Հուլիսի 2-ից 4-ը Հայաստան կժամանի ավելի քան 250 բուժաշխատող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունում անցկացվեց  հուլիսի 2-ից 4-ը մայրաքաղաքում կայանալիք Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի կազմկոմիտեի նիստ:

Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի  նախագահ Արա Բաբլոյանը և կազմկոմիտեի անդամները  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացրեցին  նախապատրաստական ընթացիկ աշխատանքները:

Համագումարի ծրագրի  շրջանակում նախատեսվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և առողջապահության ոլորտի մասնագետների, ինչպես նաև աշխարհասփյուռ հայ բժիշկների և բուժքույրերի մասնակցությունը:

Այս համագումարի ընթացքում անդրադարձ կկատարվի ընդհանուր բժշկությանը, դեղաբանությանը, բուժքույրական գործին, նյարդաբանությանը, ստոմատոլոգիային, սրտաբանությանը,  գենետիկային, ինչպես նաև այլ  ոլորտներին վերաբերող բազում թեմաների: Մասնագետների ուշադրության կենտրոնում կլինեն նաև հանրային առողջությանը վերաբերող մի շարք հարցեր:

Սաթելիտային սիմպոզիումներ կկազմակերպվեն հուլիսի 1-ին` միջազգային և մարզային համագործակցության կամրջելու, ինչպես նաև ոլորտային նորագույն մոտեցումները փոխանցելու նպատակով:

Համագումարի երրորդ օրը ամբողջությամբ կնվիրվի Հայաստան-Սփյուռք ծրագրերին:  Կանխատեսվում է, որ լայնամսաշտաբ այս միջոցառմանը Հայաստան կժամանի ավելի քան 250 բուժաշխատող:

Գործում է նաև համագումարի պաշտոնական կայքը` www.4imca.am:




Լրահոս