«Դա իրենց մանկությունից եկող և բացառապես հոգեբանների պարզելու խնդիրն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արթուր Գեղամի Հարությունյան անուն-ազգանունով երկրորդ թեկնածուն, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, ինչից անմիջապես հետո Ծառուկյանի թիկնազորը՝ հայտնի Էդոյի գլխավորությամբ, ԸԸՀ-ից առևանգել է Արթուր Հարությույանին: Ավելի ուշ սպառնալիքների ու ճնշումների ազդեցության տալ թեկնածուն վերադարձել և իր ինքնաբացարկի դիմումը հետ է վերցրել:

Armlur.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Սիսակ Մեսրոպյանը նշեց, որ նման բան չկա և ոչ մի թեկնածուն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել. «Դա ապատեղեկատվություն է»:

Իսկ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գիտեք՝ արդեն հոգնել եմ ասել, որ այդ ցնդաբանություն հանդիսացող ապատեղեկատվությունները մեկնաբանելն ու անդրադառնալը նպատակահարմար չեմ գտնում: Սկսենք նրանից, որ այս օրերին Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես Հայաստանում չի գտնվում: Երկրորդ` Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի Աբովյանում քաղաքապետի ընտրությունների հետ: Նա Աբովյանի քաղաքացի չէ, այնտեղ ընտրելու իրավունք չունի և որևէ առնչություն չունի ընտրական զարգացումների հետ: Ինչ վերաբերվում է մյուս թեկնածուների կողմից անընդհատ Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելու փաստին, կարող եմ ասել` եթե այդ թեկնածուները փորձում են դրանով սեփական ինքնագնահատականը բարձրացնել, իրենց անունը պարոն Ծառուկյանի անվան կողքին դնելով, ապա դա արդեն իրենց նեղ անձնական, գուցե մանկությունից եկող և բացառապես հոգեբանների պարզելու խնդիրն է»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նաև նշենք, որ քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս հաղորդագրություն է հրապարակել, որում ասված է. «Ոչ քաղաքացի Արթուր Գեղամի Հարությունյանը, ոչ վերջինիս անունից լիազորված որևէ անձ, ոչ նրա լիազորված ներկայացուցիչը թեկնածուի գրանցումից հետո մինչ այս պահը չեն այցելել թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով  և չեն ներկայացրել որևէ, այդ թվում,  ինքնաբացարկի դիմում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ աշխատակից այսօր առավոտյան չի մեկնել Աբովյան քաղաք»:

 




Լրահոս