“Հրապարակը” գրում է.”Հանրապետական կուսակցության տխրահռչակ շենքի շինաշխատանքների ժամանակ՝ սեպտեմբերին, մեր տեղեկություններով, զոհվել է շինարարական աշխատանքներն իրականացնող բանվորներից մեկը՝ 27-ամյա Դավիթ Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ Մելիք Ադամյան փողոցում տեղակայված այս շենքը կարծես թուղթուգիր արած լինեն, այս տարվա ընթացքում այնտեղ երկու անգամ բռնկված հրդեհի պատճառով (առաջինը՝ մայիսին, երկրորդը՝ սեպտեմբերի 22-ին) արդեն մի քանի ամիս է՝ այն վերանորոգվում է: Ինչպես նաեւ կից կառուցվում է նոր մասնաշենք, ինչի պատճառով ՀՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատանքները մոտ երեք ամիս է, ինչ տեղափոխվել են Բուզանդի փողոցում տեղակայված “Երեւաննախագծի” շենք:
Ինչեւէ, ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ում այս դժբախտ միջադեպը փորձել են շաբաթներ շարունակ խնամքով թաքցնել եւ այնպես անել, որ մամուլ չընկնի: Այդ նպատակով էլ մոտ 1.5 մլն դրամ են հատկացրել մահացածի ընտանիքին՝ թաղման ծախսերը հոգալու համար, ինչի մասին մենք տեղեկացանք Դավիթի մտերիմներից մեկից:
Դավիթ Գեւորգյանը Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր եւ ՀՀԿ գրասենյակի շենքում մասնակցել է տանիքի կառուցման աշխատանքներին: Ականատեսների փոխանցմամբ, Դավիթը սայթաքել է եւ մոտ 3 մետր բարձրությունից ցած ընկել: Հոկտեմբերի 23-ին նրա մահվան քառասունքն էր, իսկ երկու օր առաջ նա կդառնար 27 տարեկան:
Այն մասին, որ նման դեպք եղել է, եւ որ ՀՀԿ-ականներն իսկապես ջանացել են պարտակել, խոսում են նաեւ ոստիկանությունից ստացված փաստերը, համաձայն որոնց, նման դեպք եղել է, սակայն դեպքից ավելի քան 50 օր անց ոստիկանությունում քրգործ չի հարուցվել: Երեկ, մեր հարցմանն ի պատասխան, այստեղից հայտնեցին, որ ,նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է, դեռ չի ստացվել դատաբժշկի եզրակացությունըե:
Ակնհայտ էր նաեւ, որ հատուկ հրահանգ էր իջեցվել շինհրապարակում աշխատողներին այս թեմայով որեւէ բառ չփոխանակել անծանոթների, առավել եւս լրագրողների հետ: Երեկ, երբ փորձեցինք այստեղ աշխատողներից հարցուփորձ անել կատարվածի մասին, շատերի առաջին հարցը սա էր՝ ,լրագրո՞ղ եսե, ապա, կասկածելով, ոչինչ չէին ասում”: