարի, եւ ինչպես ասում են, վերքը թարմ չէ:

Ինչեւէ, մարզպետ Խաչատրյանի մեքենայի վրա կրակելու կասկածանքով հարցաքննվել է նաեւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Տիգրան Կարապետյանը: ՀՀ ոստիկանությունը նրան հարցաքննության է հրավիրել՝ հիմք ընդունելով վերջինիս հայտարարությունը, որը նա արել էր այս տարվա մայիսի 2-ին՝ ասելով. «Խելքդ հավաքի, Լիսկա՛: Ես ուզում եմ Սուրիկ Խաչատրյանին վերջին անգամ զգուշացնել, որ եթե հաստատվեց իր կամ որդու մասնակցությունն այս դեպքին, պատիժը լինելու է խիստ եւ համարժեք»: Չի բացառվում՝ նա արդեն իր համար համոզվել է, որ իսկապես Խաչատրյանն ու իր որդին կապ ունեն աչքի տեսողությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած Հարություն Զաքարյանի ծեծի հետ, դրա համար էլ «համարժեք» գործի է անցել: Բայց արդյո՞ք նա է այդքան անհաջող կրակել Խաչատրյանի մեքենայի վրա 10 րոպե շարունակ՝ չկարողանալով որեւէ վնաս տալ մարզպետին: Սա դեռ հարց է, որ պետք է պարզել:

2

Բայց միաժամանակ չմոռանանք, որ Խաչատրյաններից տուժածների թիվը շատ մեծ է: Ի վերջո, գրեթե մի ողջ մարզ: Չի բացառվում, որ ընդհանրապես մի երրորդ մարդ է կրակել Խաչատրյանի մեքենայի վրա: Թեեւ մյուս կողմից երեկ ՀՀ Ազգային ժողովում, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների շրջանում, շարունակում էին քննարկել վարկածը, որ Սուրիկ Խաչատրյանն ինքն է իր դեմ մահափորձ բեմադրել:

Հիմա փորձենք դիտարկել այդ վարկածի հավանականությունը՝ շեշտելով, որ քանի դեռ գործը անհերքելի ապացույցներով չի բացահայտվել, ցանկացած վարկած կյանքի իրավունք ունի: Այսպես, ինչո՞ւ պետք է Սուրիկ Խաչատրյանը Երուսաղեմ գնալ-գալուց հետո հրահանգեր կրակել իր ավտոմեքենայի վրա:

«Ժողովուրդ»-ը մայիսի 14-ի համարում գրել էր, որ Գորիսում մայիսի 4-ին տեղի ունեցած միջադեպից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Սուրիկ Խաչատրյանը խաբել է Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ասելով, թե իր տղան կապ չունի տեղի ունեցած միջադեպի հետ, սակայն ավելի ուշ ամեն ինչ ջրի երես դուրս եկավ, եւ իշխանական վերնախավում բարձրացվեց Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը: Եւ որպեսզի հերթական անգամ «պլստա» Խաչատրյանը՝ իր աթոռը պահպանելու համար, չի բացառվում, որ հենց ինքն է իր դեմ մահափորձ կազմակերպել, որպեսզի իշխանությունների մոտ զոհի կարգավիճակ ունենա՝ փաստարկելով, թե իրեն պաշտոնանկ անելուց հետո պարզապես «կվերացնեն»:

3

Մյուս կողմից չի բացառվում, որ ինքնակրակոցով Խաչատրյանը փորձում է «բռնել տալ» իր մրցակից գործարար Տիգրան Կարապետյանին՝ օգտագործելով նրա համարձակ հայտարարությունները:

Իսկ կհաջողվի՞ Խաչատրյանին հանրային քննարկման օրակարգում տուժողի կարգավիճակ ստանալ, անգամ մոտ հարյուր հազար դոլար արժողությամբ ավտոմեքենան զոհաբերելու գնով, դժվար է ասել, բայց որ մեր երկրում էլի են եղել «ինքնակրակիչներ», դա փաստ է:

Հայաստանի քաղաքական դաշտում սա միակ նման բեմադրությունը չէ: 1998թ. հունվարի 18-ին մահափորձ էր իրականացվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Ռոմեն Զազարյանի՝ Բուդոյի նկատմամբ: Նա եւս չէր տուժել: Հիշեցնենք, որ առաջին նախագահի հրաժարականից հետո նա հեռացել էր Հայաստանից, իսկ, ահա, ավելի ուշ իշխանությունները հետախուզում էին հայտարարել Բուդոյի նկատմամբ, քանի որ հաստատվել էր վարկածը, որ Ղազարյանն ինքն է բեմադրել մահափորձը՝ քաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար:
1998 թ. հունվարի 21-ին էլ մահափորձ էր իրականացվել գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի նկատմամբ, որը եւս համարում էին բեմադրություն, բայց կատարվածից մեկ տարի անց նրան գտան սպանված, ինչը մեկնաբանվեց որպես ինքնասպանություն, եւ «թեման փակվեց»:

Նմանօրինակ մահափորձի եւս մեկ վարկածն էլ կապված է ԱԺ նախկին պատգամավոր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: 1996 թվականին պայթեցրել էին նրա մեքենան: Դարձյալ որեւէ մեկը չէր տուժել: Բայց Հայրապետյանը Հայաստանից հեռացել էր եւ վերադարձավ միայն իշխանափոխությունից հետո: Այդ օրերին դեռ վարկածներ կային, որ պայթյունը եւս բեմադրություն էր:

Մի խոսքով, սպանության փորձի բեմադրությունների կամ դրան նմանվող իրական ինքնասպանությունների պակաս մեր երկրում, ցավոք, չկա: Մնում է՝ քննիչները կարողանան գլուխ հանել ստեղծված իրավիճակից, եթե, իհարկե, չզլանան կարդալ մեր նորագույն պատմությունը՝ գոնե մամուլի արխիվում:

Քնար Մանուկյան




Լրահոս