ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

34 ՄԱՏ
Հնդիկ երեխան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ նա ունի 34 մատ՝ 10-ական մատ ոտքերին եւ 7-ական մատ ձեռքերին: Առկա են եղել նաեւ մանր մատներ, որոնք վիրահատության արդյունքում հեռացվել են: Երեխայի մայրը նշում է, որ այնքան երջանիկ է եղել իր առաջնեկի ծնունդով, որ սկզբում չի նկատել մատների քանակությունը, սակայն հետո տեսնելով ցնցվել է: Բժշկությանն այս վիճակը հայտնի է որպես պոլիդակտիլիա` ժառանգական անատոմիական շեղում, որին բնորոշ է մեծ քանակությամբ մատների առկայություն ձեռքերին եւ ոտքերին:

ԿԱՇԱՌՔԻ ՀԱՄԱՐ
Մոսկվայի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկի փոխդեկան Միխայիլ Բաշարատյանն ու աշխատանքի եւ սոցիալական հարաբերությունների ամբիոնի վարիչ Վիկտոր Բարիսը ձերբակալվել են ուսանողից 1 մլն ռուբլի կաշառք վերցնելու համար:  Երիտասարդը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ դասախոսներն իրենից գումար են պահանջում ասպիրանտուրա ընդունվելու դիմաց: Ոստիկանությունը սկսել է հետեւել եւ ձայնագրել երիտասարդի եւ փոխդեկանի միջեւ խոսակցությունները: 1 մլն ռուբլի կաշառքը վերցնելուց անմիջապես հետո ոստիկանությունը ձերբակալել է Բաշարատյանին եւ Բարիսին:

«ՍԵՆԴԻ»-Ն ՄԱՐՈՒՄ Է
«Սենդի» փոթորիկը  թուլացել է՝ հասնելով մրրիկի աստիճանի: Քամու ուժգնությունը հասնում է 64 կմ/ժ-ի: Այն շարժվում է դեպի մայրցամաքի կենտրոնական հատվածներ՝ ԱՄՆ-ի միջին արեւմուտքի ուղղությամբ: Ըստ կանխատեսումների` «Սենդի»-ն առաջացնելու է հորդառատ անձրեւներ, սակայն լուրջ սպառնալիք այլեւս չի ներկայացնում: Կարիբյան ծովի ավազանից վրա հասած «Սենդի» փոթորիկը խլել է բազմաթիվ մարդկանց կյանք, միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, քանդվել են բազմաթիվ շենքեր, կաթվածահար է եղել տրանսպորտը: Նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ «Սենդի»-ի հասցրած վնասները վերականգնելու համար կծախսվի 30-40 մլրդ դոլար: Դա զգալիորեն քիչ է 2005թ. փոթորկի վնասից, որի ժամանակ ԱՄՆ-ն ծախսել էր 100 մլրդ դոլար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս