Մեկընդմիշտ հիշե՛ք, քանի դեռ հրադադարի պայմանագիրը խախտում է կողմերից թեկուզ մեկը, սահմանին հանգիստ վիճակ լինելու մասին պետք չէ անգամ մտածել: Նման խորհուրդ-հորդոր է տալիս Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը, ով Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածությանը, վստահաբար նշեց, որ սահմանամերձ բոլոր գյուղերի բնակիչների համար օրվա ցանկացած ժամի հնչող կրակոցներն արդեն երկար տարիներ սովորական երևույթ են դարձել:
Մովսեսի գյուղապետը հատնեց, որ մի քանի օր է՝ համեմատաբար հանգիստ վիճակ է, վերջին անգամ կրակոցներ հնչել են նախորդ շաբաթ, այն էլ եղել է դիրքային փոխհրաձգություն. «Հիմնականում Մովսես-Այգեստան ճանապարհով ընթացող ավտոմեքենաների ուղղությամբ են կրակում: Հիմա նախկինի պես չէ, որ ամեն օրուգիշեր կրակոցներ էին»:
Armlur.am-ին սահմանամերձ համայնքների մի շարք ղեկավարներ հայտնեցին, որ հակառակորդն այս ժամանակահատվածում, որպես կանոն, կրակ է բացում այգիներում աշխատող գյուղացիների ուղղությամբ: Բարեբախտաբար, վերջին տվյալներով, որևէ վնաս՝ մարդկային կամ նյութական, մարդիկ չեն կրել, սակայն չեն էլ կարող կանխատեսել՝ ինչպիսին կլինի վաղվա օրը:
Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը ևս մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն մի քանի օր է՝ առաջվա լարվածությունը չկա. «Պարզապես չենք կարող ասել՝ երբ կրակոց կլինի, որ ուղղությամբ կլինի: Օրվա ցանկացած ժամի էլ դրանք կարող են ակտիվանալ: Հիմա, փառք Աստծո, հանգիստ է»:
Գրեթե նույնաբովանդակ նկարագրություն արեց նաև սահմանամերձ Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը: Վերջինիս փոխանցմամբ, վերջին անգամ կրակոցներ հնչել են նախօրեին՝ մոտ 5 րոպե տևողությամբ: Գյուղապետի խոսքով, այստեղ կրակում են և՛ գյուղամեջի ուղղությամբ, և՛ այգեգործ մարդկանց: