Մայիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի հերթական նիստը:
Օրակարգում ընդգրկված էր չորս հարց: Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գ. Արշակյանը ներկայացրեց հաշվետվություն 2014 թ. ՀՀ ՍՆ պատվերով կատարված գիտական և գիտակրթական հետազոտությունների վերաբերյալ: Խոսելով վարչության գործառույթների մասին՝ զեկուցողը կարևորեց Սփյուռքի հայ համայնքների և համահայկական նշանակություն ունեցող հիմնախնդիրների ուսումնասիրությունը: Նա նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ամեն տարի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր ինստիտուտներին, ԵՊՀ-ին, «Նորավանք» ԳԿՀ-ին և գիտական այլ հաստատություններին տրվում են թեմատիկ հետազոտությունների պատվերներ՝ ոլորտային հիմնահարցերը մասնագիտական տեսանկյունից հետազոտելու նպատակով: Զեկուցողը հանգամանորեն ներկայացրեց հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքները, անդրադարձավ հետազոտությունների շարունակականությանը: Գ. Արշակյանը նշեց, որ հետազոտությունների արդյունքում արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման, նաև՝ արտերկրի հայագիտական կենտրոնների ներուժի հաշվառման հնարավորություն է ստեղծվում: Ավարտելով իր խոսքը՝ զեկուցողը նշեց, որ 2014թ. 12 հետազոտությունները շահեկանորեն տարբերվում են որակով, արդյունքներով և կիրառման հնարավորություններով:
«Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015թ. ծրագրի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Նա նշեց, որ 2015 թվականը ծրագրի իրականացման 7-րդ տարին է: Այս տարի նախորդ տարիների նման նախատեսվում է ընդունել երկշաբաթյա ծրագրերով 1100 սփյուռքահայ երիտասարդի: Ձևավորվել են միջգերատեսչական համակարգող հանձնաժողովը և միջգերատեսչական և նախարարության աշխատանքային խմբերը:
Մայիսի 18-ին քաղաքապետարանում անցկացվել է աշխատանքային նիստ՝ քաղաքապետ պարոն տարոն Մարգարյանի և ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ: Տարվում են աշխատանքներ Երևանի վարչական շրջանների, երևանամերձ մարզերի հետ (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք)՝ հյուրընկալ ընտանիքների հավաքագրման համար, արդեն 40 համայնք համաձայնություն է տվել:
Մշակվել և հաստատվել է 2015թ. ծրագրի գրքույկ-ուղեցույցը, թարգմանվել է ռուսերեն և անգլերեն: 2015թ. ծրագիրը կիրականացվի հունիսի 14-ից մինչև օգոստոսի 29-ը՝ 8 փուլով: 2015 թվականի մայիսի 21-ի դրությամբ ծրագրին մասնակցության հայտ է ներկայացրել 102 սփյուռքահայ՝ 11 երկրից. Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքմենստանից, Ղրղզստանից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Բելգիայից, Դանիայից, Լիտվայից, Լիբանանից, ԱՄՆ-ից: Այս տարի ևս Դերսիմից պասվում է 40-50 հոգանոց խումբ: Երևանում Հայ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության երիտասարդական հավաքի շրջանակներում ծրագրին կմասնակցի ևս 200-220 երիտասարդ՝ Լիբանանից, Սիրիայից, Քուվեյթից, Ֆրանսիայից, Կիպրոսից, ԱՄՆ-ից, Կանադայից:
«Հայկական սփյուռք-2014» տարեգրքի հրատարակման աշխատանքների կատարման ընթացքի մասին զեկուցեց համահայկական, միջազգային և եկեղեցական ծրագրերի վարչության պետ Կ. Սարգսյանը: նա նշեց, որ տպագրության է պատրաստվում 6-րդ տարեգիրքը, որտեղ հավուր պատշաճի լուսաբանվում և ներկայացվում են աշխարհի ավելի քան հարյուր երկրների հայ համայնքներում հասարակական-քաղաքական կազմակերպությունների` հոգևոր կառույցների, բարեգործական կազմակերպությունների, հիմնադրամների, մշակութային և կրթական կազմակերպությունների, կուսակցությունների, հայագիտական կենտրոնների և ամբիոնների, երիտասարդական, կանանց, մարզական կառույցների, գրադարանների, մասնագիտական և հայրենակցական միությունների, ճանաչված սփյուռքահայերի և անհատ բարեգործների հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ուղղությամբ կատարած հսկայածավալ աշխատանքները:
«Հայկական Սփյուռք-2014» տարեգիրքը հրատարակվելու է արևելահայերեն-ռուսերեն և արևմտահայերեն-անգլերեն տարբերակներով:
Մինչ օրս հրատարակված տարեգրքերից շուրջ 6000 օրինակ առաքվել է սփյուռքյան ավելի քան 600 հասցեով: Այն աղբյուրագիտական հարուստ նյութ է պարունակում Հայրենիք-Սփյուռք առնչությունների վերաբերյալ:
Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հ. Ասլանյանը ներկայացրեց հաշվետվություն 2014-2015թթ. վարչության իրականացրած աշխատանքների վերաբերյալ, զեկուցողն անդրադարձավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Եվրոպայի հայ համայնքներում և Հայաստանում կազմակերպած միջոցառումներին վարչության կատարած աշխատանքներին:
Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գոհունակությամբ ներկայացրեց նախորդ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և կարևորեց սերտ կապն ու համագործակցությունը Սփյուռքի բոլոր, մասնավորապես Եվրոպայի հայ համայնքների հետ, նախարարության ծրագրերին նրանց ակտիվ մասնակցութունն ապահովելուն ուղղված՝ վարչությունների կազմակերպված ու համակարգված աշխատանքը: