Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ անդամ, ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում կառաջադրվի, քանի որ չի ցանկանա ժողովրդին նման վիճակում թողնել:
-Պարո՛ն Եղիազարյան, այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ-ում խառնաշփոթ է. տեսակետ հայտնողները հատուկենտ մարդիկ են, իսկ մյուսներին «հրահանգված» է առանց թույլտվության ոչինչ չխոսել:
-Ես նման բան չեմ կարող ասել, իսկ Դուք ինձ դասում եք խոսողների՞, թե՞ լռողների շարքին:
-Չլռողների:
-Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել:
-ՀԱԿ-ում կա՞ կոնկրետ պայմանավորվածություն, թե ով պետք է «խոսի»:
-Ո՛չ, նման բան չկա, մենք ազատ ենք, ՀԱԿ-ը ամենաժողովրդավար կառույցներից մեկն է:
-Այժմ ՀԱԿ-ն ի՞նչ գործունեությամբ է զբաղված: Բացի այն 5 պատգամավորներից, որոնք խորհրդարանում զբաղված են իրենց աշխատանքներով, ի՞նչ են անում մյուս ներկայացուցիչները:
-Մենք պատրաստվում ենք նախագահական ընտրություններին, ակտիվ քննարկումներ ենք կատարում, ծրագրեր մշակում: Ձեր նշած «մյուս թեւը» եւս մեծ աշխատանքներ է կատարում եւ լուրջ աշխատանք:
-Նշեցիք, որ ՀԱԿ-ում ակտիվ քննարկումներ են: Ի վերջո, որոշվե՞լ է, թե ով է լինելու ՀԱԿ-ի թեկնածուն նախագահական ընտրությունների ժամանակ: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ:
-Ես կարող եմ միայն իմ կարծիքն ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունն առաջադրելու է նախագահական ընտրություններում:
-Այսինքն՝ այդ քննարկումներից եզրակացնում եք, որ Տեր-Պետրոսյանը նման մտադրությո՞ւն ունի:
-Չէ՛, ուղղակի ես Ձեզ կարող եմ միայն իմ կարծիքն ասել, որ նա ժողովրդին էս վիճակի մեջ չի թողնելու եւ իր թեկնածությունը կառաջադրի: Չեմ կարծում, որ ուրիշի «դեմքով» հանդես կգա:
-Ակնհայտ է, որ Փաշինյան-Զուրաբյան-Ջհանգիրյան-Բագրատյան քառյակում հակասություններ կան, իսկ նշվածներից յուրաքանչյուրը ՀԱԿ-ում իր համակիրներն ունի: Դուք ո՞ւմ կողմնակիցն եք:
-Ես Ձեր նշած հակասության մասին ոչինչ չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ հակասություն կա, իմ կարծիքով՝ չկա: Մենք ընդհանուր գործ ենք անում:
-Ակնհայտ է, որ ՀԱԿ-ԲՀԿ «սիրավեպ» է սկսվել: Ըստ Ձեզ, այն կհանգեցնի՞ համագործակցության:
-Ցանկացած ուժի հետ մենք պատրաստ ենք համագործակցել, ի վերջո, մի փոքրիկ երկրում ենք ապրում, եւ չկա մի խնդիր, որը չհուզի ցանկացածիս: Բայց նշեմ, որ կհամագործակցենք այն ուժի հետ, որը պատրաստ է իշխանափոխության եւ մինչեւ վերջ կգնա դրան:
-ՀԱԿ-ի գրեթե բոլոր անդամները տարբեր ժամանակահատվածներում հայտարարում էին «ոչ դոդացմանը», այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում ՀԱԿ-ի համագործակցությունը ԲՀԿ-ի ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
-Էս արեւի տակ մշտական ոչ մի բան չկա, ու երեկվա թշնամիները կարող են դառնալ բարեկամներ, եթե, իհարկե, ունեն նույն նպատակը:
-Հիմա ԲՀԿ-ն նույն նպատա՞կն ունի, ինչ որ ՀԱԿ-ը:
-Ճիշտն ասած՝ ես դա չեմ կարող ասել: Ինձ համար դա մինչեւ վերջ պարզ չէ:
ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՌՆԱԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ