ՊԱՏԺԵ՛Ք, ՈՐ ՀԱՎԱՏԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազության աշխատակիցների հետ վերջին խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին եւ պարտակում հանցագործությունը: Ավելին, որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր եւ անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում»: Ստորեւ ներկայացված նամակում 10 տարի ազատազրկման դատապարտված Աշոտ Չտրկյանի մայրը՝ Անահիտ Չտրկյանը, հենց  նման իրավիճակի մասին է ահազանգում: Հուսանք, որ այս նամակն անարձագանք չի մնա:

«Հարգելի՛ Սերժ Սարգսյան,
Ձեր գրել եմ բազմիցս, սակայն Ձեր աշխատակիցները, հանցավոր համաձայնության գալով, նամակներս ուղարկում են գլխավոր դատախազություն: Պարո՛ն Սարգսյան, իմ որդուն բանտարկել են առանց փաստերի, առանց ապացույցների, առանց վկայության: ԱԱԾ քննիչ Ա. Թեւանյանը շինծու, սարքովի, երեւակայական գործ է ստեղծել, որի հետեւանքով 5 անմեղ երիտասարդներ այժմ բանտում են:
Գործով գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը նշում է մեղավորների անունները, որոնց շարքում են դատախազներ, գնդապետեր, փոխգնդապետեր եւ ուրիշներ, բայց նրանք ազատության մեջ են, իսկ մեղադրյալի աթոռին նստած են բոլորովին անմեղ մարդիկ:
Առաջին ատյանի դատարանը որդուս դատապարտեց 10 տարվա ազատազրկման: Ո՞ր մեղքի համար: Պատճառն այն է, որ ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանը, քննիչ Ա. Թեւանյանը գործ են ստեղծել, որ ցույց տան, թե աշխատում են ու պարգեւատրվեն: Ամո՛թ: Ինչո՞ւ է գործից անհետացել հեռախոսազանգերի ցանկը, սկավառակներ, որոշ փաստեր, որոնք շատ բան էին ապացուցում: Բոլորն էլ տեղյակ են այս երեւակայական գործից, բայց վախենում են ասել. «Թագավորը մերկ է»:
Ինչո՞ւ եք բանտերը լցնում անմեղ երիտասարդներով. չէ՞ որ նրանք ընտանիք ունեն…
Ա. Թեւանյանը, դատախազ Ա. Ամիրզադյանը, դատավոր Մ. Մարտիրոսյանն իմ ընտանիքի համար մարդասպան սաֆարովներ են: Անօրինությունը տիրել է մեր երկրին… Պատժող չկա… Պատժել կարողանում են միայն օրինավոր մարդկանց, որոնք չունեն թիկունք, տեր եւ ծանոթ վերին օղակներում: Ինձ թվում է, թե 1930-ական թվականներն են, ու սարսափում եմ: Այս մարդիկ մատնիչներ ու գործ սարքողներ են:
Այժմ տղայիս գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ դատարանում: Թե ինչ խայտառակ դատավարություն է ընթանում, անհնար է նկարագրել: Դատավոր Արմեն Դանիելյանը իրեն այնքան «հզոր է» զգում, որ լկտիաբար արգելում է գործով փաստաբան Հարություն Բաղդասարյանին խոսել եւ միջնորդություն ներկայացնել: Շտապ կերպով ուզում են փակել այս գործը: Այսինքն՝ վերեւից եկած հրաման են կատարում:
Պարո՛ն Սարգսյան, կարդացե՛ք նամակս եւ մի պահ Ձեզ դրե՛ք իմ տեղը: Ի՞նչ կանեիք Դուք, եթե Ձեր որդուն ապօրինաբար բանտարկեին: Ես մայր եմ եւ արդարություն եմ պահանջում: Ոչ ոք չի լսում իմ ձայնը: Դուք ապրում եք անհոգ` առանց իմանալու, թե ինչ է կատարվում Հայաստանում: Պատժե՛ք մեր երկրում ապրող սաֆարովներին, որ հավատամ Ձեզ…»:

 քաղաքացի ԱՆԱՀԻՏ ՉՏՐԿՅԱՆ




Լրահոս