ԹՈՒՆԱՎՈՐ ՄՍԱՄԹԵՐՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզկենտրոն Իջեւանում՝ միջպետական ճանապարհի եզրին գտնվող սննդի կետերում, միսը վաճառում են բացօթյա: Այստեղ քաղաքային շուկան է, մի քանի տաքսի ծառայությունների եւ տասնյակ անհատ տաքսիստների մեքենաների կայանատեղին: Այդ ճանապարհով օրական հազարավոր մեքենաներ են երթեւեկում` արտանետելով վառելիքի այրման արգասիք հանդիսացող կապար եւ զանազան գազեր: Բացօթյա վաճառվող միսը կլանում է այդ թունավոր նյութերը, դառնում մարդկանց առողջության համար վտանգավոր սնունդ: Մեքենաների երթեւեկության հետեւանքով բարձրացած փոշին եւս նստում է վաճառվող մսամթերքի վրա: Հարց է ծագում. ինչո՞վ են զբաղված սննդամթերքի անվտանգության ծառայության աշխատակիցները: Զարմանալի է, որ սպառողներն էլ ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքի վրա: Եթե նման վիճակ է մարզկենտրոն Իջեւանի «սրտում», ապա ի՞նչ վիճակ կլինի մարզի հեռավոր, սահմանամերձ գյուղերում: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, որն ի պաշտոնե կոչված է համակարգելու հանրապետական տարբեր ծառայությունների մարզային կառույցների աշխատանքը, մշտապես երթեւեկում է այդ ճանապարհով: Սակայն նա կարծես չի տեսնում հակասանիտարական այդ վիճակը, ինչը մարդկանց առողջության համար իրական սպառնալիք է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս