Ռիգայում կայացած գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Դոնալդ Տուսկը ստիպված է եղել զանգահարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել «Արևելյան գործընկերության» ամփոփիչ հռչակագիրը, Տուսկը հայտարարել է.
«Մենք Ալիևի հետ խոսել ենք նոր գործիքների ու նոր մոտեցումների մասին, որոնք պետք է արտացոլեն այդ դիֆերսիֆիկացիան: Ադրբեջանը տրամադրված է շարունակելու այդ համագործակցությունն, ու անգամ ամրապնդել մեր համագործակցությունը: Ադրբեջանի ու ԵՄ միջև կա համագործակցություն և այստեղ չկա ոչ մի կասկած: Նախագահ Ալիևն այսօր սա պարզ ու հստակ հասկացնել է տվել: Եվ այն, որ Ադրբեջանին ԵՄ հետ լավ հարաբերություններ են պետք, սրանում ևս ոչ մի կասկած չկա: Ինչ վերաբերում է մեր հռչակագրի շուրջ տարբեր էմոցիաներին, ապա դա բնական է: Մեր շուրջ տիրող իրավիճակը պարզ չէ: Ավելին Վիլնյուսի գագաթնաժողովից հետո շատ փոփոխություններ են եղել մեր շուրջ, սակայն մեր մտադրությունները չեն փոխվել, այդ պատճառով էլ ես ամբողջությամբ գոհ եմ գագաթնաժողովից, չնայած տարատեսակ բարդություններին` կապված Հռչակագրի տեքստի հետ: Ամենակարևորն ավարտն է, այլ ոչ թե սկիզբը:
Հիշեցնենք` Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարել էր, թե հրաժարվում է ստորագրել ԱլԳ ամփոփիչ հռչակագիրը` դրանում Ղարաբաղի վերաբերյալ տեղ գտած ձեւակերպումների պատճառով: