Հայաստանի դիրքորոշումն ընկալելի է դառնում ԵՄ-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում երեկ տեղի ունեցավ երկու կարեւոր իրադարձություն, որոնց Հայաստանը մասնակցում էր երկրի նախագահի մակարդակով: Նախ` կայացավ ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպումը, ապա մեկնարկեց Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովը, որին մասնակցում են շուրջ քսաներեք երկրների պատվիրակություններ` հիմնականում առաջին դեմքերով: Այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:

Կոնկրետ ԱլԳ անդամ 6 երկրներից միայն երեքն են ներկայացված նախագահների մակարդակով` Հայաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան, Վրաստանը ներկայացված է վարչապետի, իսկ Ադրբեջանն ու Բելառուսը` արտգործնախարարների մակարդակով: Ադրբեջանի նախագահը վերջին պահին չեղարկել էր իր այցը` պաշտոնապես «զբաղվածության», իսկ իրականում` ԵՄ-ի կողմից Ադրբեջանի իշխանությունների հասցեին հնչող կոշտ քննադատության պատճառով այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի կապակցությամբ:

Բնականաբար, երեկ Ռիգայում քննարկվող հարցերի առանցքում էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որին անդրադարձան ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցող գրեթե բոլոր առաջնորդները: Այս համատեքստում ուշագրավ էր ԵԺԿ ԱլԳ անդամ երկրների առաջնորդների հանդիպմանն ունեցած ելույթում Սերժ Սարգսյանի տարած զուգահեռը. «Եվրոպայում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանն իր հավասարակշռված քաղաքականությամբ ոչ միայն չստեղծեց լրացուցիչ լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում, այլեւ, ընդհակառակը, կարողացավ իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության, հավասարակշռության և բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա,- ընդգծեց Սարգսյանը` հավելելով,-հենց այս պատկերացումներն են դրվելու առաջիկայում ԵՄ հետ նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական փաստաթղթի հիմքում»:

Նկատենք, որ Հայաստանի կողմից վարվող համատեղության` եւ-եւ-ի քաղաքականությունը երեկ հիշատակվեց նաեւ այլ ֆորմատներով և  խրախուսանքի արժանացավ թե՛ Լատվիայի նախագահի, թե՛ Գերմանիայի կանցլերի կողմից: Անգելա Մերկելն անընդունելի որակելով ավելի վաղ ԵՄ կողմից առաջադրված կամ-կամ-ի սկզբունքը եւ ընդգծելով, որ ԱլԳ ծրագիրը ԵՄ ընդլայնման գործիք չէ եւ ուղղված չէ որեւէ երկրի դեմ՝ Գերմանիայի Բունդեսթագում ունեցած ելույթում որպես օրինակ էր նշել Հայաստանը` ընդգծելով.«Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը սերտ տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ»: Իսկ Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպման ընթացքում ասել էր, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը պրագմատիկ որոշում էր.«ՀՀ բազմակողմ, հավասարակշիռ մոտեցումը ողջունելի է: Ըստ իս, այսօր ԵՄ-ում դրա արդյունավետությունն ու օգտակարությունն ավելի ու ավելի են ըմբռնում»,- նշել էր նա:

Ի դեպ, նկատենք, որ գագաթնաժողովի աշխատանքներին հետեւող բազմաթիվ եվրոպացի փորձագետներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ ԱլԳ ծրագրի անդամ պետությունների նկատմամբ անհատականացված մոտեցում ցուցաբերելու որոշումը զգալի չափով պայմանավորված է հենց Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու շահագրգռությամբ: Իր խոսքում ԵՄ այս մոտեցումը ողջունեց նաեւ Ս. Սարգսյանը` նշելով, որ «Դեպի նոր Եվրոպական հարեւանության քաղաքականություն» հայեցակարգային փաստաթղթի հիմքում ընկած գործընկեր պետությունների իրական կարիքները հաշվի առնելու և նրանց անհատականացված մոտեցում ցուցաբերելու սկզբունքը կնպաստի ԵՄ հետ համագործակցության խորացմանը:

Երեկ մեկնարկած ԵՄ ԱլԳ անդամ երկրների գագաթնաժողովում շրջանառության մեջ դրվեց գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի տեքստը, որի չորրորդ կետը նվիրված է Ուկրաինայի ամբողջականությանը, և պարունակում է այնպիսի ձեւակերպումներ, որոնց միանալը Հայաստանի համար խնդրահարույց կարող է լինել: Մասնավորապես ասվում է, որ «գագաթնաժողովի մասնակիցներն աջակցում են բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Ուկրաինայում լարվածության թուլացմանը՝ անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա», եւ, որ ամենակարեւորն է, վերահաստատում են «Ղրիմի և Սեւաստոպոլի ապօրինի բռնակցման անթույլատրելիության» մասին իրենց դիրքորոշումը: Այս կապակցությամբ Հայաստանն ու Բելառուսն արդեն իսկ հայտնել են իրենց առարկությունը: Նշենք, որ ավելի վաղ ԵԺԿ գագաթնաժողովի ընդունած հռչակագրում ևս հենց այս հարցով կային խնդրահարույց ձևակերպումներ, որոնց կապակցությամբ Սերժ Սարգսյանը հարկ էր համարել հայտնել իր դժգոհությունը եւ ընդգծել, որ կոնսենսուս չի եղել:

ԵՄ ԱլԳ հռչակագրի աշխատանքային տարբերակում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նշված է, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի եւ նորմերի հիման վրա, եւ որ ԵՄ-ն աջակցում է խնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Նյութի պատրաստմանն աջակցել է Հայաստանում Լատվիայի դեսպանատունը (նստավայրը Թբիլիսի):

Ա. Սահակյան
Ռիգա




Լրահոս