Հայաստանում սահմանադրական փոփոխություններ սկսելուց հետո ակնհայտ դարձավ, որ իշխանությունների հիմնական նպատակը կառավարման համակարգի փոփոխությունն է: Ուստի պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի հանձնաժողովի մշակած «Հայեցակարգի» շուրջ հասարակական քննարկումներն առնչվում են գերազանցապես այդ հիմնահարցին: Ցավալիորեն այդօրինակ քննարկումները հանգում են խորհրդարանական կամ նախագահական համակարգերի պարզագույն բացատրություններին եւ, ըստ էության, դրանից առաջ չեն գնում՝ տեղ չթողնելով երկու համակարգերի առավելությունների ու թերությունների իրական քննարկման համար: «Հայեցակարգում», այդուամենայնիվ, փորձ է արվում մատնանշել ներկայումս Հայաստանում գոյություն ունեցող համակարգի բացթողումները:
Այդ փաստաթուղթը մասնավորապես հռչակում է. «Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ոչ միաժամանակյա ընտրությունների պարագայում առաջնային մանդատ ունեցող երկու ինստիտուտները հայտնվում են հանրային վստահության տարբեր մակարդակներում եւ խորհրդարանում Հանրապետության Նախագահին հարող մեծամասնության բացակայության պայմաններում ու իրավամտածողության ներկա դրսեւորումների համատեքստում էապես մեծանում է քաղաքական ճգնաժամի ու առճակատման վտանգը: Նման պայմաններում քաղաքական դիմակայությունը կարող է վերաճել հանրային առճակատման` դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ»։ Այս պնդումը, կարծում ենք, խիստ միակողմանի է եւ չի արտահայտում նշյալ ոլորտում առկա ո՛չ տեղական, ո՛չ էլ առավել եւս միջազգային փորձի իրական պատկերը:
Ըստ էության, բնավ պարտադիր չէ, որ նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունենան միաժամանակ: Արձանագրելի է, որ նախագահական կառավարման համակարգով օժտված ժողովրդավարական երկրներում այդօրինակ ընտրությունների միաժամանակյա կիրառումը պարզապես հնարավոր չէ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում, օրինակ, նախագահի ընտրությունը տեղի է ունենում յուրաքանչյուր 4 տարին մեկ՝ նահանջ տարում: Իսկ ահա Կոնգրեսի ընտրությունները տեղի են ունենում մասնակիորեն, եւ յուրաքաչնյուր 2 տարին մեկ թարմացվում է ԱՄՆ-ի խորհրդարանի 1/3-ի կազմը:
Ավելին՝ ԱՄՆ-ի պատմության մեջ առավել հաճախակի նախագահը եւ Կոնգրեսի մեծամասնությունը ներկայացրել են տարբեր կուսակցություններ: Արդյունքում, սակայն, սահմանադրական ճգնաժամի կամ առճակատման անվերահսկելի դրսեւորումների ականատես ենք լինում ծայրահեղ դեպքերում, այն էլ եթե հակամարտող կողմերը կորցնում են սթափությունը քաղաքական իրականության նկատմամբ: Ելնելով սահմանադրական փոփոխությունների «Հայեցակարգի» տրամաբանությունից՝ խորհրդարանն ու նախագահը պիտի մշտապես լինեն նույն քաղաքական թիմի ներկայացուցիչ, ինչով էլ «իսպառ» կբացառվեն բոլոր «բացասական հետեւանքները»:
Այս փաստաթուղթը, փաստացիորեն, ծաղրուծանակի է ենթարկում «ժողովրդավարություն» հասկացությունը՝ կրելով ԽՍՀՄ «փառավոր» արժեհամակարգը, ըստ որի՝ իշխանությունը պատկանում է բացառապես Կոմունիստական կուսակցությանը, ինչի մասին կոնկրետ արձանագրում կար հենց ԽՍՀՄ սահմանադրության մեջ: Այս պարագայում հարկ է նոր սահմանադրության մեջ ամրագրել նույն կետը՝ ԽՄԿԿ-ի փոխարեն ոսկեղենիկ տառերով գրել ՀՀԿ, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի:
Ինչ վերաբերում է վորնշյալ պնդման եւ մեր իրականության հակադրության խնդրին, հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանում մինչ օրս նախագահի եւ խորհրդարանի մեծամասնության միջեւ հակադրություն, որպես այդպիսին, չի առաջացել քաղաքական հակառակ թեւերի պատկանելու պատճառով:
Հիշենք, որ 1998թ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից անմիջապես առաջ խորհրդարանը հաջողությամբ համարվում էր նաեւ նախագահի մեծամասնությունը, սակայն իրավիճակը փոխվեց մի գիշերում՝ այն էլ ոչ ամենեւին ընտրությունների արդյունքում ձեւավորված քաղաքական հակակշռի առաջացման, այլ պարզ պալատական հեղաշրջման շնորհիվ: Ավելին՝ 1999թ. խորհրդարանական ընտրություններից հետո Քոչարյանը ու «Միասնություն» դաշինքը տարբեր քաղաքական ուժեր էին ներկայացնում, բայց այն չհանգեցրեց սահմանադրական ճգնաժամի եւ առավել եւս հանրային առճակատման: Դրանից հետո մինչ օրս բոլոր գումարման խորհրդարանները հանդես են եկել նախագահի կույրաղիքի կարգավիճակում, ինչը կտրականապես հերքում է առճակատման մասին կանխատեսումները:
Ցանկացած համակարգ կարելի է անվանարկել, սակայն հարկ է ելնել տեղական առանձնահատկություններից: Ի վերջո, մի՞թե ներկայիս իրավիճակում հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ական մեծամասնության միջեւ քաղաքական առճակատում ստեղծվի՝ չհաշված այլմոլորակայինների «միջամտության» տարբերակը: Հենց ներակայիս «իրավամտածողությունից» ելնելով՝ ողջունելի է ցանկացած քաղաքական հակադրություն, քան թե ներկայիս ճահճային համերաշխությունը, որ փտեցնում է պետության՝ առանց այդ էլ խարխլված հիմքերը: Հայաստանում երբեւէ խորհրդարանի ու նախագահի միջեւ առճակատում չի եղել, եւ կարիք չկա պրիմիտիվ սպեկուլյացիաներով վատաբանել նախագահական համակարգը, ինչպես վարվել են «Հայեցակարգի» հեղինակները:
Հատկանշական է «Հայեցակարգի» հետեւյալ հավելումը. «Նման համակարգը, ըստ գործող Սահմանադրության, պարտադիր է դարձնում նաեւ երկու տարում երկու Կառավարություն ձեւավորելու անհրաժեշտությունը, ինչը զգալի անկայունություն է մտցնում գործադիր իշխանության համակարգում, տնտեսական ոլորտում անորոշություն ու որոշակի անվստահություն ծնող պատճառ է դառնում»:
Այստեղ էլ բռնաբարելով ժողովրդավարության հիմնադրույթները՝ հեղինակները ծուլացել են հայացք ձգել գոնե Հայաստանի փորձին: Նախագահական բոլոր ընտրություններից հետո, բացառությամբ նախագահի փոփոխության, Կառավարության ղեկավարները մնացել են նույնը՝ Հրանտ Բագրատյան (1996), Անդրանիկ Մարգարյան (2003), Տիգրան Սարգսյան (2013): Ակնհայտորեն, խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Կառավարություն չի ձեւավորվել, իսկ նոր նախագահը նախընտրել է իր վարչապետին, ինչը լիովին օրինաչափ է նախագահական կառավարմամբ պետությունների համար: Վերջապես, կառավարությունների փոփոխությունն իրավաչափ է, եւ հասարակական զարգացման տրամաբանությամբ ընթացող այդ գործընթացն արհեստական խաթարելը պետության համար անպայման վատ հետեւանք կունենա:
Նժդեհ Հովսեփյան