ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կառավարության որոշմամբ 2013թ. հունվարից նախատեսվում է աշխատողի աշխատավարձից եկամտահարկը գանձելու ժամանակ այդ գումարի մեջ ներառել սոցվճարները: Կցանկանայի իմանալ, թե ինչ ձեւով է հաշվարկվելու աշխատավարձից պահվող եկամտահարկը:

Դոնարա Հարությունյան (42 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցի հետ կապված անհրաժեշտ է ղեկավարվել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի (որն ուժի մեջ է մտնելու 2013թ. հունվարի 1-ից) 10-րդ հոդվածով, նաեւ ՀՀ կառավարության 31.05.2012թ. «Մինչեւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխատավարձի մեծության որոշման կարգը սահմանելու մասին» N 692-Ն որոշմամբ: Նշված որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն՝ մասնավորապես «մինչեւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա՝
1) պաշտոնային դրույքաչափային աշխատավարձը որոշվում է գործատուի կողմից 2012թ. աշխատած լրիվ (ամբողջական) ամիսների ընթացքում վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաեւ նույն կարգի 3-րդ կետով սահմանված՝ աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները եւ դրանց հավասարեցված եկամուտները) եւ այդ աշխատավարձի ստացման լրիվ (ամբողջական) ամիսների թվի հարաբերությամբ.
2) ժամային կամ գործավարձային դրույքաչափերի հիման վրա հաշվարկվող աշխատավարձը որոշվում է գործատուի կողմից 2012թ. ընթացքում վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաեւ նույն կարգի 3-րդ կետով սահմանված՝ աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները եւ դրանց հավասարեցված եկամուտները) եւ այդ աշխատավարձի ստացման համար վարձու աշխատողի կողմից ծախսված ժամերի թվի կամ այդ աշխատավարձի ստացման համար վարձու աշխատողի կողմից կատարված աշխատանքի միավորների թվի հարաբերությամբ»:

ՊԵԿ հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայացված պատասխանից նույնիսկ արհեստավարժ հաշվապահին հասկանալի չէ, թե 2013-ի հունվարից սկսած՝ ինչ նոր սկզբունքով է ինքը հաշվարկելու աշխատողի վճարը: Փաստորեն, հաշվապահները ստիպված կլինեն անձնական փնտրտուքների արդյունքում ստանալ իրենց հուզող հարցի պատասխանը:




Լրահոս