Ի՞նչ կապ ունի Արկադի Ղուկասյանը նոր ստեղծվելիք կուսակցության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուռն քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե ով է գլխավորելու նոր ստեղծվելիք Հանրապետական կուսակցությունը: Արցախում շրջանառվող լուրերի համաձայն՝ կուսակցության «հեղինակը» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է: Ի դեպ, վերջին շրջանում նրա անունը հաճախակի է կապվում ԼՂՀ-ում ընթացող այս կամ այն քաղաքական գործընթանցի հետ:

Նշվում է, որ Ա. Ղուկասյանը պատրաստվում է մասնակցել 2017 թվականի ԼՂՀ նախագահական ընտրություններին եւ այդ նպատակով է ցանկանում կուսակցություն հիմնել: Նոր ստեղծվելիք կուսակցության վերաբերյալ տարածված պաշտոնական տեղեկության համաձայն՝ նախաձեռնող խմբի համանախագահողներ են՝ Կարեն Օհանջանյանը, ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի կոորդինատոր, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Արեւիկ Պետրոսյանը, «Վիտա» ՀԿ նախագահ Արարատ Պետրոսյանը եւ «Առաջ Արցախ» ՀԿ նախագահ Արթուր Հայրապետյանը:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի գրասենյակի պատասխանատու Էդուարդ Աթանեսյանից պարզել Ղուկասյանի առնչությունը կուսակցության հետ, սակայն նա հերքեց այդ տեղեկությունները՝ ասելով. «Պարոն Ղուկասյանը որեւէ առնչություն չունի այդ կուսակցության հետ»:




Լրահոս