Չնայած այն հանգամանքին, որ Ռիգայում ընթացող Արեւելյան գործընկերության գագաթաժողովի երկրորդ օրը` աշխատանքների մեկնարկին թե՛ Լատվիայի վարչապետ Ստրաույումա Լայմդոտան, թե՛ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայտարարեցին, որ ԱլԳ գագաթաժողովի ընդունելիք ամփոփիչ հռչակագրի տեքստի շուրջ անհամաձայնությունները հարթված են, պարզվեց, որ իրականում դա այդպես չէ:
Ինչպես հաղորդում է Armlur.am-ի թղթակիցը Ռիգայից, Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը քիչ առաջ հայտարարել է, որ երեկ շրջանառության մեջ դրված հռչակագրի աշխատանքային տարբերակում տեղ գտած բոլոր ձեւակերպումները` կապված Ղրիմի հետ, մնացել են անփոփոխ:
Հիշեցնենք, որ հռչակագրում օգտագործված է «Ղրիմի բռնակցում» ձեւակերպումը, ինչի շուրջ, սակայն, Հայաստանն ու Բելառուսը դեռ երեկ հայտնել էին իրենց առարկությունը:
Այս պահին, փաստորեն, Հռչակագրի վերջնական տեքստի շուրջ անհամաձայնությունները պահպանվում են: Ավելին, դրանք ավելացել են` Ղարաբաղի վերաբերյալ հռչակագրում օգտագործված ձեւակերպումների շուրջ Ադրբեջանի հայտնած անհամաձայնության արդյունքում:
Ներկայումս նիստն ընդմիջված է եւ ընթանում են ակտիվ քննարկումներ:
Հրապարակման պատրաստմանն աջակցել է ՀՀ-ում Լատվիայի դեսպանությունը (նստավայրը՝ Թբիլիսի):