Մայիսի 25-ին, ժամը 10։00, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (Գայի 1) կմեկնարկի Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի 3-րդ փուլի եզրափակիչը։
Մրցույթը կազմակերպում է տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորը՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ: Նպատակն է աջակցել նոր լուծումների, արտադրանքի, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը և զարգացմանը, նպաստել նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերությունների ստեղծմանն ամբողջ Հայաստանում՝ հատկապես նպաստելով տեխնոլոգիական ոլորտում կենսունակ ձեռնարկությունների զարգացմանը Գյումրիում և Վանաձորում։
‹‹Որպես տեխնոլոգիական ոլորտի բիզնես ինկուբատոր՝ մեր նպատակն է Հայաստանում ձևավորել տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, նպաստել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ստեղծմանը ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում։ Այս առումով համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը մեր նպատակներն իրականացնելու միջոցներից մեկն է»,-նշեց Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհների եզրափակիչ փուլին կմասնակցեն 29 թիմեր և ընկերություններ։ Մրցույթի գնահատող հանձնաժողովը կազմված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Գրանատուս վենչուրային հիմնադրամի» և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն մայիսի 25-ին, ժամը 18։00-ին։
Տեղեկացնենք նաև, որ այս տարվա ընթացքում Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթներում արդեն իսկ հաղթել են 9 թիմ։
Հիշեցնենք, որ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը կազմված է Նորարարության զարգացման, Գյումրու և Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհներից։
Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի 3-րդ փուլի եզրափակիչը կկայանա մայիսի 27-ին Երևանում՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցում, ժամը 10։00-ից սկսած։