«Ադրբեջանը ևս մեկ անգամ հայտնվեց մեկուսացման մեջ». Նալբանդյանն ամփոփել է Ռիգայի գագաթաժողովը. Ազատություն ռ/կ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերահաստատվեց այն, ինչի մասին ասվել էր դեռ հունվարի 20-ին՝ Հայաստան – Եվրոմիություն խորհրդի նիստի ժամանակ, որ մենք մտադիր ենք՝ Հայաստանը և Եվրոմիությունը, շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով՝ նկատի առնելով Հայաստանի նաև պարտավորությունները այլ ինտեգրացիոն պրոցեսներում: Եվ այսօր Հռչակագրում էլ դրա մասին է խոսվում, որ այն գործընթացը, որը մենք սկսել էինք Եվրոմիության հետ դեռ նոյեմբեր ամսին՝ այդպես կոչված խորհրդատվությունները, ինչու խորհրդատվություններ, այլ ոչ թե բանակցություններ՝ որովհետև Եվրոպական միության բանակցող թիմը չուներ մանդատ, և հիմա պարզ է դառնում, որ այդ խորհրդատվությունները մենք եզրափակեցինք մարտ ամսին և եկանք ընդհանուր հասկացողության, որ պետք է շուտով բանակցություններ սկսենք, և դրա մասին նաև արտացոլվեց ընդհանուր Հռչակագրում: Եվ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մոտակա ժամանակ Եվրոմիության խորհուրդը կվերահաստատի կամ կհաստատի այդ մանդատը բանակցող թիմի համար, և դրանից հետո մենք կսկսենք բանակցություններ՝ մշակելու համար նոր իրավական փաստաթուղթ՝ մեր հարաբերությունների հետագա ընդլայնման, խորացման և զարգացման»,-«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ամփոփելով Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքները՝ ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:

Անդրադառնալով այսօր ընդունված հռչակագրի կետերին, նախարարն ասել է. «Հռչակագրում նշվեց ևս մեկ կարևոր ուղղություն՝ դա շարժունակության բնագավառն է: Մենք կարևորություն ենք տալիս այդ ուղղությանը, և արդեն Հռչակագրում նշվեց, որ մոտակա ժամանակ կսկսվի վիզային ռեժիմի վերաբերյալ երկխոսությունը: Ինչի մասին է խոսքը գնում՝ խոսքը գնում է նրա մասին, որ ռեադմիսիայի, այսինքն՝ հետընդունման և նաև վիզային ռեժիմի դյուրացման այդ համաձայնագրերը, որոնք կնքվել էին Եվրոմիության հետ և որոնք ուժի մեջ մտան հունվար ամսին 2014 թվականի, դրանք ճանապարհ բացեցին, որպեսզի նոր գործընթաց մեկնարկի, նոր գործընթաց, որը տանելու է դեպի վիզային ռեժիմի, արտոնագրային ռեժիմի ազատականացում: Խոսքը գնում է հենց նրա մասին, որ Հայաստանի քաղաքացիները ազատված կլինեն Եվրոմիություն վիզաների և արտոնագրերի պահանջից: Մենք շարունակել ենք մեր բանակցությունները և շփումները նաև ոլորտային բնագավառներում համագործակցության մասին, որոշ ոլորտային համագործակցության մասին նշում կա նաև Հռչակագրի մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանին՝ դա լինի Horizon 2020 ծրագրի հետ կապված, որը կապված է գիտության հետազոտությունների բնագավառին, նաև խոսքը գնում է ձեռնարկատիրությունների խրախուսման, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկատիրությունների, նաև ավիացիայի բնագավառում և այլ բնագավառներում»:

«Ազատություն» թղթակցի դիտարկմանը, թե նախագահը իր ելույթում քննադատեց Ադրբեջանին, ասաց, որ Ղարաբաղը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունեն միմյանց հետ: Հետո այստեղ խոսակցություններ տարածվեցին, թե Ադրբեջանը առարկում է այդ եզրափակիչ փաստաթղթի՝ Ղարաբաղին վերաբերող դրույթներին:

Այդպիսի բան եղե՞լ է, թե՞ ոչ, Նալբանդյանը պատասխանել է. «Գիտեք, ևս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց մեկուսացման մեջ: Որովհետև այս անգամ 28 երկիր եկել էին մի համաձայնության, որպեսզի ձևակերպումներ լինեն ընդհանուր Հռչակագրի մեջ, որտեղ խոսքը գնում էր աջակցության մասին Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին և արված հայտարարություններին 2009 թվից սկսած: Այսինքն՝ խոսքը գնում է լ՛ Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարությունների մասին, որոնց վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ մեր մոտեցումները համահունչ են այդ հայտարարություններում արված առաջարկներին և դրույթներին, Ադրբեջանն է, որ մինչև հիմա չի արտահայտվել այդ հարցով: Այս անգամ դա մտավ նաև Եվրոմիության և Արևելյան գործընկերության երկրների այդ ընդհանուր հռչակագրի մեջ, և Ադրբեջանը ինչ-որ խնդիրներ ուներ դրա հետ: Եվ այդ էր պատճառը, որ արտգործնախարարը իրենց լքեց, փաստորեն, դահլիճը, այո, և փորձում էին իրեն հետ բերել, բայց այդպես էլ չստացվեց, և վերջում համապատասխան բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հռչակագիրը կընդունվի, իսկ Ադրբեջանը իր առարկությունը կներկայացնի համապատասխան կետի վերաբերյալ: Այսինքն, ինչի մասին է խոսքը գնում՝ խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանը և միջազգային հանրության բավական կարևոր մասը՝ Եվրոմիության անդամ երկրների և նաև այլ՝ Արևելյան գործընկերության երկրները, միակարծիք են այդ հարցի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը նորից դեմ դուրս եկավ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս