ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի ՆԱՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ երաժշտական կրթություն չունի, բայց բացարձակ լսողություն ունի ու նվագում է 6 տարեկանից, 7 տարեկանից էլ բանաստեղծություններ  է գրում:
-Եթե նոտաներ, սոլֆեջիո ու մնացած երաժշտական կանոնները չգիտեք, այդ դեպքում ինչպե՞ս եք երգ գրում:
-Այդ հարցին ես պատասխան չունեմ, ինքս էլ չգիտեմ, ամեն ինչ ի վերուստ է: Մասնագիտությամբ քրեագետ եմ, անգամ աշխատել եմ վերաքննիչ դատարանում: Ինչպես տեսնում եք՝ մասնագիտությունս արվեստին մոտ չէ, բայց իրավաբանական կրթությունս ցանկացած բնագավառում օգնում է, շատ լավ հասկանում եմ մարդու հոգեբանությունը: Հայրիկիս տոհմում ուժեղ ձայնային տվյալներ են ունեցել, բայց ոչ մեկն էլ բեմում չի երգել, մայրս էլ պրոֆեսիոնալ դասական երգչուհի է եղել:
-Դուք եւ երգչուհի Անչոկը «Շանսոն» ակումբ ունեք, ինքներդ էլ այնտեղ աշխատում եք: Որքանո՞վ է հեշտ արվեստի բնագավառի մարդուն ակումբ ղեկավարել, չէ՞ որ նրանք ավելի օդային են լինում:
-«Շանսոն» ակումբում երգում եմ այն ժամանակ, երբ գալիս է իմ հանդիսատեսը: Ես ամեն օր չեմ երգում: Երբ որոշեցի մտնել արվեստի մեջ, հազար անգամ ավելի պարզ ու գեղեցիկ էի պատկերացնում ու մտածում էի՝ եթե արվեստում ես, դա ուրիշ աշխարհ է, իսկապես կարծում էի` օդային է: Ճիշտն ասած, ես մի քիչ հիասթափվեցի ու հասկացա, որ ոչ մի երկնային ու օդային բան էլ չկա: Ես երբեք չէի պատկերացնի, որ արվեստագետի հոգին կարող է լինել այդքան չար ու նախանձ: Ինչ վերաբերում է բիզնեսին, ասեմ, որ արվեստի հետ բացարձակապես կապ չունի: Եթե մարդ մի բան շատ է ուզում, ամեն ինչ էլ կարող է անել: Հիշեցի հայտնի արտահայտությունը. «Տվե՛ք ինձ հենման կետ, եւ ես շուռ կտամ ողջ աշխարհը»: Մարդու մտքին տեղ լինի, սարեր շուռ կտա: Երբ երկու տարի առաջ բացում էինք մեր «Շանսոն» ակումբը,  ես ու Անչոկը նստած մտածում էինք՝ տեսնես այդ հաշվարկը ոնց է լինում, հարկային ու ֆինանսական հարցերն ինչպես են լուծվելու: Բայց մի ամսվա մեջ մենք հասկացանք, որ դրա մեջ բարդ բան չկա: Եթե դու գրագետ մարդ ես, մի քիչ ուսումնասիրում ես, ու քեզ մոտ ամեն ինչ ստացվում է, ամենակարեւորը ձգտումն է: Մենք ի սկզբանե որդեգրել ենք մի գաղափար, որ չի կարող, օրինակ, հավաքարարը լինել մեզանից ցածր, դրա համար էլ ամբողջ աշխատակազմը կարծես մի ընտանիք լինի: Շատ լավ ենք վերաբերվում բոլորին, դրանք խոսքեր չեն, կարող եք հարցնել մեր աշխատակազմից յուրաքանչյուրին:
-Կարելի՞ է ենթադրել, որ այդքան էլ խիստ ղեկավար չեք:
-Խստությունն էլ իր տեղն ունի, բայց լեզուն ինչի՞ համար է, այդ նույն խոսքով կարելի է մարդ սպանել ու մարդ բուժել, դրա համար էլ մենք փորձում ենք միշտ բացատրել: Երեք անգամ ուղղակի խոսքով բացատրում ենք, չորրորդ անգամ էլ չենք բացատրում, պարզ է դառնում, որ իրար էլ չենք հասկանում: Պետք չէ գոռալ, մարդու ինքնասիրությունը ոտնահարել. ուղղակի հրաժեշտ ենք տալիս իրար:
-Ձեզ ավելի շատ երգչուհի՞, երգահա՞ն, թե՞ գործարար կին եք համարում:
-Ես առաջին հերթին երգահան եմ, ավելի ճիշտ՝ երգահան-կատարող:
-Ձեր երգերը միայն Դո՞ւք եք կատարում, թե՞ ուրիշներին էլ եք տալիս:
-Անչոկն է կատարում իմ երգերից, Լիանան, ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը, շուտով նաեւ՝ Նունե Եսայանն ու Արման Հովհաննիսյանը: Պետք է նշեմ, որ այն կատարողներին, ում  արվեստը շատ սիրում եմ, երբեւէ երգ չեմ վաճառում, ուղղակի նվիրում եմ, ու կապ չունի՝ ես նրանց ընկերն եմ, թե ոչ: Ես ուղղակի ինձ թույլ չեմ տա նրանց երգ վաճառել:
-Իսկ առհասարակ երգ գրելու պատվերներ ունենո՞ւմ եք:
-Իհարկե, դրանք անհատ մարդիկ են, որ երգարվեստի հետ կապ չունեն, սիրում են իմ ձեռագիրը, ես էլ գրում եմ ու վաճառում:
-Ամենից շատ ի՞նչ ոճի երգեր են ուզում:
-Տարբեր երգեր եմ գրել պատվերով: Եթե ասեմ՝ միայն 6/8 են պատվիրում, սխալ կլինի, ավելի շատ մեղեդային երգեր են ուզում, ընկերների մասին, աղջկա կամ որդու, ընտանիքին նվիրված…
-Իսկ գումարային հարցերն ինչպե՞ս են լուծվում, հոնորարի չափը տատանվո՞ղ է:
-Ես նորից եմ ասում՝ այն կատարողներին, ում արվեստը սիրում եմ, նրանց պարզապես նվիրում եմ երգերը, դեռ չի եղել այնպիսի դեպք, երբ ես երգ վաճառեմ երգչի կամ երգչուհու վրա: Շատ անգամ նվիրում եմ նույնիսկ սկսնակ կատարողներին, երբ լսում, հավանում եմ ու համարում տաղանդավոր, անգամ բարձրաձայն ասել եմ, եթե երբեւիցե այդ երիտասարդին երգ պետք լինի, թող ուղղակի ինձ դիմի, ես անպայման երգ կգրեմ նրա համար: Ինձ համար կապ չունի` այդ մարդը հայտնի է, թե ոչ: Ինձ համար կարեւոր է, որ ինքը երգը հոգով կատարի ու տեղ հասցնի:
Ինքս էլ եղել եմ սկսնակ ու հասկացել եմ, թե ինչքան դժվար է ու վիրավորական, երբ նոր ես մտնում այս ասպարեզ, ու դուռ չեն բացում կամ բացելիս էլ այնպես են դիմավորում, որ ավելի լավ էր՝ չբացեին:
շարունակելի

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս