«ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆԵՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՍ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթում հոկտեմբերի 17-ին տպագրված «Ապրում են բանտում` հանցագործների հետ» վերնագրով հոդվածին արձագանքել է ՀՀ արդարադատության նախարարությունը: ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության աշխատակիցները համապատասխան ուսումնասիրություններ են կատարել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում եւ պարզել, որ ամեն ինչ կարգին է: Մինչդեռ հանրակացարանի  բնակիչները մեզ տեղեկացրին, որ իրենց հետ ՀՀ ԱՆ-ից ոչ ոք չի զրուցել:
ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից «Ժողովուրդ»-ին պատասխան նամակ են ուղարկել, որտեղ ներկայացրել են կատարված ուսումնասիրության արդյունքները: Այսպիսով՝ ԱՆ-ն պարզել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 25.11.2008թ. տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ հոդվածում հիշատակված հանրակացարանները, գտնվելով «Աբովյան» ՔԿՀ-ի բալանսում, ՀՀ սեփականությունն են: Տեղեկացանք, որ երեք շինությունները դեռեւս խորհրդային տարիներից գտնվել են ՔԿՀ-ի վարչական տարածքում եւ այստեղ բնակեցվել են հիմնարկի` բնակարանով անապահով ծառայողներն իրենց ընտանիքի անդամների հետ միասին:
Բացի այդ, պարզվել է, որ ներկայում հանրակացարաններում բնակվում են «Աբովյան» ՔԿՀ-ի 10 աշխատակիցներ իրենց ընտանիքներով, «Սեւան» ՔԿՀ-ի 2 եւ «Աբովյան» ՔԿՀ-ի նախկին 6 աշխատակիցներ դարձյալ իրենց ընտանիքներով: Իսկ հանրակացարանի թվով 4 սենյակներ բնակեցվել են բաց ուղղիչ հիմնարկի 8 դատապարտյալներով:
«Այցելության ժամանակ պարզվեց նաեւ, որ հանրակացարանում բնակվող նախկին աշխատակից Հովսեփ Սիմոնի Մելիքսեթյանը ներկայում աշխատում է ՊՆ-ում, Կամո Ավսադի Հովհաննիսյանը Կոտայքի մարզի Հատիս գյուղում ունի սեփական տուն եւ իր ընտանիքով, բացի որդուց, բնակվում է նշված գյուղում, Աշխեն Խաչիկի Խաչատրյանն իր ընտանիքով ներկայում բնակվում է ք. Աբովյանում եւ հազվադեպ է գալիս հանրակացարան: Այցելության ընթացքում տեսչության աշխատակիցների հետ հանրակացարանում բնակվող որոշ քաղաքացիների հետ զրույցի ընթացքում քաղաքացիները հայտնել են, որ որեւէ բողոք չունեն դատապարտյալներից, նրանք մշտապես գտնվում են քրեակատարողական ծառայողների հսկողության ներքո: Հիմնարկի քրեակատարողական ծառայողների հետ զրույցի ընթացքում նրանք հայտնեցին, որ մինչ օրս բաց տիպի դատապարտյալների կողմից կատարված որեւէ խախտում չի հայտնաբերվել»,-նշված է պատասխան նամակում:
ՀՀ ԱՆ-ն պարզաբանել է նաեւ հանրակացարանի բնակիչների հետ դատապարտյալների բնակեցման իրողությունը: Ըստ այդմ, բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, օրինապահ վարքագիծ դրսեւորող եւ դրական բնութագրվող դատապարտյալը, եթե ամուսնացած է եւ ունի հիմնական աշխատանք, հիմնարկի պետի թույլտվությամբ կարող է բնակվել նաեւ իր ընտանիքի հետ` հիմնարկի սահմաններում գտնվող, նշված նպատակի համար նախատեսված հանրակացարանում:
Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին ուղղիչ հիմնարկի այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին` ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում եւ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ` դրանից դուրս:
Սակայն բնակիչներից մեկը, որը խուսափեց ներկայանալ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Իրենք եկել են ու միայն հանդիպել դատապարտյալների հետ: Մեզ հետ չեն հանդիպել: Ավելին, դատապարտյալներն էլ բնակիչներից են դժգոհել` ասելով, թե մեր անդորրը խանգարում են: Հետո մի անգամ էլ եկան, տները նայեցին, բայց ոչ մի բան չասացին: Մենք չենք ուզում ապրել կալանավորների հետ»:
«Ենթադրենք՝ 18 հոգուց մի երեքը տուն ունի, բա մյուսնե՞րը, մյուս 15 ընտանիքն ի՞նչ անի: Ես հավատացնում եմ ձեզ, որ ոչ ոք մեզ հետ չի զրուցել: Խնդրում ենք, որ հանեն դատապարտյալներին, բայց իրենք գնում են, այլ հարցերով են հետաքրքրվում: Երեխաների առջեւ դուրս է գալիս դատապարտյալ` սիգարետը ձեռքին, հագուկապը… կամ հայհոյում են երեխաների ներկայությամբ: Խոսք չունեմ նկարագրելու: Ո՞նց պաշտպանեմ երեխաներիս»,-վրդովված նկատեց մեկ այլ բնակիչ, որը նույնպես հասկանալի պատճառներով չներկայացավ:
Թեեւ ՀՀ ԱՆ-ը վստահեցնում է, որ ամեն ինչ կարգին է, երեկ մենք վերստին արձանագրել ենք դատապարտյալների հետ «նույն հարկի» տակ բնակվողների դժգոհությունը: Հետաքրքիր է` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կհանդուրժե՞ր, որ իր երեխան բնակվեր հանցագործի հետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս