«Ո՞վ կարող է ասել, թե ինչու եղբայրս գնաց այս քայլին: Այդ հարցին կարող է պատասխանել միայն նա, բայց նա այլեւս չկա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սրտնեղած ասաց 78-ամյա Լենիկ Եղոյանը` անդրադառնալով եղբոր` Աէրացիա թաղամասի 2/7 շենքի 5-րդ հարկի բնակիչ 84-ամյա Շմավոն Եղոյանի երեկ կատարած ինքնասպանության պատճառներին:
Շմավոն Եղոյանը սեփական բնակարանի 5-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպան է եղել երեկ` առավոտյան ժամը 7:30-ին, երբ ընտանիքի անդամները քնած են եղել: Կատարվածի մասին նրանք տեղեկացել են, երբ հարեւաններից մեկը ահազանգել է Եղոյանների բնակարան եւ տեղյակ պահել, որ ծերունին իրեն ցած է նետել: «Ժողովուրդ»-ը եղավ Եղոյանների բնակարանում: Ինքնասպանություն գործած Շ. Եղոյանն ուներ երեք դուստր եւ մեկ խորթ որդի` 51-ամյա Երվանդ Հարությունյանը: Շմավոնն ապրում էր տղայի, հարսի` Հերիքնազի եւ երկու թոռնիկների հետ:
«Մենք ձայն կամ աղմուկ չենք լսել: Նրա ննջասենյակը պատշգամբում է, եւ առավոտյան երեւի վեր է կացել ու այսպիսի բան արել»,-մեզ հետ զրույցում ասաց հարսը` Հերիքնազը: Զրուցեցինք նաեւ ինքնասպանություն գործած Շմավոն Եղոյանի փոքր դստեր` 37-ամյա Քնարիկի եւ եղբոր` Լենիկ Եղոյանի հետ:
«Վերջին անգամ հետը խոսել եմ 4 օր առաջ: Միակ խնդիրը, որ նա ուներ բոլորիս հետ, այն էր, որ ասում էինք, թե փնթի մի՛ պահի քեզ, լողացի՛, բայց նա ոչ ոքի չէր լսում եւ մաքուր չէր պահում իրեն: Հայրս ոչ մի բանից դժգոհություն չուներ, ուտելիքը, ամեն ինչ տեղն էր, բայց թե ինչու գնաց այս քայլին, չգիտեմ»,-մեղավորության զգացումով պատմեց դուստրը` հավելելով, որ վերջին անգամ խիստ կոպիտ է խոսել հոր հետ ոչ հիգիենիկ պահվածքի պատճառով:
Ինքնասպանի եղբայր Լենիկ Եղոյանը նշեց, որ վերջին անգամ եղբոր հետ խոսել էր մեկ ամիս առաջ. «Դե մեծացել էր, ուշ-ուշ էինք տեսնում իրար: Ինքը չէր գալիս, դե ես էլ չէի կարողանում գալ-գնալ: Ի՞նչ ասեմ: Մենք 6 երեխա ենք եղել, ու նա մեր ամենամեծ եղբայրն էր ու տանջված եղբայրը»:
Եղոյանի դուստրը նաեւ պատմեց, որ հայրը ծերունական հիվանդությամբ էր տառապում. «Գնում էր կորում, հազիվ էինք կարողանում գտնել: Անգամ մի օր ոստիկանությունն է գտել բերել»:
Շ. Եղոյանի հարեւանները մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ ընտանիքի անդամները հոգատար են եղել նրա նկատմամբ: Ծերունական հիվանդությունը թերեւս առաջին վարկածն էր, որ առաջ քաշեցին նրանք: «Մեծացել էր, ցնդել էր, մի հատ մեծ փայտ ուներ, վերցնում էր ու իջնում բակ: Այս վերջին երկու տարում ավելի շատ էր խելքը թռցրել»,-ասաց բնակիչներից մեկը` չցանկանալով ներկայանալ:
Ո՞ՐՆ ԷՐ ԾԵՐՈՒՆՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ