Սերժ Սարգսյանի խորհրդակցություններն արդեն «դեժավյու»-ի տպավորություն են թողնում: Հատկապես իրավապահ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նրա ելույթներում առանձնապես փոփոխություն չկա, շատ հաճախ ելույթները կրկնվում են գրեթե նույն ձեւակերպումներով: Ներկայացնենք Ս. Սարգսյանի ելույթներից հատվածներ, մնացածը դատե՛ք ինքներդ:
13.06.2008թ. «Պետք է վերացնել ոստիկանության կողմից կամայական գործողությունների իրականացումը, մարդու իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարող ցանկացած քայլ…Յուրաքանչյուր ոստիկան պետք է հասկանա, որ անընդունելի է ապացույցների ձեռքբերումը հակաօրինական միջոցներով, անընդունելի է մարդու արժանապատվությունը նվաստացնող միջոցների կիրառումը»:
14.03.2011թ. «Տեսե՛ք, եթե քաղաքացիները փողոցում տեսնում են, որ կատարվում է իրավախախտում, եւ ոստիկանը մեջքով է շրջվում դեպի այդ իրավախախտում կատարողը, այս դեպքում ինչպիսի՞ հարգանք կամ ինչպիսի՞ վստահություն կարող է լինել ոստիկանի հանդեպ: Ավելի վատ օրինակներ բերեմ. ամբողջ հասարակությունը տեղյակ է, որ տեղի է ունեցել մարդասպանություն, գիտեն՝ ով է կատարել մարդասպանությունը, եւ ոստիկաններն այդ գործը շրջում են այնպես, որ իբր հանցագործությունը կատարել է մեկ ուրիշը, եւ իրական հանցագործը մնում է դրսում: Բոլո՛րդ գիտեք, որ այդպիսի դեպք տեղի ունեցավ Արաբկիրի տարածքում: Ես ձեր փոխարեն ինքս ամաչում եմ… Ինքներդ առաջինը պետք է գայիք ու այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք` ա՛յ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը»:
20.04.2011թ. «Դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը պետք է հանդիսանա հատկապես դատարանների կողմից օրենքների միատեսակ մեկնաբանությունը եւ կիրառությունը: Այս արատը, ընդհանրապես, միշտ եղել է: Բայց դրա դեմ մենք պետք է շատ լրջորեն պայքարենք: Երբ մարդիկ տեսնում են, որ շեղումներ են լինում, բնականաբար, այդ երեւույթը երբեք չի կարող նպաստել հենց նույն դատարանների կամ այլ մարմինների հեղինակության բարձրացմանը: Իսկ մեր նպատակներից մեկն էլ այն է, որ մեր իրավապահ մարմիններն ունենան բարձր հեղինակություն»:
13.07.2011թ. «Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը` … որակապես եւ սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Սա մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է: Մենք պետք է արձանագրենք, որ դատարանների նկատմամբ հասարակության վստահության պակասը շարունակում է մնալ արդիական եւ չլուծված»:
25.08.2011թ. «Ակնհայտ է, որ ամենից լավ պրոֆիլակտիկան` հանցագործությունների բացահայտումն է եւ պատժի անխուսափելիության ապահովումը: Ընդ որում` երկու խնդիր կա. մեկը վերաբերում է հանցագործությունների բացահայտման եւ քննության փուլերին, որ օպերատիվ եւ քննչական մարմինները պարտավոր են իրականացնել ժամանակին ու որակյալ, եւ երկրորդ խնդիրը` դատավճռի կայացումն է ու դրա ի կատար ածումը: Մենք երկու պարագաներում էլ խնդիրներ ունենք եւ այլեւս չենք կարող հանդուրժել դրանց գոյությունը»:
22.12.2011թ. «Տրվել են հանձնարարականներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնց պատշաճ իրագործումը պետք է բարելավեր ձեր ղեկավարած կառույցների գործունեությունը, հենց դրանով հանդերձ բարձրացներ հանրային վստահությունը: Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն, եւ մենք չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ այս ոլորտում… Քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների»:
28.09.2012թ. «Մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել ասելու, որ դատարանների բնականոն գործունեությանը վերաբերող ցանկացած խնդիր պահանջում է լրջագույն վերաբերմունք: Նման հարցերին վերապահումներով մոտեցումները պարզապես անթույլատրելի են եւ աններելի: Արդարադատության համակարգի արդյունավետությունը չի կարող եւ չպետք է կախված լինի կոնկրետ անձանցից կամ այդ անձանց թերի ու անբարեխիղճ աշխատանքից: Որեւէ անտարբերություն կամ ձախողման արդարացում չենք ընդունելու»:
29.10.2012թ. «Շարունակում է արդիական մնալ առանձին դատախազների անփութության կամ չարամտության խնդիրը, որը, ցավոք, արժանի գնահատականի չի արժանանում: Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին եւ պարտակում հանցագործությունը: Ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր եւ անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ընդհանրապես, իրավապահ մարմնում ինչպե՞ս կարող է այսպիսի մթնոլորտ լինել: Այսինքն՝ դա նշանակում է, որ որոշ մարդիկ հղփացել են»:
Հ.Գ. Փաստորեն, 4 տարի շարունակ Ս. Սարգսյանը բարձրացնում է նույն խնդիրները, քննադատում, պահանջում դրանք վերացնել: Ու դատելով խորհրդակցությունից խորհրդակցություն նրա խոսքերի տոնայնությունից՝ կարելի է եզրակացնել՝ այդ հանձնարարականները ոչ միայն չեն կատարվում, այլեւ վիճակն ավելի ու ավելի է վատթարանում:
«ՍԻՐՈՒՆ ՉԷ» ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԸ ՉՈՐՍ ՏԱՐԻ ԵԹԵՐՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ