Գյումրու քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են: Մի քանի օր առաջ մարզային բնապահպանության տեսչության պետ Արտուշ Մովսիսյանը ազատվել է մեկ տասնամյակից ավելի զբաղեցրած իր պաշտոնից. պատճառը թոշակային տարիքի անցնելն է: Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ պաշտոնում նշանակվելու է Հ1-ի մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրը՝ ֆիզիկական կուլտուրայի մասնագետ, մարմնամարզիկ Ռուբեն Մնացականյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուբեն Մնացականյանն այս պահին քաղծառայողի իր անձնագիրն է փոխում` մասնագիտությունը ստանձնելիք պաշտոնին համապատասխանեցնելու համար:
Վերը նշվածի կապակցությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ արդեն նախկին պետ Արտուշ Մովսիսյանից, որը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Ես ազատված մարդ եմ, ի՞նչ գործ ունեք ինձ հետ, ինչի՞ եք նման հարցեր տալիս: Ըստ Ձեզ, ես Ձեր հարցերին կպատասխանե՞մ»: Այնուամենայնիվ, արդեն նախկին պետն ասաց, որ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գնել Հայրապետյանը, որը մասնագետ է եւ իսկ սկզբանե աշխատել է իր հետ, իսկ թե այնուհետ ով է այդ պաշտոնը ստանձնելու, ինքը տեղյակ չէ: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե հավանականություն կա, որ Գ. Հայրապետյանը դառնա տեսչության պետ, Ա. Մովսիսյանն ասաց. «Ասում են՝ մինչեւ հրամանը ձեռքդ չեղնի, մի՛ հավատա»: Փորձեցինք պարզել նաեւ Ա. Մովսիսյանի կարծիքն այդ պաշտոնում ոչ մասնագետ Ռ. Մնացականյանին նշանակելու մասին. «50 տարի էլ որ մարդն աշխատի այդ բնագավառում, լիարժեք բնապահպան չի դառնա, օրենսդրական դաշտը շատ ծավալուն է: Եթե եկողը լավ անձնավորություն լինի՝ ընդունակ լսելու, ղեկավարելու, եթե կրթություն ունի, անցած ճանապարհ ունի, ես կարծում եմ, որ կարելի է մեր աշխատողների հետ կազմակերպել աշխատանքը: Ես էլ էկո մասնագետ չեմ, ունեմ տնտեսագիտական կրթություն»:
«Բիոսաֆիա» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչքանով է տեղյակ բնապահպանական տեսչության մարզային կառույցում կադրային փոփոխություններից ու ինչ կասի շրջանառվող լուրերի մասին: Ըստ բնապահպանի՝ տեսչական գործունեություն ծավալելն այնքան էլ հեշտ գործ չէ: Նախ պետք է ծանոթ լինել ոլորտի օրենսդրությանը, ապա ոլորտում որոշակի փորձ ունենալ: Նրա կարծիքով՝ ցանկալի է, որ այդ պաշտոնը ստանձնի մեկը, որն ունի տեսչական գործունեության երկար փորձ ու նաեւ հանրության համար ավելի բաց աշխատող կլինի. «Վերջին տարիներին մենք հասել էինք նրան, որ տեսչությունը՝ ի դեմս Մովսիսյանի, հասարակության հետ բավական ակտիվ էր աշխատում: Այնպես չլինի, որ եկածները իրենց գործն անեն ու մեզ ասեն, թե իրենց հետ գործ չունենք: Իհարկե, դա նաեւ մեզնից է կախված, բայց մեծամասամբ շատ կարեւոր է, թե ով կլինի այնտեղ՝ որպես մարդ»:
Գյումրի