ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ԱՆԳՈ՞ՐԾ Է, ԹԵ՞ ՀԱՆՑԱԳՈՐԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպե՞ս է լինում, որ որոշ զորամասերի անուններ ընդհանրապես չեն շոշափվում լրատվամիջոցներում, իսկ որոշ զորամասերում այնքան հանցագործություններ են լինում, որ նույնիսկ լրատվամիջոցները չեն հասցնում դրանք լուսաբանել եւ հետեւել ամբողջ ընթացքին: Հադրութի զորամասերից մեկը հենց շատ վատ համբավ ունեցողներից է, որտեղ քիչ չեն ծանր հանցագործությունները:
Դա այն զորամասն է, որտեղ ծառայում էր ջրծաղիկ հիվանդությունից մահացած Հայկ Մովսեսի Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողը մահացել էր 2011թ. դեկտեմբերի 30-ին զորամասի բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով: Սույն դեպքով քրեական գործի դատաքննությունն ընթանում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Եւս մեկ ծանր դեպք էր գրանցվել 2011թ. հուլիսի 29-ին: Ըստ մեղադրական եզրակացության՝ նույն զորամասի ժամկետային զինծառայող Սահակ Ասիլբեկյանը 2011թ. հունիսի 17-ից մինչեւ հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար վիճաբանել եւ ապտակել էր իրենց ջոկի ժամկետային զինծառայող Էդվարդ Ալավերդյանին ու նաեւ սպառնացել, որ զորամասում այլ զինծառայողներին Ալավերդյանի մասին արատավորող տեղեկություններ կհայտնի: Միաժամանակ բռնության գործադրման սպառնալիքով Ասիլբեկյանն Էդվարդից պահանջել էր մարտական հերթապահությունից հետո զորամասում իրեն տալ 50 000 դրամ գումար: Հետեւանքը եղել էր այն, որ Էդվարդը, գտնվելով խիստ ընկճված հոգեվիճակում, 2011թ. հուլիսի 29-ին՝ ժամը 06:45-ի սահմաններում, նույն զորամասի մարտական դիրքում ինքնասպանություն էր գործել` իրեն ամրակցված ինքնաձիգով կրակել էր իր կզակային շրջանին եւ մահացել:
Դատաքննության փուլում գտնվող սույն գործով մեղադրանք է առաջադրված նաեւ նույն զորամասի ջոկի հրամանատար Ալիկ Հակոբջանյանին: Վերջինս նկատել է, որ Սահակ Ասիլբեկյանի փոխարեն զինծառայության հետ կապված առանձին պարտականությունները կատարում է շարքային Էդվարդ Ալավերդյանը, սակայն միջոցներ չի ձեռնարկել այդ արատավոր երեւույթը վերացնելու ուղղությամբ, տեղյակ չի պահել վերադաս հրամանատարությանը:
Այս զորամասում նաեւ ծեծկռտուք, քաշքշուկ ու նաեւ այլ հանցագործություններ են եղել, որոնց հանգամանքները քրեական գործերում այսպես են արտացոլվել: Օրինակ՝ անցյալ տարի շարքային Հակոբ Դավթյանը հայհոյել եւ ծեծի էր ենթարկել լեյտենանտ Մեսրոպ Ջուլհակյանին, երբ վերջինս բռնություն էր գործադրել իր նկատմամբ: Երկուսին էլ մեղադրանք էր առաջադրվել:
Նույն զորամասի սերժանտ, ջոկի հրամանատար Արմեն Նազարյանն էլ 2010թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում՝ ֆիզհրապարակում առավոտյան մարմնամարզության ժամանակ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ֆիզիկական պատրաստության վարժությունները սխալ կատարելու համար վաշտի անձնակազմի ներկայությամբ բռնել էր շարքային Արեն Պալաքյանի զինվորական համազգեստի թեւքից, նրան մի կողմ քաշել ու անպարկեշտ ձեւով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը: Ա. Նազարյանին մեղադրանք էր առաջադրվել զինվորին վիրավորելու համար, սակայն դատարանը համաներմամբ ազատել էր նրան եւ գործը կարճել:
2011թ. օգոստոսի 25-ին էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը խարդախության մեջ մեղադրված ժամկետային զինծառայող Սեյրան Վանեսյանին  դատապարտել էր 3 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատել պատժից: Նա 2010թ. սեպտեմբերից դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ապօրինի, շահադիտական նպատակով եւ զորամասի 7 սպաների վստահությունը չարաշահելով, վերցրել էր ընդհանուր առմամբ 967 000 դրամ գումար եւ հափշտակել:
Նկատենք, որ Հադրութի այս զորամասում իրավիճակը հուսադրող չի եղել ծանր դեպքերից առաջ եւ չի փոխվել նույնիսկ ծանր հանցագործություններից հետո: Սա ակնհայտորեն խոսում է հայկական զինված ուժերի բարձրագույն հրամանատարության անգործության մասին: Եւ այս դեպքում պատասխանատվությունը հավասարապես կրում են ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում զորամասի հրամանատարների նշանակման հարց լուծող պաշտոնյաները, որոնք իրենց անգործությամբ ուղղակի զարկ են տալիս հանցավորության աճին ռազմավարական եւ հատուկ նշանակության գոտիներում:
Հ.Գ. Այս հանցագործությունների շարքը, ցավոք, անսպառ է, եւ առաջիկայում կներկայացնենք նաեւ այն զորամասերը, որտեղ հրամանատարների անգործություն կա եւ հանցավոր բարքերի շարունակություն: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը թող ասի, թե որ դեպքից հետո կոնկրետ որ պատասխանատուին ինչպես է պատժել: Բայց կանդրադառնանք նաեւ օրինակելի զորամասերին, եթե ՊՆ-ն նման հնարավորություն ընձեռի:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս