ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Աժ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ակամայից մեկ ուշագրավ խոստովանություն արեց: Արդարացնելու համար հարավարևելյան Ասիա ու Աֆրիկա իր ճամփորդությունները՝ նա ասաց, թե կոռեկտ չէ այդ երկրներն էկզոտիկ կոչելը, քանի որ Կոնգոն մի քանի անգամ ավելի մեծ է Հայաստանից: Բացի այդ, ըստ նրա, Կոնգոն ՌԴ-ից հետո ալմաստի արտադրության ոլորտում ամենամեծ երկիրն է:
Ըստ “Ժողովուրդ”-ի՝ ասել է թե՝ Նալբանդյանն անուղղակի կերպով խոստովանեց, որ “բազմավեկտոր, նախաձեռնողական արտաքին քաղաքականության” ֆոնի տակ Կոնգո էր այցելել, քանի որ այնտեղ ալմաստի մեծ արտադրություն կա: Ինչպես հայտնի է, ՀՀ գործող իշխանություններն այս կամ այն երկրի հանդեպ ուշադրություն են ցուցաբերում և պաշտոնական պատվիրակություն այնտեղ ուղարկում, երբ իրենց համար բիզնեսի նոր ճյուղեր են նկատում: Իսկ Կոնգոյի ալմաստի արտադրությունը ռեժիմին վաղուց է հետաքրքրել: Այնպես որ, պետության և բիզնես շահերը համընկել են: