Ռիգայի գագաթաժողովից սպասելիքները չափազանցված էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռիգայի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը երեկ ավարտվեց, սակայն Եվրամիության և Հայաստանի միջեւ ստորագրվելիք նոր փաստաթղթի մասին որեւէ հայտարարություն չհնչեց: Չնայած ի սկզբանե տրված հավաստիացումներին` ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ բանակցություններ սկսելու հարցով Եվրահանձնաժողովին համապատասխան մանդատի տրամադրման հարցն էլ այս գագաթնաժողովի շրջանակներում վերջնականապես չհստակեցվեց:

Երկու օր շարունակվող թեժ քննարկումներից եւ ընդունվելիք փաստաթղթի շուրջ հնչած առարկություններից հետո, ի վերջո, երեկ Ռիգայի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ընդունված համատեղ հռչակագրում պահպանվեցին բոլոր վիճահարույց ձեւակերպումները:

Հիշեցնենք, որ դեռ մայիսի 21-ին հռչակագրի աշխատանքային տարբերակում ներառված «Ղրիմի եւ Սեւաստոպոլի ապօրինի բռնակցում» ձեւակերպման կապակցությամբ իրենց առարկությունն էին հայտնել Հայաստանն ու Բելառուսը: Ի վերջո, ընդունված հռչակագրում այս ձեւակերպումը մնաց անփոփոխ, սակայն դա ներկայացվեց որպես բացառապես ԵՄ անդամ երկրների դիրքորոշում, որի համար Հայաստանը կամ Բելառուսը որեւէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում: Եվ, այնուամենայնիվ, չնայած բարձրաձայնված անհամաձայնությանը, Հայաստանը, փաստորեն, ստորագրեց «Ղրիմի եւ Սեւաստոպոլի ապօրինի բռնակցումը» ամրագրող փաստաթղթի տակ, մինչդեռ Բելառուսը միացավ ընդհանուր հռչակագրին հատուկ վերապահումներով:

Անփոփոխ մնաց նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հռչակագրում տեղ գտած ձեւակերպումը, որին հատկապես Ս. Սարգսյանի` գագաթնաժողովի առաջին հատվածում հնչեցված կոշտ ելույթից հետո կտրուկ ընդդիմացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը` լքելով դահլիճը: Իր ելույթում Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր.«Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը որեւէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանզի երբեք չի հանդիսացել անկախ Ադրբեջանի մաս, մինչդեռ այդ երկրի իշխանությունը, տարածքային ամբողջականությունը համարելով միակ սկզբունք եւ այն դրոշ դարձրած, հետեւողականորեն վիժեցնում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ մերժելով կարգավորման մյուս՝ համահավասար ու կարեւոր սկզբունքները»:

Ադրբեջանի ԱԳ նախարարի այս ցուցադրական դեմարշից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ստիպված եղավ զանգահարել Իլհամ Ալիեւին, ինչի արդյունքում Ադրբեջանի ստորագրությունը, ի վերջո, հայտնվեց հռչակագրի տակ` հատուկ կարգով լրացուցիչ վերապահում ներկայացնելու պայմանով: Ղարաբաղի հետ կապված հռչակագրում մասնավորապես ասված էր.«Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերին իրենց աջակցությունը, այդ թվում՝ նախագահների եւ 2009թ-ից նրանց ընդունած հայտարարությունների մակարդակով»:

Հիշեցնենք, որ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի եւ Էնիսկիլենի հայտարարությունների մասին է, որոնցում հղում է կատարված Հելսինկյան երեք հայտնի սկզբունքներին` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք: Եվ հատկապես վերջինին ընդդիմանալու Ադրբեջանի փորձերը երեկ արժանացան բավականին կոշտ քննադատության ԵՄ ղեկավարության կողմից: Մասնավորապես ԵԽ նախագահ Մարտին Շուլցը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում «անիմաստ եւ ոչ այնքան խելացի» որակեց Ադրբեջանի պահվածքը, իսկ ամփոփիչ ասուլիսի ընթացքում էլ հայտարարեց, թե Արեւելյան գործընկերության ծրագրում Ադրբեջանի եւ Բելառուսի ներգրավվածությունը սահմանափակում է ծրագրի ընթացքը, քանզի այս երկու երկրներում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերում առկա է խորը հակասություն եվրոպական արժեհամակարգի հետ:

Նշենք, որ երեկվա գագաթնաժողովը մեծ հիասթափություն էր հատկապես Վրաստանի եւ Ուկրաինայի համար, որոնք արդեն այս տարի ակնկալում էին անցում ազատ վիզային ռեժիմի: Չնայած Ռիգայում վրացիների եւ ուկրաինացիների կողմից այս հարցի շուրջ կազմակերպված բողոքի ակցիային, այս երկրների համար ազատ վիզային ռեժիմին անցման հնարավորությանը ԵՄ-ն որոշեց անդրադառնալ 2016թ-ին: Իսկ Հայաստանի մասով այս հարցի շուրջ հռչակագրում ասված է. «ԵՄ անդամները անհամբերությամբ սպասում են սահմանված կարգով Հայաստանի հետ վիզային երկխոսության բացման հարցի քննարկմանը՝ պայմանով, որ Հայաստանը կշարունակի կայուն առաջընթաց ապահովել վիզային ռեժիմի մեղմացման եւ ռեադմիսիայի համաձայնագրի ամբողջական իրականացման հարցում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացմանը, ապա Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ Եվրամիությունը Հայաստանի հետ փոխհարաբերությունների հետագա ընթացքի եւ մասշտաբների վերաբերյալ հասել է լիակատար փոխըմբռնման: Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ, չնայած ՀՀ-ԵՄ ակնկալվող նոր փաստաթղթի բացակայությանը, «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց. «Այն, ինչ որ սպասվում է, մենք այսօր ունենք»:

Նյութի պատրաստմանն աջակցել է Հայաստանում Լատվիայի դեսպանատունը (նստավայրը՝ Թբիլիսի):

Թ. Միքայելյան
Ռիգա




Լրահոս