Նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը երեք ամիս, սակայն ԲՀԿ-ում այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել եւ ի վերջո հայտարարել, թե ով է լինելու նախագահի իրենց թեկնածուն: Դիրքորոշումը հստակեցնելու ցանկացած հարցադրման ԲՀԿ-ականները պատասխանում են, թե իրենք, մարտավարական նպատակահարմարությունից ելնելով, իրենց թեկնածուի անունը կասեն, երբ որ ճիշտ կհամարեն:
Ինչ խոսք, յուրաքանչյուր ուժ ազատ է ընտրելու իր մարտավարությունը, սակայն երբ կես միլիոնանոց ընտրազանգվածի եւ հսկայական ազդեցության մասին պարբերաբար հիշեցնող քաղաքական ուժն ամիսներ շարունակ ոչ միայն չի կարողանում կողմնորոշվել իր` ընդդիմություն, թե իշխանություն լինելու հարցում, այլեւ մինչեւ վերջին վայրկյանը խուսափում է կայացնել նախագահի թեկնածության հարցով կարեւորագույն որոշումը, ցույց է տալիս, որ իրականում այդ ուժը ոչ միայն ներկայացվածի չափ ազդեցիկ չէ, այլեւ պարզապես անկախ չէ: ՀՀ նախագահական եռանկյունու բոլոր երեք կողմերին տված իր խոստումներում խճճված Գագիկ Ծառուկյանը փորձում է ամեն կերպ ձգձգել ճակատագրական որոշման կայացումը` գուցե նաեւ սպասելով, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում զարգացող գործընթացները հուշեն ճիշտ լուծումը, որը ցանկացած դեպքում էլ կորստաբեր է լինելու ԲՀԿ-ի համար:
Եթե Ծառուկյանը, ի վերջո, որոշի ինքնառաջադրվել կամ առաջադրել Օսկանյանին, ապա կարծես թե տեսանելի է դառնում, որ ՀԱԿ-ից ամբողջական աջակցություն չի լինի, իսկ միայնակ ԲՀԿ-ն դժվար թե հաղթի իշխանական հզոր մեքենային եւ ընդդիմադիր դաշտի թեեւ ոչ ազդեցիկ, սակայն, այդուամենայնիվ, որոշակի հակազդեցությունը: Եթե Ծառուկյանը որոշի սատարել ՀԱԿ-ի թեկնածուին, ապա դրանից էապես կտուժի կուսակցության հեղինակությունը, քանի որ հասկանալի չի լինի, թե ինչու է քաղաքական դաշտի երկրորդ ուժը սատարում իրենից յոթնապատիկ քիչ քվեներ ստացած Կոնգրեսի թեկնածուին: Էլ չասած, որ դրանով, փաստորեն, ԲՀԿ-ն արդեն միանշանակորեն կդասվի ընդդիմադիր ուժերի շարքը եւ Սերժ Սարգսյանի վերընտրվելու դեպքում ստիպված կլինի քաղել դրա դառը պտուղները: Ինչ վերաբերում է գործող նախագահին սատարելու տարբերակին, ապա այս դեպքում թեեւ պաշտոնների եւ իշխանական կարկանդակի մնացած բարիքների մասով պտուղները կլինեն քաղցր, սակայն դրանցից ԲՀԿ-ն՝ որպես քաղաքական ուժ, կթունավորվի գրեթե մահացու ելքով` կիսելով «Օրինաց երկրի» ճակատագիրը:
Իրավիճակը կարող է փրկել միայն ճիշտ ժամանակին ի հայտ եկած որեւէ հույժ վտանգավոր «արտաքին մարտահրավեր», որը հաղթահարելու ազգանվեր մղումից ելնելով` Գագիկ Ծառուկյանը «ստիպված կլինի» «կանգնել նախագահի կողքին»` այդպիսով պահպանելով թե՛ սեփական ունեցվածքը, թե՛ կուսակցության դեմքը:
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ԿՓՐԿԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ