Ո՞ՒՄ ՇՆՈՐՀԻՎ Է ԾԱՂԿՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անգործունակների կառավարության» առաջատար ճյուղերից ՀՀ մշակույթի նախարարությունն իր կայքում հրապարակել է 2011թ. կատարողական-հաշվետվությունը, որը եւս աչքի է ընկնում նկատելի բացթողումներով եւ թերություններով: Թեեւ աշխարհի որեւէ գերատեսչության ցանկացած հաշվետվություն անկարող է լինել իդեալական ու կատարյալ, այսուհանդերձ, կարող ենք պնդել, որ նման անհեթեթ ձեւակերպումների ու ընդգծումների քիչ տեղերում կարելի է հանդիպել:
Նախ եւ առաջ հարկ է շեշտել այն կարեւոր հանգամանքը, որ այս հաշվետվության մեջ էլ հիմնականում ներկայացված են միայն «կատարված գործերը»: Մինչդեռ տրամաբանական կլիներ ակնկալելը, որ առաջադրված խնդիրների ներքո պետք է ներկայացվեր, թե որ ասպարեզում է նախարարությունը հասել հաջողության, իսկ որտեղ՝ խնդիրների բախվել: Սա կդիտվեր օրինաչափ, քանի որ ներկայիս հաշվետվությունից կրկին այն տպավորությունն ենք ստանում, որ առանց որեւէ նախնական ծրագրի ինչ կարողացել, արել են: Նման մեթոդով, կարծում ենք, անկարելի է գնահատել որեւէ գերատեսչության գործունեություն (նույնիսկ ինքնագնահատական հնչեցնել), եթե չեն մասնավորեցվում նախապես ծրագրվածը եւ դրա շրջանակներում ձեռք բերված դրական արդյունքներն ու կրած անհաջողությունները:
Ուսումնասիրելով ՀՀ մշակույթի նախարարության տարեկան հաշվետվության «Մշակութային ժառանգության պահպանություն եւ հանրահռչակում» բաժնի թանգարանային ոլորտին վերաբերող հատվածը՝ բախվեցինք մի քանի խնդիրների, որոնց կփորձենք անդրադառնալ ստորեւ: Այսպես, որպես կարեւոր ձեռքբերում են ներկայացված ու առաջին տողերում հանգրվանելու պատվին են արժանացել մի շարք օրենքներում («ՀՀ կառավարության 2007թ. N 484-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու եւ թանկարժեք մետաղներից եւ քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու մասին», «Թանգարանների ու ՀՀ թանգարանային ֆոնդի մասին») փոփոխությունների ու լրամշակումների մասին ազդարարումները: Մինչդեռ անհասկանալի է մնում, թե ինչ նպատակ են հետապնդել այդ փոփոխությունները, վերջապես՝ կոնկրետ որ հատվածն է փոփոխության ենթարկվել եւ ինչու: Ինչ-ինչ օրենքների փոփոխությունների մասին դեկլարատիվ հիշատակումների այս շարքը, մեղմ ասած, թերի է, եթե ներկայացված չէ ամբողջական տեղեկատվություն կոնկրետ շտկումների ու վերանայումների մասին: Բացի այս, նշված չէ, թե ինչ ընթացակարգով են կատարվել օրենքներում վերոնշյալ «կենսական» փոփոխությունները, եւ որքան միջոցներ են ծախսվել դրանց վրա: Տպավորությունն այնպիսին է, որ հաշվետվությունը կազմողներն ուղղակի էջեր են լցրել նման «մեծաշուք» արձանագրումներով:
Թանգարանային ոլորտում ձեռք բերված հերթական խոշոր հաջողությունը սենսորային կրպակների՝ դեռեւս նախորդ տարիներից սկսված տեղադրումն է: Պարզվում է՝ այդ կրպակները թանգարանի այցելուներին հնարավորություն են տալիս ծանոթանալ թանգարանի ֆոնդերում պահվող եւ չցուցադրվող մշակութային արժեքներին: Ի գիտություն ընդունելով պնդումը՝ հարկ է շարունակել ընթերցումը եւ իմանալ, որ հովանավորների օգնությամբ 2011թ. ձեռք են բերվել թվով 21 նման կրպակներ: Հաշվետվության այս ենթակետի շուրջ ծագում են մի քանի թյուրըմբռնումներ, որոնք պարզաբանված չեն նյութում: Նախ՝ ովքեր են այդ առեղծվածային հովանավորները, որոնց անունները հիշատակված չեն կատարողականում: Ինչ խոսք, հաճախ են լինում դեպքեր, երբ մեկենասություն անողը չի կամենում իր անվան որեւէ հիշատակություն, բայց տվյալ հաշվետվությունում առնվազն կարելի էր խոսել այդ մասին, եթե, իհարկե, գործ ունենք վերը հիշատակված ենթադրության հետ: Ի վերջո, բաց է մնում հարցը, թե ինչպիսին է եղել այդ օգնությունը. խոսքը ֆինանսական միջոցների հատկացմա՞ն մասին է, թե՞ վերոհիշյալ 21 կրպակների: Այդ հարցի պարզաբանումը էական նշանակություն կարող է ունենալ, քանի որ եթե նվիրաբերողը հատկացրել է սոսկ ֆինանսական միջոցներ, ապա ծագում է մեկ այլ խնդիր. ինչպե՞ս են ձեռք բերվել այդ կրպակները: Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել դրանց որակի համապատասխանության ստուգման, ֆինանսական միջոցների ճիշտ ուղղորդման եւ նմանատիպ այլ հարցերում: Այս խնդիրների առնչությամբ զանգահարեցինք ՀՀ մշակույթի նախարարության լրատվության բաժին, որտեղից խնդրեցին հարցերն ուղարկել էլեկտրոնային հասցեով՝ խոստանալով հնարավորինս շուտ պատասխանել:
Ի դեպ, կատարողական-հաշվետվության թանգարանային ոլորտի ձեռքբերումների շարքում ամենացնցող նորությունն այն է, որ ընդհանուր առմամբ 2011թ. թանգարաններ է այցելել 444 451 մարդ, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 45 024-ով: Մշակույթի նախարարությունը համոզված է, որ իր «հայրենանվեր ու անձնուրաց» քաղաքականության արդյունքում հասարակության մեջ ավելացել է թանգարանների հանդեպ հետաքրքրությունը: Խիստ վիճելի այս պնդումը նախարարությունը համարում է հաջողություն, վերագրում իրեն ու ներառում սեփական հաշվետվության մեջ: Մշակույթի նախարարությանը կարող ենք խորհրդի կարգով հուշել՝ մի սոցհարցում կազմակերպել եւ պարզել՝ արդյոք այս պնդումը համապատասխանում է իրականությանը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս