«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2013-ի սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությամբ, երբ Հայաստանը համաձայնեց դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, եվրամիության անդամ երկրները շոկ ապրեցին՝ հայտարարելով, որ հուսախաբ են եղել: Սակայն իրադարձություններն այնպես զարգացան, որ հիմա Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում այս առումով, «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում, պատասխանելով այս հարցին, Լատվիայի Հանրապետության վարչապետ Ստրաույումա Լայմդոտան ասաց. «Տարբեր միությունների միջեւ համագործակցությունն անխուսափելի է եւ վաղ թե ուշ կայանալու է:
Եւ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը չվախեցավ համագործակցել ե՛ւ Եվրասիական տնտեսական միության հետ ե՛ւ շարունակել փոխգործակցությունը Եվրամիության հետ: Դա լրացուցիչ առավելություն է` քաղաքական եւ հատկապես տնտեսական: Ես կարծում եմ, որ նման բազմավեկտոր հարաբերությունները միայն հարստացնում են: Եւ այս առումով ես միայն կարող եմ շնորհավորել Հայաստանին»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: