Ազատամուտի գյուղապետի 18 հոգանոց ընտանիքի ապրուստի միակ միջոցը գողացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. ապրիլի լույս 20-ի գիշերը Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ գյուղում, ճանապարհի եզրին գտնվող խանութից գողացել են 45 հազար դոլարի ավտոպահեստամասեր: Այդ խանութը թեեւ գրանցված է Դավիթ Ղալթախչյանի անունով, սակայն փաստացի պատկանում է Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանին:

Վերջինս «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ գողացել են իր բազմանդամ` 18 հոգանոց ընտանիքի ապրուստը, իր եւ 3 տղաների տարիների վաստակը: Գողությունը կատարվել է գիշերվա ժամը 1-ից 4-ի սահմաններում: Հանցագործները գողոնը բարձել են «Ֆորդ» մակնիշի ինչ-որ ավտոմեքենա եւ տարել Աչաջուր: Գյուղապետն ասաց, որ հանցագործները գործել են շատ հաշվարկված, նրանք գողացել են միայն արտասահմանյան թանկարժեք ավտոպահեստամասերը, իսկ ոչ արժեքավոր ռետինե պահեստամասերը թողել են խանութում:

Գյուղապետի խոսքերով՝ գողությունից 3 օր անց խանութի աշխատող Արման Փիրումյանն այլայլված տեսքով մոտեցել է իրեն եւ խոստովանել, որ ինքը եւս մասնակցել է գողությանը: Նա նաեւ պատմել է, որ գողերը օրերով հետեւել են խանութին, գյուղապետի ընտանիքի անդամների տեղաշարժին: Ա. Փիրումյանը հայտնել է, որ խումբը բաղկացած է եղել 7 հոգուց, եւ որ իրեն վախեցրել են եւ ստիպել օժանդակել իրենց` միեւնույն ժամանակ խոստանալով գողոնից իրեն եւս փայաբաժին տալ: Ժորա Մարտիրոսյանի խոսքերով՝ Ա. Փիրումյանը ցույց է տվել, թե գողերն ինչպես են «հիդրավլիկ» մկրատով կտրել խանութի մետաղյա ճաղավանդակը:

Նա այդ մասին ցուցմունք է տվել նաեւ ոստիկանության Իջեւանի բաժնում: Արման Փիրումյանն իր հոր, հորեղբոր եւ գյուղապետի ներկայությամբ զանգահարել է գողության կազմակերպիչ աչաջրեցուն ու պահանջել գողոնի իր փայաբաժինը: Ավտոպահեստամասերի խանութում փորձաքննություն է կատարվել, վերցվել են գողերի ոտնահետքերի նմուշները:

Ըստ Ազատամուտի գյուղապետի՝ Աչաջուրի կենտրոնում գտնվող խանութի տեսախցիկն արձանագրել է գողերի մեքենայի շարժը: Դեպքից անցել է մեկ ամիս, սակայն գործն այդպես էլ չի բացահայտվել, գողությունը կատարելու մեղադրանքով ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան:

Ժորա Մարտիրոսյանն այս առնչությամբ նույնիսկ նամակ է գրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Մասնավորապես, ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ այս գործի նկատմամբ հսկողությունը դրված է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի վրա:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս